Որտեղի՞ց ՊՎԾ պետի տեղակալին այդքան գումար՝ առանց բիզնեսի ու կոռուպցիայի

Որտեղի՞ց ՊՎԾ պետի տեղակալին այդքան գումար՝ առանց բիզնեսի ու կոռուպցիայի

ՊՎԾ պետի երիտասարդ ու հարուստ տեղակալ Արգիշտի Քյարամյանից այսօր հետաքրքրվեցինք, թե որտեղից նրան 32 մլն դրամ և 48 հազար դոլար, որը երևում է նրա հայտարարագրում։ 

«Էս հարցին էսպես կպատասխանեմ։ Ես աշխատել եմ տարբեր ուժային կառույցներում, զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ երբևէ որևէ կոռուպցիոն սկանդալում չեմ եղել, որևէ կլանային համակարգում չեմ եղել, ոչ էլ բիզնեսով եմ զբաղվել։ Եվ ես կոռեկտ չեմ համարում իմ ունեցվածքն էս համատեքստում քննարկել»։

Hraparak.am-ի հարցին, թե 32 մլն դրամը բավականին խոշոր գումար է, ինքն աշխատավարձո՞վ է այդքան գումար կուտակել, Քյարամյանը չցանկացավ մեկնաբանել՝ խուսափելով հարցից։ 

«Ես արդեն իսկ ասեցի, որ էդ հարցի պատասխանը իմ՝ վերը նշված պարզաբանման համատեքստում կա։ Ես չեմ փորձում պարզաբանել և ես հաշվետու չեմ իրականում էդ առումով, որովհետև կոռեկտ չեմ համարում էդ հարցը»,- ասաց նա։

Hraparak.am-ի դիտարկմանը, թե կասկածներ կարող են լինել, որ կոռուպցիոն ճանապարհով են ձեռք բերվել այդ գումարները, ՊՎԾ պետի տեղակալը, որ իր 28-ամյա տարիքին հասցրել է ոստիկանությունում, դատախազությունում և Քննչական կոմիտեում աշխատել, ասաց, որ եթե կոռուպցիոն կասկածներ կան, դրա համար կան համապատասխան իրավապահ մարմիններ, և կոռուպցիոն բնույթի խնդիրները պետք է պարզաբանվեն իրավապահ մարմինների դաշտում։ Նա այդպես էլ չբացատրեց, թե որտեղից իրեն այդքան գումար, եթե բիզնես չի ունեցել, կոռուպցիայի մեջ թաթախված չի եղել և ընդամենը չոր աշխատավարձ է ստացել։