Կոտրել են ԱՄՆ դեսպանի էլ․փոստը․ մանրամասներ

Կոտրել են ԱՄՆ դեսպանի էլ․փոստը․ մանրամասներ

Հաքերները կոտրել են Պեկինում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բըրնսի էլեկտրոնային փոստը, ինչի հետևանքով նրանց ձեռքի տակ են հայտնվել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հարյուրհազարավոր հաղորդագրություններ: 
Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

Նշվում է, որ հաքերները, որոնք ենթադրաբար կապ ունեն Չինաստանի հետ, կարող էին կոտրել նաև ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի գործերով օգնական Դենիել Քրիտենբրինկի էլեկտրոնային փոստի հաշիվը, որը ԱՄՆ պետդեպարտամենտում վերահսկում է արևելաասիական ուղղությունը:

Բըրնսի և Քրիտենբրինկի էլեկտրոնային փոստերում առկա տեղեկությունները կարող են թույլ տալ հաքերներին պատկերացում կազմել Վաշինգտոնի կողմից ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների այցերի պլանավորման, ինչպես նաև Չինաստանի ուղղությամբ ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ միջգերատեսչական քննարկումների մասին: