Թող մի տարի էլ անցնի, սովից չենք մեռնի, կդիմանանք, բայց արդյոք ճի՞շտ ճանապարհի վրա ենք

Թող մի տարի էլ անցնի, սովից չենք մեռնի, կդիմանանք, բայց արդյոք ճի՞շտ ճանապարհի վրա ենք

Որքանո՞վ կարողացանք պահել սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտը այս մեկ տարվա ընթացքում․ դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանը հարցին հարցով է պատասխանում․ «Ձեր կարծիքով, կարողացա՞նք․․․ ես չեմ տեսնում ոչ մի դրական բան։ Այդ բոլոր լոզունգները հրաշալի են, ամեն ինչ ճիշտ է, բայց ո՞վ է տանում առաջ՝ մի մարդը չի կարող։ Ավելին՝ հիմա ես տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ո՛չ հավատում, ո՛չ էլ վստահում է իր շրջապատին, ամեն ինչի մեջ ինքն է մտնում, ստուգում, վերահսկում»։ 

Ստեփանյանի դիտարկմամբ, ստեղծված իրավիճակը հենց իր մոտ է բազմաթիվ հարցեր առաջացրել, մասնավորապես՝ ո՞ւր ենք մենք գնում․ «Հեղափոխությունն անհրաժեշտություն էր, որովհետեւ այդպես չէր կարող երկար շարունակվել, դա մի օր պետք է պայթեր, բայց ամենածանրը հետո-ն է, այդ ալիքի վրա ինչքա՞ն կարող է այս ամենը դիմանալ։ Ես հիմա ժողովրդի դերը չեմ տեսնում, լսում եմ միայն ամբոխի ձայնը»։ 

Ապրիլի 27-ն այս տարի կնշվի որպես ՀՀ քաղաքացու օր, որի համար կառավարությունը հատկացրել է 124 մլն դրամ։ «Շատ լավ բան է տոնը, եթե կա այդ փողը, ծախսեք, բայց երբ թատրոնները հին դեկորները քանդելով, հին շորերը վերակարելով փորձում են նոր ներկայացում անել, իսկ մենք 124 մլն դեն ենք նետում, ճի՞շտ է դա։ Այսօր տոն կա՞ քաղաքում․ հարցը դա է, թե չէ ո՞վ է դեմ տոներին, բայց քաղաքում տոն չկա։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, տեսնում եմ, թե ոնց է ամեն ինչ թանկանում, ժողովրդի սոցիալական վիճակը վատանում, ամեն ինչ այնքան պարզ է, եւ այստեղ այդ 30 ավել աթոռը չի փրկի Ազգային ժողովում։ Եթե օպտիմալացում է գնում, այդ 30 աթոռն ինչո՞ւ ես ավելացնում, որ անիմաստ դարձնես ընդդիմության դե՞րը։ Գոնե հասկանանք, թե ինչ ենք իրագործում, ուր ենք գնում, ոնց ենք զարգանում, բայց ես այն տպավորությունն ունեմ, որ ոչ մեկը չգիտի»։

Ինչ վերաբերում է վարչապետի հորդորին, որ աղքատությունը մարդիկ նախ պետք է իրենց ուղեղներում հաղթահարեն, ապա, ըստ Ստեփանյանի, վարչապետը դեռ չի գիտակցում, որ ինքն այլեւս վարչապետ է, ոչ թե թերթի խմբագիր․ «Եվ այդ լոզունգները չի դնելու առաջին էջին, որ ժողովուրդն արագ գնա թերթն առնի ու տեսնի ինչ են գրել»։ 

Դերասանի համար անհասկանալի է նաեւ տնտեսական ակտիվության հորդորը․ «Տիգրան Մանսուրյանը, օրինակ, տնտեսական ի՞նչ ակտիվություն ցուցաբերի՝ շա՞տ գրի, շա՞տ վաճառի, իսկ երիտասարդ «տիգրան մանսուրյաններն» ի՞նչ անեն, որ դեռ անուն չունեն, բայց հրաշալի երաժշտություն են գրում, ո՞վ է առնելու, ո՞վ է լսելու, ո՞ւմ է պետք լինելու։ Արվեստագետն ի՞նչ տնտեսական ակտիվություն ցուցաբերի, գնա Մալաթիայի շուկայից ծխախոտ առնի, հետո կենտրոնում վաճառի՞, ո՞րն է այդ տնտեսական ակտիվությունը»։

ԵՊՀ-ում նախօրեին վարչապետը հայտարարել էր նաեւ, որ 22 տարեկանում արդեն պետք է ունենալ բարձրագույն կրթություն, 3 տարվա ստաժ եւ 3 լեզու իմանալ։ Ստեփանյանն ասում է, որ լեզուների իմացությունից բացի, կարեւոր են նաեւ ստաժը, փորձը․ «Խաչ քաշել ավագ սերնդի վրա, որովհետեւ իրենք կոռումպացված են կամ նախկին իշխանության օրոք են ստացել այդ պաշտոնները, շատ ծիծաղալու է։ Այդ նախկինները չլինեին, այսօր քաղաքապետարանն ընդհանրապես կկանգներ, եթե, օրինակ, քաղաքապետի խորհրդականը չլիներ Կամո Արեյանը։ Այսօրվա իշխանությունը բոլոր ընդդիմախոսներին՝ ի դեմս հանրապետականների, տալիս է «քարտ բլանշ»՝ օրական մի բոց անելով։ Ամենասարսափելին անորոշությունն է ու ճանապարհի բացակայությունը, մշակույթի մասով գոնե հաստատ կարող եմ ասել։ Մշակույթն անընդհատ փորձում են ղեկավարել, փոխանակ պաշտպանեն, մի ամբողջ թատրոնի կոլեկտիվ կարող է մեկ ամսում այդքան չստանալ, որքան ստանա ՊԵԿ-ի պարգեւատրված աշխատողը»։

Այս մեկ տարվա ընթացքում եղան նաեւ բավականին աղմկոտ ձերբակալություններ, նոր իշխանությունները պայքար սկսեցին կոռուպցիայի դեմ, ինչը Ստեփանյանը ողջունում է, բայց դա, ցավոք, դարձավ հանրության համար ամենակարեւոր կերակուրը․ «Ես կնախընտրեի չիմանալ ընդհանրապես, որովհետեւ դուք ընդամենը անում եք ձեր գործը։ Իսկ այդ լոզունգները ո՛չ ուղեցույց են, ո՛չ էլ ճանապարհն են ցույց տալիս։ 17թ․-ից այդ լոզունգների ձեռը կրակն ընկանք․ «իշխանություն ժողովրդին», այն դեպքում, որ ժողովուրդը երբեք իշխանություն չի ունեցել։ Ցավով եմ նման խոսքեր ասում, ես աշխարհի ամենաերջանիկ մարդը կլինեի, եթե կարողանայի ասել՝ հալալ է, Նիկոլ ջան, այսպես էլ շարունակի, կողքդ կանգնած եմ, ճիշտ ես անում ամեն ինչ։ Թող մի տարի էլ անցնի, սովից չենք մեռնի, կդիմանանք, բայց արդյո՞ք ճիշտ ճանապարհի վրա ենք, որը մեզ տանում է առաջ, դեպի զարգացում։ Ցավը հենց նրանում է, որ դա չեմ կարող ասել, որովհետեւ այսօր ինձ ոչինչ չի ոգեւորում, ես չեմ կարող ոգեւորվել նրանով, որ Մանվել Գրիգորյանին բանտարկել են, կամ նրա վագրի ատամները սգուշչոնկայից թափել են»։ 

Մարդկանց դժգոհությունը եւ բողոքն աճում են․ ընդգծում է Ստեփանյանը, ավելին՝ ակնհայտ է, որ եթե այսօր կայանային ԱԺ կամ ավագանու ընտրություններ, այդ 70-80 տոկոս պատկերը չէր լինի․ «Այն պարզ պատճառով, որ ժողովուրդը գնալով սկսում է հիասթափվել, իսկ դա կործանարար է երկրի համար։ Այն տոնակատարությունը, ոգեւորությունը, որ տիրում էր մեկ տարի առաջ, պետք է դառնա աշխատանքային եռուզեռ, ստեղծարար մթնոլորտ, ամեն մեկը քարը քարի վրա դնելով՝ պետք է երկիր կառուցի, բայց հիմա էլ պարզվեց, որ կան սեւեր եւ սպիտակներ։ Ընդ որում՝ սպիտակները կառուցում են, իսկ սեւերը՝ անիմաստ բողոքում»։