Հարկային օրենսդրության բարեփոխումների որոշ հարցերի շուրջ

Հարկային օրենսդրության բարեփոխումների որոշ հարցերի շուրջ
Մհեր Փարվանյան

Վերջերս հանրության դատին ներկայացվեց Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթը։ Նույնիսկ ամենամեծ քաղաքական նախապատվությունների առկայության պարագայում այն չես կարող անվանել համակարգային բարեփոխում։

Առհասարակ այդ փաթեթը բազմաթիվ հարցեր է առաջացնում միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկի սուբյեկտների շրջանակի սահմանափակումից մինչև 5 գրամ և ավել շաքար պարունակող ըմպելքիները ակցիզային հարկով հարկելու գաղափարը, հարկային դաշտի առանց այն էլ ոչ լիարժեք կայունություն երաշխավորող դրույթի վերացումից մինչև հարկային օրենսդրությունը կարկատաններով զարգացնելու պրակտիկան։

Ակնհայտ է, որ համակարգային բարեփոխում հնարավոր է բացառապես համակարգային մոտեցման պարագայում։ Այս համատեքստում հարկային օրենսդրության բարեփոխումները պետք է իրականացվեն հետևյալ երեք հարթությունների շահերի խաչմերուկում։

    • Պետության կարճաժամկետ ոլորտային նպատակների, մասնավորապես պետական բյուջեի եկամուտների ապահովման և հարկային արդյունավետ վարչարարության  հաշվառմամբ,

    • Բիզնեսի շահերի, մասնավորապես ընդունելի հարկային բեռի և հարկային վերահսկողության մեղմացման հաշվառմամբ,

    • Տնտեսության երկարաժամկետ թիրախների, մասնավորապես մակրո մակարդակում հարկային դաշտի  դրական և բացասական արդյուքների վերլուծության, կանխատեսման հաշվառմամբ։
Տարիներ շարունակ հարկային օրենսդրությունը մշակվել է մեծ հաշվով հաշվի առնելով միայն վերոնշվածներից առաջին կետը։ Ինչպես նաև պետք է արձանագրել, որ ներկայացված փաթեթը մշակված է նույն ոճով։ Այս համատեքստում հարկ է նշել, որ քննարկումների վեկտոր որդեգրել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, որը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրել կարծիքներ ստանալու մասին։

Միևնույն ժամանակ բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունը շատ դեպքերում թույլ չի տալիս իրականացնել առարկայական քննարկումներ, մասնավորապես թվարկված կետերից 3-րդի մասով։ Ներկայացված փաթեթում ներառված դրույթներից շատերը  հիմնավորվում են «միջազգային փորձի ուսումնասիրությամբ»։ Այստեղ առնվազն առաջանում են հետևյալ հարցերը․

    • Որ երկրների փորձն է ուսումնասիրվել և ինչ խորությամբ, արդյոք այդ երկների տնտեսությունները իրենց կառուցվածքով և խնդիրներով հնարավոր է նույնացնել ՀՀ-ի հետ,

    • Ինչ մակրոտնտեսական կանխատեսումներ կան փաթեթի ձևավորման հիմքում, օրինակ ըմպելքիները ակցիզային հարկով հարկելը ինչ ազդեցություն կունենա ոլորտի սպառման վրա կամ եկամտային հարկի համահարթ դրույքաչափը թվային ինչ փոփոխություն կբերի Ջինիի գործակցում,

    • Ինչ կանխատեսումներ կան բյուջեի մուտքերի մասով և ինչ գործոններ կան դրա հիմքում, օրինակ ինչպես է կանխատեսվել ծխախոտի գծով ակցիզային հարկից մուտքերը՝ հաշվի առնելով գնի բարձրացման հետևանքով սպառման հնարավոր նվազումը։

    • Ինչ վիճակագրությամբ է հիմնավորվում ներյացաված «նախորդ տարիների փորձը»։
Միով բանիվ հարկային արդյունավետ բարեփոխումներ հնարավոր է իրականացնել բացառապես տարբեր շահեր ներկայացնող մասնագետների լայն շրջանակի ներգրավմամբ և հանրությանը հնարավորինս ամբողջական հիմնավոր տեղեկատվության տրամադրմամբ։ 

Մհեր Փարվանյան,տնտեսագետ
«Փարվանյան Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության գլխավոր տնօրեն