Թևակոխում ենք տնտեսական հրաշքների դարաշրջանը

Թևակոխում ենք տնտեսական հրաշքների դարաշրջանը

Փաշինյանի սինգապուրյան այցով Հայաստանում ավարտվում է տնտեսական հեղափոխության փուլը եւ սկսվում է տնտեսական հրաշքի դարաշրջանը: Սիրելի հայրենակիցներ, խոնարհաբար խնդրում եմ՝ ով սրան չի հավատում, թող մի կողմ քաշվի, որ հավատացողները մոտենան եւ ըմբոշխնեն հայրենի կառավարության այս նոր թռիչքը: Առաջ չանցնելով ասեմ, որ ըստ որոշ տեղեկությունների, Սինգապուրի նախագահ Հալիմա Յակոբը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ձեռքը դրել է վերջինիս գլխին ու ասել՝ տարոսը Հայաստանին: Կարծում եմ՝ նա նկատի է ունեցել սինգապուրյան տնտեսական հրաշքը եւ նույնը մաղթել Փաշինյանին:

Այդ «արարողությունն» այնպես է ոգեւորել հայ սինգապուրամետներին, որ նրանք, մոռանալով իրենց եւ վիետնամամետներին միավորող նիկոլամետությունը, քննադատում են Փաշինյանի այցը Վիետնամ՝ այն որակելով «անբովանդակ»: Մի խոսքով՝ Հայաստանում այսօր մեծ են սինգապուրյան տնտեսական հրաշքի սպասելիքները: Ո՛չ ռուսական, ո՛չ եվրոպական, ո՛չ ամերիկյան եւ ո՛չ էլ նույնիսկ չինական. մեզ հենց սինգապուրյան հրաշք է պետք, որովհետեւ հրաշքի սինգապուրյանն է լավը: Մյուսները փորձել ենք արդեն: Ինչ գործ դրել ենք, վերջում կա՛մ խորովածանոց է ստացվել, կա՛մ քյաբաբնոց, ու մնացել ենք էլի էն տրեխով աղքատը:

Ահավասիկ․ հայրենի ԶԼՄ-ները գրել են, որ «սինգապուրյան տնտեսական հրաշքը» վարակիչ օրինակ կարող է հանդիսանալ Հայաստանի կառավարության համար։ Մենք էլ ենք դա ասում, երանի թե հենց «տնտեսական հրաշքը» եւ ոչ թե սինգապուրյան վոյաժները դառնան վարակիչ ՀՀ կառավարության համար: Քիչ չեն դեպքերը, երբ մեր կառավարությունը գրեթե ամբողջ կազմով մեկնում է որեւէ բարեկեցիկ երկիր եւ բերանը բաց ու թեւերը թափ տալով վերադառնում: Եվ այս պահին մեր ուզածն էլ այն է, որ Սինգապուրի նախագահի օրհնանքը Փաշինյանի (ու մեր) վրա լինի: Ասում է՝ այս օրերին կարեւորը մենք ենք եւ Սինգապուրը…

Աշխարհում այդ միակ կղզի քաղաք-պետությունը մեզնից մոտ 35 տարի առաջ է անկախություն նվաճել, 1965-ին՝ դուրս գալով Մալայզիայի կազմից: Հրաշքը Սինգապուրում միանգամից չի սկսվել, բայց հայտնի է, որ սինգապուրյան հրաշքի հեղինակ եւ հռչակավոր վարչապետ Լի Կուան Յուն, այնուամենայնիվ, որոշակի «իզմ»-եր էր դավանում, եւ նրա քայլերը, ի տարբերություն այլ վարչապետների քայլերի, հնարավոր էր հասկանալ եւ բացատրել տրամաբանորեն:

Հենց միայն այն, որ Լի Կուան Յուն իրեն եւ իր կողմնակիցներին «համեստորեն» անվանում էր «անգլիական կրթություն ստացած լիդերների խումբ», խոսում է այն մասին, որ Սինգապուրում տնտեսական հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ թե «դուխով» ու ավելորդ աղմուկով, այլ աշխատանքով ու նվիրումով, ինչպես նաեւ հետապնդել շատ կոնկրետ ու պարզ նպատակ՝ երկիրը դարձնել Հարավ-արեւելյան Ասիայի Լոնդոն, այսինքն՝ առեւտրաֆինանսական կենտրոն:

Որքան էլ զարմանալի է, այդ ուսյալ լիդերներից ոչ մեկի մտքով չի անցել «նախկիններին» բռնել, ասֆալտին փռել, պատերին ծեփել, վեթթինգ անել, դատարաններ փակել, անցումային արդարադատություն մտցնել եւ այլն, եւ այլն: Պատկերացնո՞ւմ եք, նույնիսկ կոռուպցիայի դեմ Սինգապուրում պայքարել են համբերատար, առանց հարայ-հրոցի ու իրենց բարեկամներին ցուցադրաբար «նստացնելու»:

Սինգապուրցիներին այդ ընթացքում, որքան մեզ հայտնի է, երբեք «սեւերի» ու «սպիտակների» չեն բաժանել, թեեւ այդ կղզու բնակչության (մոտ 6 միլիոն) մի զգալի մասը հարելիս է եղել կոմունիստական գաղափարախոսությանը:

