Հանրությունը պետք է իմանա, որ ՀՅԴ-ի որոշումները ո՛չ Հրանտ Մարգարյանն է կայացնում, ո՛չ էլ որևէ անձ

Հանրությունը պետք է իմանա, որ ՀՅԴ-ի որոշումները ո՛չ Հրանտ Մարգարյանն է կայացնում, ո՛չ էլ որևէ անձ
Վահրամ Բալայան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ ուղերձ հղեց ՀՅԴ Ընդհանուր ժողովին՝ իր եւ Հայաստանի նորընտիր խորհրդարանի մեծամասնության անունից, հայտարարելով, որ պատրաստ են համագործակցության ՀՅԴ-ի հետ։

«Մենք նաեւ բաց ենք լինելու ձեր հնչեցրած առաջարկությունների եւ քննադատության հանդեպ»,- ուղերձում նշել էր գործադիրի ղեկավարը։ Ինչպես հայտնի է, հունվարի 15-ից Արցախում մեկնարկել է ՀՅԴ Ընդհանուր ժողովը, եւ այն պետք է ավարտվեր երեկ ուշ երեկոյան, որից հետո Ժողովը կընդունի բանաձեւեր։ Երեկ արդեն Արցախի հետ կապված մի հայտարարություն տարածեցին, որտեղ նշել են, որ «Բանակցությունները պետք է ընթանան Արցախի իշխանությունների լիարժեք մասնակցությամբ, ՀՀ իշխանությունները պարտավոր են միջազգային հարթակներում շարունակել հանդես գալ Արցախի անկախության եւ անվտանգության երաշխավորի հանձնառությամբ»:
Արցախի խորհրդարանի փոխխոսնակ, ՀՅԴ-ական Վահրամ Բալայանի հետ զրուցեցինք վարչապետի առաջարկի եւ ՀՅԴ-ի անելիքների մասին։

- Ինչպե՞ս ՀՅԴ-ում ընդունվեց Նիկոլ Փաշինյանի ուղերձը, եւ պատրա՞ստ եք ընդունել համագործակցության առաջարկը։

- Գիտեք, դա Ընդհանուր ժողովը վերջնական կորոշի, օրակարգն արդեն հրապարակվել է, եւ կա նաեւ ՀՀ-ի հետ հարցերի լուծման բազմաբովանդակ հարց։ Ես շրջանային ժողովում վճռական ձայն չունեմ եւ որոշումների կայացմանը չեմ մասնակցում, բայց կարծում եմ, որ ՀՅԴ-ի հետ համագործակցության անհրաժեշտություն կա։ Իշխանությունը պետք է նման առաջարկ աներ, որովհետեւ, վերջիվերջո, ՀՅԴ-ն հայ իրականության մեջ այն ուժն է, որը նման կենսագրություն ունի, աշխարհում ցանցային կառույց է։ Մեզ համար անչափ կարեւոր է, որ աշխարհում ունենանք ցանցային կառույց՝ լոբբիստական աշխատանքներ կան, միջազգային կառույցներում խնդիրների… Ես Եվրախորհրդարանի հետ բարեկամության հանձնախմբի նախագահն եմ, Հայ դատի գրասենյակի հետ անձամբ աշխատելով՝ տեսնում եմ այդ անհրաժեշտությունը եւ օգտավետ աշխատանքը, որից ո՛չ Արցախի իշխանությունը կարող է հրաժարվել, ո՛չ Հայաստանի։ Ես չեմ ընդունում ՀՅԴ-ի նկատմամբ այդ թուքումուրը, ցեխ շպրտոցին։ Վերջին 6 ամսվա ընթացքում տեղեկատվական դաշտում ՀՅԴ-ի մասին ինչեր ասես, որ չասացին, դա անընդունելի է։ Ամեն ազգ կերազեր, որ մեկ դարից ավելի ընթացքում ստեղծի ցանցային մի կառույց, որը միայն ու միայն աշխատում է այդ ազգի շահերի համար։ Մի կողմից Ադրբեջանն ու Թուրքիան են քարկոծում, մյուս կողմից՝ հայկական մամուլը․ մտածելու շատ հարցեր կան։

