Զրույց մայրության շուրջ

Զրույց մայրության շուրջ

Հարցազրույց հոգեբան, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Եվրոպայի ասոցացված պրոֆեսոր Արմինե Մանուկյանի հետ․

- Տիկին Մանուկյան, ո՞րն է լավ մայր լինելու գլխավոր նախապայմանը:

- Սերը, սեր` դեպի երեխադ: Մոր սերն ավելի շատ բնազդային է, որեւէ կերպ այն գիտակցաբար չի կառավարվում, քանի որ մայրը չի կարող իր երեխային չսիրել, քիչ սիրել կամ շատ սիրել: Դա բացարձակ զգացողություն է:  Սակայն այդ սիրո մեջ պետք է դնել ոչ թե գերհոգատարություն, այլ հոգատարություն, որն ունի որոշակի չափ, եւ որի արդյունքում քո երեխան իր ինքնությունից ու ինքնուրույնությունից չի զրկվում: Քանի որ եթե առկա է գերհոգատարություն, ապա երեխան հետագայում որպես պատասխանատու անձ ձեւավորվել չի կարող: Նա իր գործողությունների ու որոշումների համար որեւէ պատասխանատվություն չի կրում, քանի որ ամբողջ պատասխանատվությունը երեխայի կյանքի համար իր վրա վերցնում է մայրը: Այս դեպքում, երբ երեխան մեծանում ու ինքնուրույնանում է, դառնում է անպատասխանատու: Ես կարծում եմ, որ չի կարելի երեխային ինչ-որ բան կտրուկ արգելել, կտրուկ խրախուսել, մոր խնդիրը պետք է լինի այն, որ յուրաքանչյուր քայլի հետ կապված, ելնելով սեփական փորձից,  հետեւանքների մասին զգուշացնի իր երեխային: Ընտրությունն ամեն դեպքում պետք է թողնել երեխային: Իհարկե, եթե մայրն ուզում է, որ իր երեխան անի այս կամ այն քայլը, պետք է ուղղորդի նրան: Այսինքն` իր տված խորհրդի ու նախազգուշացման մեջ մայրը պետք է աննկատ դնի իր ուղղորդումը, որպեսզի երեխան ինքնուրույն կայացնի որոշում, բայց այն լինի նաեւ մոր տեսանկյունից ամենաճիշտը: 

- Երեխայի հետ ամուր ու վստահելի կապ հաստատելն ու պահպանելը կարեւոր նշանակություն ունեն: Ինչպե՞ս այդ կապը ստեղծել երեխայի հետ:

- Միայն եւ միայն ընկերության միջոցով: Երբ մարդը սաղմնավորվում է մոր արգանդում, նա արդեն ընկերոջ հետ է, այսինքն` մայրական ընկերքը երեխայի ընկերն է դառնում: Բոլոր ջերմ ու վստահելի հարաբերությունների հիմքում` թե՛ մայր-երեխա, թե՛ կին-տղամարդ, պետք է ընկած լինի ընկերությունը: Եթե մայրն իր երեխաների հետ ընկեր է, ապա այդ հարաբերությունները չեն կարող չլինել ջերմ եւ վստահելի: Եթե մայրը երեխաների հետ հարաբերվում է որպես պաշտոնատար անձ, այսինքն` ես մայրն եմ, տարիքով, փորձով, գիտակցությամբ ու իմացությամբ ավելի բարձր եմ քեզնից, հետեւաբար, դու պիտի անվերապահորեն ինձ լսես ու ենթարկվես, բնականաբար, այս պարագայում ջերմ հարաբերություններ երեխայի հետ չեն կարող լինել: 

- Այսինքն` երեխան պետք է զգա, որ մոր հետ հավասա՞ր է:

- Ո՛չ, իհարկե, պարտադիր չէ, որ ընկերդ քեզ հավասար լինի: Մենք կարող ենք ընկերություն անել տարիքով մեծ կամ կարգավիճակով ավելի բարձր մարդու հետ, սակայն դա չի նշանակում, որ մենք հավասար ենք: Այսինքն` ընկերության գաղափարը չի ենթադրում հավասարություն, այն ենթադրում է վստահություն:

- Իսկ ո՞րն է մոր գլխավոր առաքելությունը:

- Եթե դիտարկենք մոր բնազդային դրսեւորման տեսանկյունից, ապա այստեղ գերակայում է երեխայի պաշտպանությունը: Իսկ մյուս հարթակներում մոր հիմնական առաքելությունը լավ մարդ ձեւավորելն է: Տեսե՛ք` ես չեմ ասում՝ դաստիարակելը, ես ասում եմ՝ ձեւավորելը: Պետք է լավ օրինակ լինել երեխայի համար, քանի որ որքան էլ մոր խոսքը, թվում է, կարող է ազդեցիկ լինել, բնավ, եթե մոր խոսքը չի համապատասխանում իր կերպարին ու դրսեւորումներին, ապա այդ խոսքն ունի զրոյական ազդեցություն: Բայց եթե կա մոր կերպարը, որը երեխայի համար օրինակելի է, ում երեխան ձգտում է նմանվել, որը երեխան ընդունում է, ապա այստեղ մոր առաքելությունը կարելի է համարել կատարված: 

- Այս առումով կա՞ տարբերություն տղա եւ աղջիկ երեխաների դեպքում:

- Իհարկե, կա մեծ տարբերություն, քանի որ կան սեռային առանձնահատկություններ: Օրինակ` մոր ներգործությունը դստեր վրա շատ ավելի հզոր է, քանի որ նրանք միեւնույն սեռի ներկայացուցիչներ են, եւ մոր կենսակերպը մոտ է դստեր կենսակերպին: Սակայն տղայի դեպքում մի հետաքրքիր դիտարկում կա, որ ընդունված է հոգեբանության մեջ: Ասում են, որ հատկապես տղայի եւ մոր միջեւ ամբողջ կյանքում  պորտալարն այդպես էլ չի կտրվում: Տղայի համար մոր կերպարն առաջին հերթին կնոջ կերպար է, որի համեմատ նա հետագայում իր կողակցի ընտրությունն է անում: Երբեմն էլ լինում է, երբ մոր կերպարին հակառակ կերպար է ընտրում, երբ վերջինս իր համար հարիր ու ընդունելի չէ:

- Մենք բոլորս ծնունդով մանկությունից ենք: Մոր մոտեցումն ու վերաբերմունքն ինչպե՞ս կարող են ազդել մեր կյանքի հետագա ընթացքի վրա:

- Մոր ազդեցությունը շատ մեծ է, այո՛: Նախ, մայրը միշտ իր երեխաների մեջ պետք է սերմանի պաշտպանվածության զգացողություն, սա նշանակում է երեխայի մեջ սերմանել այնպիսի հատկանիշներ, որ ինքը կարողանա ինքնապաշտպանվել եւ ունենա բարձր ինքնագնահատական: Քանի որ եթե մայրը ճնշում է երեխային` թեկուզ իր դոմինանտ կերպարով, երեխայի մոտ թերարժեքության բարդույթ է առաջանում, ընկնում է ինքնագնահատականը, եւ հետագայում` հասուն տարիքում, այդ ամենն արտացոլվում է սոցիալականացման վրա: Այս մոտեցումը պիտի որդեգրել երեխայի սաղմնավորման պահից: Սաղմը շատ լավ է զգում` ինչ վերաբերմունք ունի մայրն իր նկատմամբ: Եթե երեխան ցանկալի է, սպասված ու սիրելի, նույնիսկ երբ մայրը շոյում է փորիկը, զրուցում է երեխայի հետ` ապահովելով միայն դրական հույզեր, ապա երեխայի մեջ այդ 9 ամսվա ընթացքում ձեւավորվում են ինքնավստահության, ցանկալի լինելու սաղմերը, ինչը տեղափոխվում է հետագա սոցիալականացման փուլեր: Շատ կարեւոր է նաեւ, որ միեւնույն ընտանիքում մեծացող որեւէ երեխայի մոտ չձեւավորվի զգացողություն, որ, օրինակ, «եղբորս ավելի շատ են սիրում, քան ինձ», «քրոջս համար ավելի շատ են անում, քան ինձ համար»: Երեխան ընտանիքում իրեն պետք է զգա որպես լիիրավ ու լիարժեք անդամ:

- Երեխային ասված խոսքն ու բառն ինչպիսի՞ ազդեցություն են թողնում:

- Ճիշտ ասված խոսքը շատ կարեւոր է: Խոսքերի մեջ էլ պետք է պահել ողջամտությունը: Օրինակ` երբեք չի կարելի Արմենին ասել Արմենչիկ, քանի որ այդ «չիկը» մխրճվում է երեխայի ենթագիտակցության մեջ, եւ նա այդպես էլ չի հասունանում նույնիսկ 40 տարեկանում: Դա որոշակի դիրքորոշում է, որ ինքը միշտ փոքր է եւ միշտ ունի ծնողների հոգածության կարիքը: Մյուս կողմից էլ` մի տարածված մոտեցում կա հայերի մեջ` «տղաները չեն լացում», «դու տղա՞ ես, ո՛չ, դու ղզիկ ես»: Սա նույնպես անթույլատրելի է, քանի որ տղան նույնպես մարդ է, ով ունի հույզեր, զգացմունքներ, եւ այդ լացը, որը տղան ստիպված պահում է իր մեջ, հետագայում առաջացնում է շատ մեծ բարդույթներ, հոգեբանական խնդիրներ: Սա կարող է ազդել նաեւ երեխայի սեռային կողմնորոշման վրա: Տղամարդը դառնում է դաժան, կոնֆլիկտային, անհաղորդ ուրիշների խնդիրներին, եսակենտրոն, ինքնամփոփ, ապրումակցում չի ունենում, եւ հետագայում սա դառնում է ընտանիքների ու հարաբերությունների քայքայման աղբյուր, որովհետեւ հենց այդ հատկանիշը թույլ չի տալիս, որ ամուսինները զրուցեն: Այսինքն` նման ներգործության ներքո մեծացած տղամարդը չի արտահայտում իր հույզերը: Օրինակ` նա ունի զրուցելու կարիք կնոջ հետ, սակայն իր ենթագիտակցության մեջ նստած է, որ տղամարդը չի լացում, տղամարդը չի կիսվում, տղամարդը չպետք է թուլություն ցուցաբերի: Իսկ երբ երեխան մեծանում է ընտանիքում, որտեղ իրեն լսում են, մեծանալով՝ ինքը սովորում է լսել: 

- Ինչպե՞ս լինել հեղինակություն երեխայի համար:

- Եթե մոր կերպարն ընդունելի է երեխայի համար, ուրեմն նա արդեն հեղինակություն է: Դա հասկանալու համար պետք է զգալ` քո երեխան հպարտանո՞ւմ է քեզանով, քո ներկայությամբ: Ես` որպես մայր, արել եմ ամեն բան, որ իմ արտաքինը, անունը, ճանաչումը, շրջապատը, բոլոր այն բաղադրիչները, որոնք կանխորոշում են իմ սոցիալական կարգավիճակը, երեխաներիս համար ակնածանքի աղբյուր դառնան: Այդ ամենն էլ անպայման նպաստում է, որպեսզի՝ որպես մայր, դու կարողանաս ձեւավորել լավ մարդկանց: Իսկ դա ամենակարեւորն է:

- Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ մայրերին:

- Խորհուրդ կտայի, որ մայրերն իրենց կերպարը չփոխարինեն մեդիատեխնոլոգիաներով, այն թանկ ժամանակը, որն իրենք պետք է անցկացնեն իրենց երեխաների հետ` լավ մարդ եւ քաղաքացի ձեւավորելու համար, երեխաներն այն չանցկացնեն անորակ մեդիաարտադրանք դիտելով, միայն նրա համար, որ մայրերն ավելի շատ ազատ ժամանակ ունենան: Դրանով նրանք խաթարում են երեխայի հոգեկան աշխարհը:

Անահիտ Գևորգյան