Արցախը հետ չբերելու այլընտրանքը

Արցախը հետ չբերելու այլընտրանքը

«Ինչպես Կարսը հետ բերեցինք, այնպես էլ հետ կբերենք Արցախը» դատողությունն այսօր շրջում է հայկական ֆեյսբուքում: Առաջին հայացքից այն անխոցելի է: 100 տարի առաջ, Հայաստանի առաջին հանրապետության ժամանակ մեր նախնիները չկարողացան դիմագրավել թուրքական հարձակմանը: Եվ թուրքերին հանձնվեց ոչ միայն Կարսը, այլև 30 հազար քառ/կմ տարածք: Բայց վերհիշենք, թե ինչպիսի անելանելի վիճակում էր գտնվում Առաջին հանրապետության կառավարությունը: Օբյեկտիվ բազմաթիվ բարդություններին գումարվել էր սուբյեկտիվ կողմը՝ ժամանակաշրջանի տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների հորձանոտում կողմնորոշվել չկարողանալը: Տարածաշրջանային ասելով նկատի ունեմ ոչ միան Հարավային Կովկասը և նույնիսկ ոչ ամբողջական Կովկասը: Տարածաշրջանի մեջ պետք է դիտարկվի Մերձավոր Արևելքը՝ Օսմանյան կործանվող կայսրության ողջ արևելյան մասը: Ինչի արդյունքում Հայաստանը ստիպված էր խաղաղություն մուրալ թուրքերից՝ պահպանելով 10-12 հազար քառ/կմ տարածք ու վերածվելով թուրքական գաղութի: Եթե, իհարկե, բոլշևիկները չխոչընդոտեին Ալեքսանդրոպոլի պայմանագրի իրականացմանը:  

Երկրորդ, ներառվելով Սովետական Միության կազմում՝ Հայաստանի երկրորդ հանրապետությունն ամբողջովին կորցրել էր ինքնիշխանությունը: Ինչը նշանակում է, որ Կարսը ետ բերելու առումով ոչինչ անել չէր կարողանալու՝ եթե նույնիսկ ցանկանար: Շեշտում եմ ցանկանալու պահը, քանի որ հայ բոլշևիկներն իրենց մեծամասնության մեջ զուրկ էին ազգային- հայրենասիրական մղումներից: Նրանց համար Հայաստանն ընդամենը տարածք էր՝ միութենական մեծ տարածքի մի աննշան մասը, որում պետք է կյանքի կոչվեր համաշխարհային պրոլետարիատի իշխանությունը: Դե, Կարսում ու մնացած տարածքներում էլ այն կյանքի կկոչվեր թուրք «բոլշևիկների» ուժերով: Այնպես որ Կարսը ետ բերելու կամ չբերելու խնդիրը կախված էր, նախ, միջազգային իրադրությունից և, ապա, ցարական կառավարությանը փոխարինած սովետական ղեկավարության կամքից:   

Հայաստանի երրորդ հանրապետությունը, որքան էլ լիներ ինքնիշխան, չէր կարող դնել Կարսի և մնացած 30 հազարի վերադարձի խնդիրը: Որովհետև Թուրքիան, որպես Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, պաշտպանված է նրա կողմից: Եվ վաղուց արդեն Արևմտյան Հայաստանն ընկալվում է որպես Թուրքիայի տարածք՝ դժբախտաբար: Սակայն այդպիսին չէ իրավիճակն Արցախի առումով: Արցախյան պարտությունը դեռևս թարմ է մարդկանց հիշողության մեջ: Թարմ է նաև արցախցիների՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքի հիշողությունը: Իսկ այն իրացնելու ճանապարհին, կրկին դժբախտաբար, առկա են ներքին և արտաքին խոչընդոտներ: Առաջինը, բնականաբար, ներքին խոչընդոտն է՝ Փաշինյան Նիկոլի իշխանությունը: Եթե կարողանանք նրան հեռացնել իշխանությունից, ապա արտաքին խոչընդոտները հաղթահարելու առաջին քայլը պետք է լինի պետության հզորացումը (տնտեսություն, բանակ, ժողովրդագրություն և այլն) ու երկրի ներսում օրինականության և արդարության վերականգնումը: Երկրորդ քայլը՝ առաջինին զուգահեռ, կլինի արտաքին դերակատարների հետ հարաբերությունների բարելավումը: Իսկ երրորդ քայլն արդեն կլինի թշնամուն տեղը դնելն ու Արցախի ազատագրումը: Իսկ որ դա հնարավոր է՝ ցույց տվեց Իսրայելի վրա պաղեստինյան ընդամենը 1200 զինյալների հարձակումն ու առաջին օրերի հաջողությունը:  

Վերը նկարագրվածի այլընտրանքը խաղաղություն մուրալու նիկոլական քաղաքականությունն է: Եվ նրանք, ովքեր պատերազմից խուսափելու միտումով աջակցում են Փաշինյան Նիկոլի այդ քաղաքականությանը, անկախ իրենց կամքից մոտեցնում են հաջորդ պատերազմը: Որովհետև պատերազմի վտանգն առաջանում է ոչ թե խաղաղության բացակայությունից՝ ինչպես փորձում է մարդկանց խաբել Նիկոլը, այլ խաղաղություն մուրալուց: Այսինքն, հանուն խաղաղության թշնամու առաջ անընդհատ ծնկի գալուց ու նրա բոլոր պահանջները բավարարելուց: Որովհետև դրա ընթացքում չեն կարող չհայտնվել այնպիսի պահանջներ՝ ինչպիսին, օրինակ, «Զանգեզուրի միջանցքը» վերադարձնելն է, որի բավարարումից հետո անկախության, ինքնիշխանության ու ընդհանրապես պետականության պահպանման մասին ավելորդ կլինի մտածելը: Կրկին վերհիշենք Արքսանդրոպոլի պայմանագիրը: Եվ մեզ կմնա ազգովի հեռանալ մեր հայրենիքից ու մոռանալ դրա գոյության մասին: Հենց ազգովի, քանի որ թե՛ արևելքի ու թե՛ արևմուտքի թուրքերին մեր հողատարածքն անհրաժեշտ է առանց մեզ: