Վլադիմիր Գասպարյանին հարգում է, բայց նրա սանիկը չէ

Վլադիմիր Գասպարյանին հարգում է,  բայց նրա սանիկը չէ

ՊՎԾ պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլի հրապարակումներին, թե ինքը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի սանիկն է և որ Էդուարդ Աղաջանյանի ջանքերով հավակնում է նշանակվել ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի փոխարեն։ Նա ասաց, որ ինքը որևէ մեկի հետ իր ազգակցական, արյունակցական, քավոր-սանիկական կապերից չի ամաչում և չի թաքցնում․ բարոյական էլ չի համարում նմանատիպ կապերը թաքցնել:

Իսկ ինչ վերաբերում է Վլադիմիր Գասպարյանի հետ իր հարաբերություններին, ասաց․ «Ես փոխադարձ հարգանքի հարաբերություններ ունեմ պարոն Գասպարյանի հետ, սակայն որևէ քավոր-սանիկական հարաբերություններ մենք չունենք, եթե ունենայի էդպիսի հարաբերություններ, մեծ սիրով կբարձրաձայնեի»:

Hraparak.am-ի հարցին, թե որտեղից են ձևավորվել այդ փոխադարձ հարգանքը, և ինչ շփում ունի Գասպարյանի հետ, Քյարամյանն ասաց․ «Ես աշխատել եմ ոստիկանությունում, աշխատել եմ Քննչական կոմիտեում, աշխատել եմ դատախազության տարբեր մարմիններում, և շփումը նաև այդ համատեքստում է տեղի ունեցել»։

Իսկ ինքը մտադի՞ր է զբաղեցնել ՊՎԾ ղեկավարի պաշտոնը, Քյարամյանն ասաց, որ ինքը շատ բարձր է գնահատում Դավիթ Սանասարյանի դերը մեր պետականաշինության գործում, շատ հարգում է նրան, և Սանասարյանն այս պահին դեռ շարունակում է մնալ ՊՎԾ ղեկավար։ «Եվ էս պահին, քանի որ նա այդ ծառայության ղեկավարն է, իսկ մենք՝ աշխատակիցներս, մեծ հույս ունենք, որ պարոն Սանասարյանը հետ կվերադառնա և կղեկավարի այս կառույցը, հետևաբար, ես այս համատեքստում որևիցե բան չեմ կարող ասել»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։