Միքայել Մինասյանի ապագա իշխանությունն ուրվագծող 7-րդ ԱԺ-ն

Միքայել Մինասյանի ապագա իշխանությունն ուրվագծող 7-րդ ԱԺ-ն

1999-ի մայիսին, երբ քաղաքականություն մտնելու հայտ ներկայացրած հաղթանակած բանակի սպարապետն ակնթարթորեն հզորացրեց Աշոտ Նավասարդյանի ծնած ՀՀԿ-ն ու Կարեն Դեմիրճյանի ՀԺԿ-ի հետ «Միասնություն» դաշինքով հաղթական մտավ պառլամենտ, հայոց մեջ հույս ծագեց, որ մոտալուտ 21-րդ դարը, իրոք, մերն է լինելու, ինչպես վստահեցնում էր Վազգենը։ 
Հայոց հավաքական ուժ դարձած միասնությունը շատերի աչքի փուշը պիտի դառնար, եւ պառլամենտում կրակեց հայի տականքը։ Սպարապետից հետո պարզ էր, որ շատերը չեն ներելու հզոր Հանրապետականի գոյությունը։ 

ԱՄԿ–ՀՀԿ-ի ակունքներում կանգնած Անդրանիկ Մարգարյանի հանկարծամահությունն արագացրեց ՀՀԿ-ի վայրէջքը։ Կուսակցությունում միանգամից քաղխորհրդի նախագահ կարգված, ապա կուսակցապետ դարձած Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի երկու ժամկետներում լիուլի օգտվեց ՀՀկ-ի քաղաքական ու պատմական կապիտալից՝ իր գործունեության բացասական հետեւանքները հետեւողականորեն բարդելով ՀՀԿ-ի վրա, ծանրացնելով նրա քաղաքական ու բարոյական պատասխանատվության բեռը ՀՀ-ում կատարված եւ կատարվող ամեն անհաջողության համար, հանրության աչքում մեղավոր ու քավության նոխազ դարձնելով կուսակցությունը։ Իր իրավահաջորդությունը փեսա Միքայել Մինասյանին փոխանցելու նպատակը թույլ չտվեց համակերպվել Աշոտ նավասարդյան-Վազգեն Սարգսյան-Անդրանիկ Մարգարյանի հանրապետականի անսասան գոյությանը հայոց քաղաքական արենայում։ Հանրապետականի, որտեղ ինքն ընդամենը տնվոր էր, Սերժ սարգսյանը լավ է յուրացրել երբեմնի գերագույն հրամանատար, անզուգական շախմատիստ Լեւոն Տեր-Պետրոսյանի դասը եւ ամեն ինչ անելու է իր երբեմնի քաղաքական հենարանը ոչնչացնելու համար։

Այս տարիներին շատ է խոսվել, որ Միքայել Մինասյանը համախոհների իր թիմն ուներ իշխող ՀՀԿ-ի երիտթեւում, նորաստեղծ հասարակական-քաղաքական որոշ կառույցներում։ Ոմանք ավելի հեռուն գնացող պնդումներ են արել եւ անում են՝ նրա թիմում տեսնելով Նիկոլին՝ իր ՔՊ - «Իմ քայլով», եւ Էդմոնին՝ իր «Լուսավոր Հայաստանով»։ Ձեւավորված 7-րդ գումարման ԱԺ-ն, կարծում եմ, լրացուցիչ անգամ խոսում է այս կարծիքի իրավացի լինելու օգտին։ Ավելին, այդ ԱԺ-ն, տնտեսական հեղափոխություն խոստացող իր ԲՀԿ-ով հանդերձ, գորշ կարդինալի համարում ունեցող Միքայել Մինասյանի ապագա իշխանության երեւութականացման առաջամարտիկը լինելուն է հավակնում, որտեղ իշխանությունն ու ընդդիմությունն ուղղորդվում եւ ուղղորդվելու են մեկ կենտրոնից։ 

...Որքան էլ ոմանք հակառակը պնդեն, Սպարապետ Վազգենին չներելու, նրա ՀՀԿ-ն փչացնելու իր հայտնի շահագրգռությունն ունի նաեւ նախագահ Արմենը։ Գուցե նա սեփական խաղն է խաղում, ցույց կտա ժամանակը, բայց որ էքսցենտրիկ նիկոլը, թեկուզ 70 տոկոս ստացած, հիմնական գահակալ չէ, կասկածից վեր է։ Ավելին, հեղափոխություն կոչված իրականում ընդամենը իշխանափոխությամբ Նիկոլը կատարեց իր քայլը՝ հայոց քաղաքական դաշտում իրականացնելով առաջին «սանմաքրումը», այն է՝ ՀՀԿ-ի չեզոքացումը։ Ո՞րն է լինելու Էդմոնի քայլը, ցույց կտա ժամանակը։ 

Հայոց գահը սպասում է հավասարակշիռ ու իմաստուն, ավելի շատ գործող, քան խոսող իր ժառանգորդին։ 

ՀԳ. Հայոց քաղաքական դաշտում նոր իրողությունների ու նոր խաղացողների հաստատումով պառլամենտի դուռը վերջնականապես փակվում է 90-ականներին ՍՊԸ-ների ու ՀԿ-ների պես բազմացած մարդ-կուսակցությունների առջեւ։

Հովհաննես Սարդարյան