- Ձեզ, ըստ ամենայնի, քննադատում են անսկզբունքայնության համար, որ բոլոր իշխանությունների հովանու տակ եք մտնում, իսկ երբ դուրս եք գալիս, սկսում եք անխնա քննադատել, օրինակ՝ Հրանտ Մարգարյանն օրերս կոշտ քննադատեց Փաշինյանին ու նրա իշխանությանը, բայց հեղափոխությունից հինգ պակաս միացել էիք Փաշինյանին։

- Այնպես չէ, որ ծնկի վրա մի թուղթ են ստորագրում եւ ասում՝ այսօրվանից համագործակցում ենք կամ չենք համագործակցում։ Հանրությունը պետք է իմանա, որ ՀՅԴ-ի որոշումները ո՛չ Հրանտ Մարգարյանն է կայացնում, ո՛չ էլ որեւէ անձ։ Դա կոլեկտիվ մարմին է, ավանդույթ գոյություն ունի, կանոնադրություն, որոնց հիման վրա որոշումներ են կայացվում։ Պետք չէ պահի տակ ինչ երազում տեսնում են, ասեն, պետք է լուրջ վերաբերվել մեզ։ Եթե Թուրքիան ու Ադրբեջանն են տարիներ շարունակ մեզանից վախենում, ինչի մասին խոսում են, ասում են՝ «էրմենի դաշնակլար», այսինքն՝ հայ դաշնակցականներ։ Դա նշանակում է, որ իրենք այլ մտահոգություն չունեն, բացի Դաշնակցությունից։

- Բայց ինչո՞ւ եք մտածում, որ սարսափում են ձեզնից, մտահոգում եք իրենց։

- Ասեմ՝ ինչի, վերցրեք Շամիր Բասաեւի գրվածքները Ֆիզուլիում, Աղդամում, դաշնակցականներից բաղկացած գումարտակի հետ բախման ժամանակ, ասում է՝ մենք պետք է երազենք, որ այդպիսի մի կուսակցություն, զորամիավորումներ ունենանք՝ երկիրը պահելու համար։ Առաջին հանրապետության տարածքում առանց պետական  սահման ունեցող երկրի վրա պետական սահման է գծել, այդպիսի կուսակցությանը պետք է պահել, փայփայել ու օգտագործել ի նպաստ Հայաստանի Հանրապետության։ ՀՅԴ-ն որեւէ անձի սեփականությունը չէ, մեր ժողովրդի կամքով ստեղծածն է։

- Բայց ժողովուրդն էլ մերժեց ՀՅԴ-ին, ապացույցն ԱԺ արտահերթ վերջին ընտրություններն էին։

- Չեմ կարծում, թե ժողովուրդը մերժեց։ Ի վերջո, այն ուժերը, որոնք ուղղորդում էին, դրանք դեր խաղացին, հասարակ աշխատավոր ժողովուրդը հեռուստացույց է նայում եւ դրանից կարծիք է կազմում, իսկ ժողովրդին պիտի ճիշտն ասել, պետությունն ինչի՞ համար է, որ ճիշտ ճանապարհով տանեն՝ ի շահ հայոց պետականության եւ ժողովրդի շահի, բայց մենք հակառակ պատկերներն ենք տեսնում, չգիտեմ՝ այդ պատվերը որտեղից է, բայց փաստ է։

- Հիմա ձեզ համագործակցության առաջարկ անող Նիկոլ Փաշինյանը ձեզ հակահեղափոխական հռչակեց, դրան հետեւե՞ց հասարակության համապատասխան արձագանքը։

- Ազգանուններ չեմ ուզում տալ՝ ով է եւ ինչ է, դա սխալ մոտեցում է, պետք է ճիշտ նայել ու գնահատել՝ ի փառս հայության։

- Հիմա, այս ամենից հետո, Նիկոլ Փաշինյանը նորից համագործակցության առաջարկ է անում, ինչպե՞ս եք պատկերացնում։

- Գիտեք, Ընդհանուր ժողովը կկայացնի որոշում, բայց իմ պատկերացմամբ, համագործակցություն ասելով՝ դեռեւս չի նշանակում, որ անպայման պետք է իշխանության մեջ լինես․ համագործակցության հազար տարբերակ կա, որ պետք է աշխատվի, դրանում խոսք չկա, իսկ ֆորմատները, ձեւերն ինչպես են լինելու, ես չեմ կարող ասել, դա իմ որոշելիքը չէ։