Սինգապուրում ամեն ինչ սկսվել է խոշոր ներդրումներից: Կարծում ենք՝  ՀՀ վարչապետ Փաշինյանը ճիշտ ուղու վրա է, եւ կարելի է հուսալ, որ մի օր էլ նրա համառ ջանքերն արդյունք կտան, ու ներդրումներ կլինեն նաեւ Հայաստանում: Պատմում են, որ Սինգապուրում յուրաքանչյուր պոտենցիալ ներդրողի կցված է եղել կառավարության կոնկրետ ներկայացուցիչ, որն այդ ներդրողին ոչ թե «ֆռռացրել» ու գցել է հարկերի տակ, այլ օգնել, որ նա հասնի հաջողության: Կարծում ենք՝ Հայաստանում էլ կարելի է նույնն անել, բայց նախապես կողմնորոշվելով մեր առաջնահերթությունների մեջ:

Այլ խոսքով՝ մենք ներդրողին պետք է կարողանանք բացատրել, թե ինչ ենք ուզում իրենից եւ ինչու: Մինչդեռ պոտենցիալ ներդրողներն այսօր Հայաստանում տեսնում են ինքնասիրահարվածների մի ոգեւորված հանրույթ, որին թվում է, թե կարելի է ժանտախտի ժամանակ հորդացող խրախճանքներով ու հաջողությունների մասին ակնհայտ ստախոսությամբ տպավորություն ստեղծել, թե ներդրումային դաշտը մեզ մոտ գրավիչ է:

Ներդրողը, որքան էլ նրան շլացնես քո «դաշտով», առաջին հերթին հարցնում է՝ իսկ ինչո՞ւ է հայկական կապիտալն արտահոսում ձեր երկրից եւ չի ներդրվում ներսում, ի՞նչ երաշխիքներ կան, որ վաղը, մյուս օրը, «քաղաքական կլիմայի փոփոխությունների» դեպքում, հալածանքների չեն ենթարկվի նաեւ իրենք: Այսինքն՝ շատ կարեւոր է, որ ներդրողն էս գլխից իմանա, թե ի դեմս երկրի կառավարության՝ ում հետ գործ ունի՝ կոնկրետ ռազմավարություն եւ նպատակ ունեցող քաղաքական թիմի՞, թե՞ բոլոր գաղափարները կեղծ կատեգորիաներ հռչակած թեթեւսոլիկների միավորման:

Համարելով, որ «սինգապուրյան տնտեսական հրաշքն» արդեն կիսով չափ մեր գրպանում է՝ կուզենայի մի քանի խոսք էլ նիկոլամետ մամուլում տեղի ունեցած «հրաշքի» մասին ասել: Ի՞նչ է տեղի ունեցել: Ուրեմն այդ մամուլը, Փաշինյանի շքախումբը հազիվ Սինգապուր հասած, նկատել է, որ «սինգապուրյան տնտեսական հրաշքի» հիմնական հետեւանքը մարդու բարեկեցությունն է եղել:

Նկատել են ու տեղնուտեղը գրել. «Դատարկ սառնարաններով հնարավոր չէ շարունակ խոսել տնտեսական հեղափոխության մասին։ Հուսանք՝ Սինգապուրում Նիկոլ Փաշինյանը կհասկանա այս ճշմարտությունն ու այն աքսիոմը, որ պոպուլիզմը բարեփոխումների լավագույն ուղեկիցը չէ»: Ես որքան ջանացի այս նախադասությունը «ճխտել» այն ճառերի մեջ, որոնցով «Հայկական ժամանակ» թերթը ջանում է ժողովրդին համոզել, թե չի կարելի հեղափոխության «լայնքն ու երկայնքը» սեփական ստամոքսի («կերակրատաշտի», «մսուրքի», «լափամանի» (ՀԺ)) պարունակությամբ չափել, չկարողացա:

Մեզ թվում է՝ հիմա էլ փորձում են «տնտեսական հեղափոխության» մեր նախակարապետին «գրանցել» աշխարհում տնտեսական հրաշքներ գործած վարչապետների փաղանգի մեջ: Դատեք ինքներդ՝ Փաշինյանը ո՛չ դես, ո՛չ դեն, որոշել է գնալ Սինգապուրի ճանապարհով, ճանապարհ, որով այս փոքրիկ երկիրը ոչ միայն հաղթահարել է դատարկ սառնարանների պրոբլեմը, այլեւ շատ արագ համալրել աշխարհի ամենահարուստ բնակչությամբ 10 երկրների շարքը:

ՀԳ. Եթե ավելի լուրջ, ապա մենք Փաշինյանի՝ Վիետնամ եւ Սինգապուր այցերի բուն նպատակների եւ արդյունքների մասին լիարժեք պատկերացում կկարողանանք կազմել միայն աշնանը՝ Երեւանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի օրերին, երբ ելույթ ունենա Փաշինյանը: Նա, ըստ երեւույթին, Պուտինին եւ ԵԱՏՄ մյուս ռահվիրաներին կպատմի Եվրասիական տնտեսական միության սահմաններն ընդլայնելու իր ջանքերի մասին, որոնք այս անգամ Վիետնամի եւ Սինգապուրի ուղղությամբ էին (նախորդը Չինաստանն էր):

Իսկ մինչ այդ կարող ենք ըմբոշխնել լուրերն այն մասին, որ Սինգապուրում Նիկոլ Փաշինյանը ներդրողներին խնդրել է միանգամից չլցվել Հայաստան, այլ հերթ կանգնել: Հետեւեք Փաշինյանի խոսնակի ֆեյսբուքյան էջին եւ ամեն ինչ ինքներդ կհասկանաք: