Սպառնալիքն անվտանգություն է

Սպառնալիքն անվտանգություն է

Որքան հիշում եմ, իր «հանճարեղ» գրվածքում Նիկոլը ժամանակին համարյա թե պատերազմի գովքն էր անում: Եթե չեմ սխալվում՝ դա դիտարկում էր որպես մաքրագործման ճանապարհ: Ինչևէ, այսօր պատերազմն արդեն մաքրագործման ճանապարհ չէ: Այն նախորդ պատերազմից խեղճացած ժողովրդին հերթական անգամ խեղճացնելու եղանակ է: Ինչն արդեն տեղի է ունենում թշնամի և միաժամանակ «եղբայրական»՝ «Իլհամ-Նիկոլ» զույգի միջոցով: Թշնամի, քանի որ դրանց ղեկավարած պետությունների շահերը հակընդդեմ են: «Եղբայրական», քանի որ այդ պետությունների ղեկավարների շահերն օբյեկտիվորեն համադրվում են՝ որքան էլ դա առաջին հայացքից աննորմալ թվա:

Իհարկե, հարազատ եղբայրները ևս կարող են վերածվել թշնամիների: Օսմանյան աշխարհում ընդունված էր, օրինակ, որ հանուն գահի պահպանման սուլթանները գլխատել էին տալիս իրենց եղբայրներին: Ինչն, ի դեպ, ամրագրված էր նաև հատուկ սուլթանական հրովարտակով: Բայց ի տարբերություն արյունակից եղբայրների՝ «Իլհամ-Նիկոլ» զույգի հարազատությունը տվյալ դեպքում գալիս է մեկի հզորությունից ու մյուսի խեղճությունից: Ճիշտ այնպես, ինչպես մագնիսի՝ հակադարձ ուղղվածությամբ լիցքերով կտորներն են ձգում միմյանց: Բայց այդ զույգի բաղադրիչներն ավելի խորը դիտարկելու դեպքում կտեսնենք, որ առաջինի հզորությունն իրականում կեղծ է: Բայց երկրորդի խեղճությունն այնքան մեծ է, որը բախվելով հզորության դիմակին՝ դիմացինի մեջ դեմքն ու դիմակը չի տարբերակում: Ու դրա հետևանքով փորձում է խեղճացնել նաև «սեփական» ժողովրդին:

«Սեփական» բառը չակերտավոր, քանի որ, նույնիսկ հեռու լինելով դավադրապաշտությունից, արդեն մտածում եմ վերջինիս արյան մեջ հայկական արմատների բացակայության մասին: Միայն այդ դեպքում է հնարավոր, որպեսզի որևէ երկրի ղեկավար իր ղեկավարած պետության ազգաբնակչության նկատմամբ ունենա այնպիսի վերաբերմունք, ինչպիսին առկա է Նիկոլի դեպքում: Եվ այն էլ պայմանավորված լինի ընդամենը անձնական շահերով: Այսինքն՝ իր ու իր ընտանիքի անվտանգության և ունեցվածքի ապահովման, և այդ ամենի գարանտ՝ իշխանության պահպանության մղումներով: Այդ պարագայում, բնականաբար, թշնամուն կհանձնվեն թե՛ Սյունիքի, թե՛ Վայոց Ձորի, թե՛ Գեղարքունիքի և թե՛ Տավուշի գյուղերն ու ճանապարհները: Հետո ինչ, որ դրա հետևանքով այդ տարածքների բնակիչների անվտանգությունը կընկնի հարվածի տակ: Կա՛մ նրանց ունեցվածքը կանցնի թշնամու ձեռքը և կա՛մ էլ այն կդադարի օգտագործվելուց և եկամուտ ապահովելուց:

Կարևորը պատերազմ, ինչն ամենայն հավանականությամբ հանգեցնելու է իր իշխանության կորստին, չլինելն է: Ու դրա հետ միասին ամեն ինչի տապալմանը: Ու այդ պատճառով էլ սահմանային բնակավայրերի բնակիչներին կարելի է վախեցնել պատերազմով: Միաժամանակ դա ներկայացնելով որպես ինչ-որ հատվածում սահմանների ճշգրտման գործընթաց, որի այլընտրանքը հենց պատերազմն է: Ու այդ հիմքով նրանց համոզելը, որ այն ամենը, ինչ արվում է իր կողմից հանուն իր իշխանության պահպանման, արվում է ի շահ այդ բնակիչների: Երևի աշխարհի բոլոր պոպուլիստ ու ստի ու կեղծիքի «ասպետ» ղեկավարները՝ կենդանի թե մեռած, կնախանձեին կեպին գլխին՝ թիֆլիսյան կինտոյի կերպարանքով եվրոպաներում ֆրֆռացող այդ անձին: Ի դեպ, միայն այդ մակարդակի պոպուլիստը կարող էր բնակիչներին համոզել, որ կոնկրետ Ոսկեպար և Կիրանց գյուղերիի համար արվելիքը նպատակ ունի ապահովելու այդ գյուղերի անվտանգությունը: Իրականում, ինչպես հենց գյուղացիներն են նշել, այդպիսի սահմանային ճշգրտմամբ հարվածի տակ է դրվելու հենց իրենց անվտանգությունը: Ստացվեց ճիշտ հակաուտոպիստական ոճով՝ սպառնալիքն անվտանգություն է: