Իրականության ֆանտասմագորիայից՝ պատմության Ասող

Իրականության ֆանտասմագորիայից՝ պատմության Ասող

Նորեկ Գասպարյան հեռուստալրագրո՞ղն ազգանունը կրճատել, դարձել է բանաստեղծ Նորեկ, թե՞ բանաստեղծ Նորեկն է տարիներ ի վեր ներսում բանաստեղծին «խեղդել» եւ Նորեկ Գասպարյան անունով օրախնդիր հաղորդումներ վարել՝ դատավորը ես չեմ: Ժամանակն է, որ իմպերիայի կործանման ծանր գլանատոփանի նման անցավ 80-ականների սկզբին գրականություն ստեղծող նրա սերնդի վրայով եւ պարտադրեց բոլորովին այլ վարք եւ ինքնադրսեւորում, քան նախանշված էր ի վերուստ կամ, գուցե, սերունդն էր իրեն վերագրել՝ որպես նախորդների ընձյուղման հետեւորդ ու նոր նվաճումների քաջամարտիկ: Անքննելի է Բանի մշակի գործը: Իր ճանապարհի ճյուղավորումները նա ինքն է տնօրինում:

Նորեկ Գասպարյանը բանաստեղծ է նաեւ հեռուստահաղորդումներում եւ՝ ոչ սոսկական նկարագրող կամ տարեգիր: Հեռուստաէկրանից հնչող նույնիսկ հետնակադրային նրա խոսքի ռիթմը բանաստեղծական է: Սա ինչու՞ եմ ասում: Որովհետեւ կարդում եմ նրա «Մեծ դուռ» գիրքը: Ավանդական քննադատությունն ի՞նչ էր անում: Վերցնում էր չգիտես ո՞ր իրավունքով իր ձեռքին հայտնված նշտարը, հերձում գրական երկը, ի ցույց դնում «դրական» եւ «բացասական»  հերոսներին՝ հանրային-պատմաքաղաքական ընկալումը պարտադրելով հեղինակին, իսկ ամենավերջում՝ տալիս մի քանի «հույժ կարեւոր խորհուրդ»: Այնքան ժամանակ, մինչեւ գրականությունն  ըմբոստացավ, եւ Հրանտ Մաթեւոսյաը յուրահատուկ նրբանկատությամբ քննադատներին հորդորեց կամ  համաքայլ լինել, կամ առհասարակ իր Գործի մասին լռել: Այդպես: Հիմա չգիտեմ՝ Նորեկի հետ համաքա՞յլ եմ, թե՞ մնացել եմ «դասական» ժամանակներում, բայց նրա գրքի մեջ տեսնում եմ իրականության ֆանտասմագորիան, Քաղաքի մի կերպար, որ եթե իրականության հետ հաշտ է, ապա՝ շնորհիվ հեղինակի գուրգուրանքի:

Սոսկական  պատմողը Քաղաքը պիտի ներկայացներ թուրքի-հայի թշնամանքից աղճատված: Ինքը մի սիմվոլիկայով հարցը փակել է: Բառացի չէ, իմաստն եմ մեջբերում, ասում է՝ եթե չլիներ աքլորակռիվը, մարդիկ իրար միս կուտեին: Ահա ֆանտասմագորիան: Ահա գեղարվեստականացման գյուտը: Կարող եմ ասել՝ աշխարհընկալման մեկնակետը, որից պատումներ են ճյուղավորվում: Գեղեցիկ, հակասությունները չբացող, մանավանդ՝ անհանդուրժողականությունից շա՜տ բարձր, որ Քաղաքը գենետիկորեն իրենը համարողի վկայումներ են: Ավելին հաջորդները կասեն, եթե ցանկություն եւ կարողություն ունենան: Ինքը նախորդների դրած սոցիալական եւ էթնիկ բեւեռացման ծանր կնիքը հաղթահարել է: Այդ Քաղաքում բոլորը հավասար են, բայց յուրաքանչյուրն իր խենթությամբ բացառիկ է: Առանձին պատումներ հիշատակելու, հերոսներ եւ, մանավանդ, նրանց վարք գնահատելու հարկ չկա:

«Մեծ դուռը» վստահաբար կարելի է կոչել վեպ-ժամանակագրություն: Քրոնիկոն, որի գեղարվեստական ,,կեղեւը,, բանաստեղծական անվերապահ հավատարմությունն է հեղինակային Ես-ին, ինչը, բնականաբար, երաշխավորում է «ներսի» պտղավորությունը: Ինչպես ընկույզի խեղեփն է հուշում միջուկի նույնիսկ համը, եթե ընդամենը քաղքենի գնորդ չես: Մի բուռ ընկույզի հիշողություն դեռ ունես: Էլ ի՞նչ եմ ասելու: Երեւի այդ Քաղաքի մերայնությունն արդեն կատարված-ավարտված եւ անշրջելի իրողություն է: Որովհետեւ այդքան անչար հայացք միայն Քաղաքն իրեն վերադրաձրածը կարող է ունենալ: Եթե ճիշտ է, որ մի ընթացք ամփոփվում,  արժեք է դառնում գրականության օրհնությամբ, ուրեմն Նորեկին է վիճակվել այդ իրողությունն ավետելու բախտը: Կամ, թերեւս, ինքն է իրեն բարձրացրել իրականության ֆանտասմագորիայից պատմա-քաղաքական փաստ գեղարվեստականացնողի պատասխանատու աստիճանի՝ դառնալով Ասող: