Փաշինյանը պատշաճ չի՞ տեղեկացվել, թե՞ կասկածում է իր ինֆորմացիային

Փաշինյանը պատշաճ չի՞ տեղեկացվել, թե՞ կասկածում է իր ինֆորմացիային

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ, Մոսկվայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է իր եւ Իլհամ Ալիեւի դավոսյան հանդիպման մասին։ Նա նշել է, որ ե՛ւ ինքը, ե՛ւ Ալիեւը այդ հանդիպումից մեծ ակնկալիքներ չեն ունեցել, որեւէ արդյունքի չեն հասել, պարզապես շփվել են, խոսել են հակամարտության լուծման իրենց տեսլականների, երկու ժողովուրդների հակամարտության ընկալումների եւ այլ հարցերի մասին, սակայն մանրամասներն այդպես էլ չի բացահայտել՝ ասելով, որ դա էթիկապես սխալ է։ Ավելի վաղ, իր ուղիղ եթերում Հայաստանի վարչապետը նշել էր, որ Ալիեւի հետ խոսել է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի պատմությունից։ Թե ինչի մասին են իրականում խոսել Փաշինյանն ու Ալիեւը դավոսյան հանդիպման ժամանակ, երեւի երբեք էլ չի բացահայտվի ամբողջովին։ Սակայն Հայաստանի վարչապետի՝ այդ հանդիպման մասին պարզաբանումներում օգտագործած ձեւակերպումները մի փոքր տարակուսելի են։ Հատկապես այն, որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի պատմությանը նա տեղեկանում է Ալիեւից։ Հայաստանի ղեկավարը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի պատմությանը կարող էր ծանոթանալ, գոնե մեր պատկերացումով, մի քանի աղբյուրից․

1․ ՀՀ երեք նախագահներից

2․ ՀՀ բոլոր նախկին եւ ներկա ԱԳ նախարարներից, որոնք պաշտոնավարել են երեք նախագահների օրոք

3․ Լեռնային Ղարաբաղի իշխանություններից

4․ Հայկական դիվանագիտական ու փորձագիտական այն շրջանակներից, որոնք այս կամ այն կերպ կապ են ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հետ, անկախ այն հանգամանքից՝ դրանք ներկայումս գործող իշխանության մե՞ջ են, թե՞ նախկին իշխանության ճամբարում։

Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո, դեռ անցյալ տարվա մայիսին, նրան պարտավոր էին իրազեկել ողջ բանակցային գործընթացի պատմությանը, մանրամասներին, բանակցային սեղանին առկա աշխատանքային բոլոր փաստաթղթերին ու դրանց խմբագրություններին, տարբերակներին, ինչպես որպես երկրի ղեկավարի տեղեկացնում են պետական եւ ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությանը։ Փաշինյանի ձեւակերպումից կարելի է եզրակացնել, որ կա՛մ իրեն պատշաճ չեն իրազեկել, եւ ինքը թերի է տիրապետում ղարաբաղյան հարցի կարգավորման քեյսին, կա՛մ պատշաճ տեղեկացում եղել է, սակայն ինքը չի վստահում ոչ մեկին, նույնիսկ իր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին կամ հայկական կողմից առհասարակ, որ որոշել է իր ստացած ինֆորմացիան ճշտել Իլհամ Ալիեւից եւ բանակցային գործընթացի պատմության շուրջ զրուցել է Ադրբեջանի նախագահի հետ։ Ե՛վ առաջին, ե՛ւ երկրորդ դեպքում լավ չէ։ Իհարկե, գուցեեւ Փաշինյանը, փորձելով պահպանել գաղտնապահությունը, չի բացառվում, որ պահի տակ սխալ ձեւակերպում է տվել հանդիպումը ներկայացնելու, նկարագրելու համար, սակայն երկարամյա քաղաքական գործունեության եւ լրագրության փորձ ունեցողը, ով բավականին լավ տիրապետում է գրավոր եւ բանավոր խոսքի ու դրա մանիպուլյացիաների արվեստին, դժվար թե նման միամիտ սայթաքում ունենար։