Հայաստան-Իրաք՝ տրանզիտ

Հայաստան-Իրաք՝ տրանզիտ

Հիշո՞ւմ եք, թե ինչ էր փնտրում ԱՄՆ-ը Իրան-Իրաքյան պատերազմում իր երբեմնի դաշնակից Իրաքում, որ «չգտավ», բայց, այնուամենայնիվ, կախեց Սադդամ Հուսեյնին: Բիոքիմիական զենքի պահեստներ: ԱՄՆ-ը նվաճեց Իրաքը, ապա վերացրեց հենց իր թողած բիոքիմիական հետքերը, իսկ Իրաքը դարձրեց Իսլամական պետություն ահաբեկչական կազմավորման որջ՝ հետագայում Սիրիայի խնդիրը լուծելու համար: Սա այլևս պատմություն է, որից, թերևս, կարելի է և պետք է դասեր քաղել: Այն ցույց է տալիս, որ գերտերության համար երբեք ու երբեք անլուծելի խնդիր չէ որևէ պետության հարվածներ հասցնելու համար պատճառ գտնելը: Բավական է միայն, որ գերտերությունը մի ոտքի տեղ ունենա տվյալ երկրում:

Հայաստանում հենակետեր ունեն թե ԱՄՆ-ը և թե Ռուսաստանը, և այդ գերտերությունների համար մեկ-երկու հաշվի գործ է Հայաստանին հարվածելու պատճառներ գտնելը: Վիճելու խնդիր չկա այստեղ ու մանավանդ հոխորտալու, որ Հայաստանը ինքնիշխան երկիր է, և եթե ուզենա, երկուսին էլ կծալի: Դա ընդամենը ցնորք է: Փոխարենը մենք ականատեսն ենք այն բանի, թե ինչպես են ԱՄՆ-ը և Ռուսաստանը մրցակցում Հարավային Կովկասում հիմնավոր ներկայություն ունենալու համար, և Հայաստանն այդ պայքարի կիզակետում է:

Կորոնավիրուսի հետ կապված՝ վերաթարմացվեցին Երևանում գտնվող ամերիկյան բիոքիմիական լաբորատորիաների մասին խոսակցությունները: Պատկան մարմիններն ընդհուպ հարկ համարեցին ևս մեկ անգամ հիշեցնել, որ այդ լաբորատորիաներում աշխատում են բացառապես ՀՀ քաղաքացիներ: Սա, իհարկե, Ռուսաստանին ասվեց, որովհետև Հայաստանը պայմանավորվել էր ռուս մասնագետներին թույլատրել մուտք ունենալ այդ հաստատություններ և տեղում «ծանոթանալ» իրավիճակին: Մերոնք նաև նշեցին, որ այդ ուղղությամբ աշխատանքները դանդաղել են կորոնավիրուսի պատճառով: Ի՞նչ արած, ռուսները գուցե և կսպասեն, բայց ահա ամերիկյան կողմն է, կարծես, անհանգստացել դրանից: Ի վերջո իրենք են հիմնադրել այդ լաբորատորիաները դրանց «կարիքը զգացող» երկրներում: Եթե չեմ սխալվում՝ Հայաստանում 2 ամերիկյան լաբորատորիա կա, Վրաստանում, Ուկրաինայում և Ղազախստանում՝ մեկական:

Խելքի եկած Սադդամ Հուսեյնը սկսել էր բարեկամանալ Իրանի հետ, և վտանգ կար, որ ամերիկյան քիմիական լաբորատորիաներում ընթացող փորձարկումների արդյունքներն ու այդ լաբորատորիաների էությունը հայտնի կդառնա ողջ աշխարհին՝ հօդս ցնդեցնելով ԱՄՆ-ի՝ որպես քիմիական զենքի թիվ մեկ թշնամու կերպարը: Այստեղ նորից չկրկնեմ, թե ինչ տեղի ունեցավ Սադդամ Հուսեյնի հետ:

Նկատենք, սակայն, որ քիմիական զենքի պակաս հակառակորդ չէ նաև Ռուսաստանը: Եվ, այ քեզ հաջողություն, նրա ռազմավարական դաշնակից Հայաստանում կա մեկի տեղ երկու բիոքիմիական լաբորատորիա, որ հիմնել են ամերիկացիները, բայց ոչ ոք տեղյակ չէ, թե ինչով են զբաղված այդ լաբորատորիաները: Չինաստանում, օրինակ, մի այդպիսի ամերիկյան լաբորատորիայում երկար տարիներ նոր տիպի կորոնավիրուս էին «հնարում» և, պատկերացրեք՝ հնարեցին: Ռուսաստանին անհանգստացնում է հատկապես այն իրողությունը, որ ԱՄՆ-ը իր «անշառ գիտական հաստատությունները» շարել է նախկին ԽՍՀՄ հանրապետություններում, այսինքն՝ իր քթի տակ, և, բնական է, իրեն իրավունք է վերապահում առնվազն իր աչքով տեսնել, թե ինչ հետազոտություններ են կատարվում դրանցում և, արդյոք դրանք չե՞ն կարող դառնալ բիոլոգիական և քիմիական զենքի արտադրության հենք:

Այնպես որ, մենք շատ անհարմար վիճակում ենք հայտնվել թե Ռուսաստանի, թե ԱՄՆ-ի և թե ողջ աշխարհի առաջ: Աշխարհը մեզ կդատապարտի մեր գլխից մեծ բիոքիմիական գործեր անելու համար, Ռուսաստանը կարող է գործադրել իր ողջ ուժը՝ այդ լաբորատորիաներին հասնելու համար, իսկ ԱՄՆ-նն էլ, համաշխարհային հանրության պահանջին հլու հնազանդ, կարող է ճշգրիտ կետային հարվածներով ոչնչացնել դրանք ու, եթե հարկ լինի, կախել Նիկոլին:
Կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ Նիկոլին, չէ՞ որ այդ լաբորատորիաները ստեղծվել են նրա նախորդի օրոք: Ճիշտ հարց եք տալիս, բայց նախ՝ ոչ ոք մեղավոր չէ, որ Նիկոլն իրեն առաջ գցեց և ապա՝ նրա նախաորդը, հավանաբար, հաշվարկել էր ամեն բան, ու վստահ էր, որ այդ լաբորատորիաները ծառայելու են բացառապես Հայաստանին և կռվախնձոր չեն դառնալու գերտերությունների միջև: Ո՞վ է մեղավոր, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ որոշեց, որ ինքը հեղափոխություն է արել, նոր Հայաստան է ստեղծել և գերտերություններից մեկը, այս դեպքում Ռուսաստանը, պետք է ադապտացվի նոր Հայաստանին: Եվ ոչ միայն Ռուսաստանը, այլև Իրանը...
Ինչպես կզարգանան իրադարձությունները՝ չգիտեմ: Առայժմ հայտնի է, որ կորոնավիրուս է տարածվել աշխարհում, ու բոլորը դրանով են զբաղված... Բոլորը, բայց ոչ աշխարհաքաղաքական հիմնական խաղացողները:

Հ.Գ, Քիչ էր մնում մոռանայի: ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Սպառազինությունների վերահսկման, չտարածման և զինաթափման համաձայնագրերին և պարտավորություններին հետևելու ու հարգելու մասին 2020 թ. ամփոփիչ զեկույցը: Այնտեղ խոսվում է նաև Հայաստանի մասին՝ որպես զրզհատեխնիկայի քանակով ու համաձայնագիրը խախտող երկրի: Ասում եմ՝ սանկցիաներ չկիրառե՞ն էս նեղ մաջալին, չգիտե՞ն, որ մենք պատերազմող երկիր ենք, ոչ թե Շվեյցարիա: