Տղայիս ծեծել են, շալվարը հանել, նկարել և տվել պարոն Ապերին. «Վստրեչի Ապերի» գործով տուժողի հայր

Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց։ Այն կշարունակվի հունվարի 17֊ին։

Նիստի ավարտից հետո տուժող ճանաչված Մամիկոն Բագրատունու հայրը՝ Սուրեն Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամբաստանյալներ Արամ Վարդանյանն ու Գարեգին Իսկանդարյանը «զակազ» են կատարել. «2012 թվականին Բարխոյան Արմինեն եւ Այվազյան Նարինեն եկան իմ տղային ուզելու Նարինեի համար։ Ես ասի՝ մոդեն փոխվե՞լ ա, վերջը եկան։ Ծանոթացանք։ Իմ տղեն 2017 թվին բաժանվավ, մինչեւ էդ, ես Արմինեին ասել էի՝ իմ տղու վրա մեղր ա քսած, ասեց՝ դավաճանի՞ իմ աղջկան, ոտերը ջարդելու եմ, շալվարը հագից կհանեմ, կվտարեմ ստեղի»ց։

Արամ Վարդանյանը կատարել է Նարինեի եւ Արմինեի «զակազը»։ 

Անդրադառնալով Արամ Վարդանյանի մասնակցությանը՝ Զոհրաբյանը պատասխանեց. «Տղայիս տարել են, ծեծել են, դրանից հետո Սերժի ձայն հավաքողները եկել են, տարել են, ծեծել են, շալվարը հանել են, նկարել են, տվել պարոն Ապերին։ Ապերն էլ զանգել է Արմինեին»։ 

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում Մամիկոն Բագրատունին հաղորդում էր տվել, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում մի սուպերմարկետի մոտից «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը և մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով առևանգել են իրեն, տեղափոխել Վարդանյանին պատկանող Արցախի փողոցի մի շինություն, տևական ժամանակ իր կամքին հակառակ պահել այնտեղ, ծեծի ենթարկել ու մարմնական վնասվածքներ պատճառել: