Ձեզ իշխանություն են տվել ոչ թե քանդելու, այլ կառուցելու համար

Ձեզ իշխանություն են տվել ոչ թե քանդելու, այլ կառուցելու համար

Մի քանի օր է՝ համացանցում նյութեր են աչքիս զարնում, որտեղ որոշ պաշտոնյաներ, անգամ շարքային քաղաքացիներ՝ գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ, կաշվից դուրս են գալիս, որ ապացուցեն, թե «Սպայկայի» փակվել-չաշխատելը ոչ մի բացասական դեր չի խաղա։ Պաշտոնյաները համոզում են, որ, նախ, «Սպայկան» կաշխատի՝ խելոք է, հետո՝ եթե անգամ չաշխատի,  «սուրբ տեղը դատարկ չի մնա»՝ այդ տեղը զբաղեցնողների հերթեր են գոյացել արդեն։ Դե, պաշտոնյաների մարմաջը՝ ծառայել իշխանություններին, արդարացնել նրանց բոլոր քայլերը, այդ թվում՝ փակել-բռնել-քանդել-ծեփելու, միանգամայն հասկանալի են։

Ինձ համար անհասկանալի է գյուղացիների պահվածքը․ եթե իրոք ճիշտ են այդ հրապարակումները, որտեղ նրանք հավատացնում են, թե ոչ մի խնդիր չի առաջանա մթերումների հետ կապված, եւ 10-15 ընկերություն կա, որ իրենց արտադրանքը պատրաստ է գնել նույն գնով ու պայմաններով, ինչ գնում էր «Սպայկան»։ Այս հարցազրույցները կարդալիս ուզում ես հիշել «դասականին»՝ «իյա, իրո՞ք», այդքան վստա՞հ եք, որ գալու են ձեր տան դեմից, բերքի հասնելուն պես, ձեր ասած գնով առնեն-տանեն, ու դուք ոչ մի կորուստ չեք ունենալու։ Բա եթե էդքան առնող կար, ինչի՞ ավելի թանկ գնով չէիք տալիս անցած տարիներին, ինչի՞ չէիք ձեր պայմանները լավացնում, ինչի՞ էիք տարին չսկսված՝ պայմանագրեր կնքում «Սպայկայի» հետ, հետո էլ սրտատրոփ սպասում, թե երբ են ֆուռերը կանգնելու ձեր գյուղի, այգիների մատույցներում։ 

Բայց խնդիրն անգամ այն չէ, որ 10 եւ ավելի տարվա ընթացքում շուկայում իր կայուն տեղը զբաղեցրած՝ մթերումների եւ փոխադրումների աշխատատար մեխանիզմներ մշակած, դրսում պարտնյորներ ձեռք բերած, արտահանման խողովակներ ստեղծած ընկերությանը փոխարինողներ չեն գտնվի։ Իհարկե, կգտնվեն։ Եթե ոչ այս տարի, ապա առաջիկա տարիներին կհայտնվեն նոր ընկերություններ, որոնք լավ կամ վատ կանեն այդ գործը։

Խնդիրն այլ է։ Նախ այն, որ կայացած ընկերությունը քանդելու համար պետք է այս երկրի թշնամին լինես եւ չհասկանաս, որ քեզ իշխանություն են տվել ոչ թե քանդելու, այլ սարքելու համար։ Եվ եթե պարբերաբար հայտարարում ես, թե «սեփականության վերաբաշխում հեղափոխությունից հետո տեղի չի ունեցել», ստում ես՝ հենց «Սպայկայի» դեպքը սեփականության վերաբաշխման, լենինյան էքսպրոպրիացիայի, կուլակաթափության դասական օրինակ է։ Եվ այստեղ «հին մենաշնորհների դեմ ենք պայքարում», «արդարությունն ենք վերականգնում», «նախկին իշխանությունների թալանածն ենք հետ բերում» լոզունգների տակ թաքնվելը փարիսեցիություն է, վնասարարություն։

Ի վերջո, այդ ընկերությունում մեծ թվով մարդիկ են աշխատում, եթե անգամ մասնավոր ընկերություն է, ապա դա պետության, ազգի, ժողովրդի հարստությունն է։ Ցանկացած այլ պետությունում պետական դոտացիաներ են տալիս, աջակցում լավ բիզնեսմեններին, ազատում հարկերից, օգնում ապրանքի արտահանմանը, ամեն ինչ անում, որ բիզնեսն անխափան աշխատի։ Եթե այս տարրական բաները Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը չեն հասկանում, վայն էկել է մեզ տարել։ «Սպայկայից» հետո այս վայրագության, քանդել-վնասելու ալիքը հերթով հասնելու է մյուս ընկերություններին։ Եվ ամենակարեւորը՝ ոչ մի ներդրող չի համարձակվելու մեր երկրում գործ սկսել։

Արա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
տնտեսագետ