Պատգամավորներն էլ են 13-րդ աշխատավարձ ստանում, ինչի՞ չեք բարձրաձայնում էդ մասին

Պատգամավորներն էլ են 13-րդ աշխատավարձ ստանում, ինչի՞ չեք բարձրաձայնում էդ մասին
Կարեն Սարուխանյան

Մի քանի օր է՝ համացանցը քննարկում է մի շարք մարզպետարանների աշխատակիցների պարգեւատրման թեման։ Բանն այն է, որ Արարատի, Սյունիքի, Կոտայքի մարզպետները շռայլորեն պարգեւատրել են իրենց աշխատակիցներին, բնականաբար՝ չմոռանալով նաեւ իրենց մասին։ Մարզպետարանի ողջ անձնակազմին պարգեւատրել է նաեւ Շիրակի արդեն նախկին մարզպետ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը։ Սակայն նա պարծենում է, որ ինքը ոչ թե կամայական մոտեցում է ցուցաբերել, այլ հավասար բաշխում է իրականացրել․ «Վեց ամսվա աշխատողն աշխատավարձի 50 տոկոսի չափով է պարգեւատրվել, հին աշխատողները՝ 100, մեկ-երկու ամիս աշխատածներն էլ՝ համապատասխան չափով»։
- Դուք՝ ինքներդ, Ձեզ էլ եք պարգեւատրել եւ ի՞նչ չափով։

- Ես անխտիր բոլորին եմ պարգեւատրել ու ըստ աշխատած ամիսների, բոլորը՝ հավաքարարներից սկսած, բոլորս համապատասխան համամասնությամբ ենք պարգեւատրվել, իմը մոտ 55 տոկոս է եղել։

- Ձեր գործընկեր մարզպետներից ոմանք իրենց 100 եւ ավելի տոկոսով են պարգեւատրել, ի՞նչ կասեք այդ մասին։

- Իմ գործընկերները մեկնաբանել են, եւ ես ավելորդ եմ համարում մեկնաբանել։

- Ձեր թիմում պարզաբանում են, որ օրենքի սահմաններում են մարզպետները գործել, բայց հանրային վրդովմունք է բարձրացել, քննադատություններ են հնչում ձեր հասցեին, ինչպե՞ս կմեկնաբանեք։

- Խնդիրը գիտե՞ք որն է, որ պարգեւատրման էդ երեւույթը եղել է դեռեւս նախորդ իշխանության ժամանակ, ոնց որ հնուց եկած էդ պրոցեսը եղել է, նախկին մարզպետների օրոք էլ է եղել, աշխատակազմն ամբողջությամբ սպասում է, իրենք կողմ են, որ 13-րդ աշխատավարձ են ստանում։ Հիմա եթե հավասար է բաշխվում, եւ բյուջեն էլ թույլ է տալիս, սա օրենքով են անում, ու ոչ մի խնդիր չկա։ Ենթադրենք՝ չորս հոգանոց բաժին է, բայց երկու հոգով են աշխատում, բնական է՝ ծանրաբեռնված պետք է աշխատեն, ու ինչու չէ՝ պիտի պարգեւատրվեն։ Մեր մոտ որեւէ մեկին որեւէ առավելություն չի տրվել։

- Ձեզ քննադատում են, որ, այո, օրենքով է, բայց հեղափոխական իշխանությունը, պաշտոնյաները նոր նշաձող պետք է սահմանեին, որ կան բազում խնդիրներ՝ զբաղվեին այդ խնդիրների լուծմամբ։ Իսկ դուք վատ չեք վարձատրվում, կարող էիք գոնե ձեզ չպարգեւատրել։

- Էդ դեպքում կա՛մ ընդհանրապես պետք է չարվեր, կա՛մ հավասար բաշխվածություն, բայց ո՞նց կարող էր ընդհանրապես չանել, եթե օրինակ բերեցի, որ մեկ մարդը երկու հոգու գործ է անում, այսինքն՝ ի՞նչ մեխանիզմով խրախուսել էդ մարդկանց, եթե հեղափոխությունից հետո էդ մարդիկ ավելի շատ ու ծանրաբեռնված  են աշխատում, ապրելու այլ միջոց չկա, ինչպես նախկին իշխանության օրոք կոռուպցիա է եղել, որ էս պարգեւավճարներին չեն էլ նայել, որովհետեւ էս գումարներն իրանց աչքին չի էլ երեւացել։

- Հիմա Ձեզ կոնկրետ ինչի՞ համար եք պարգեւատրել ու չե՞ք կարծում, որ հանրությունը Ձեզնից այլ մոտեցումներ էր ակնկալում։ Դուք, Ձեր տեղակալները, որ վատ չեք ստանում, չէի՞ք կարող մերժել դա։

- Ես չեմ կարծում, որ պետք է որեւէ մեկին առանձնացնել էս ցանկում, եթե պարգեւատրվում է աշխատակազմը, ինչի՞ պիտի հայեցողական պաշտոնները չպարգեւատրվեն։

- Այսինքն՝ մտածում եք, որ տեղի՞ն չէ հանրության այս արձագանքը։

- Դե, ես ասեմ, որ հանրության արձագանքը կա, բայց հիմնականում նախկին իշխանությունների կողմից մեդիադաշտին քանի որ մեծ մասնաբաժնին տիրապետում են, էդ լծակներն են օգտագործում, որպեսզի գործող իշխանությանը սեւացնեն։ Իմ կարծիքով, քաղաքական մեխանիզմներ են աշխատում, որովհետեւ նախկինում նման երեւույթներին նույնիսկ  ուշադրություն չի դարձվել, այն դեպքում, երբ միշտ եղել է պարգեւատրում։ Ախր, որ հիմա էդպես քննարկում եք, ի՞նչ անօրինական բան է եղել, նորմալ երեւույթ է, պատգամավորներն էլ են, չէ՞, 13-րդ աշխատավարձ ստանում, ինչի՞ չեք բարձրաձայնում էդ մասին։ Դա չթույլատրվող երեւույթ չէ, խնայողություն ենք ունեցել, եւ անհնար է որեւէ տեղ ուղղել, պետք է  պարգեւատրեին, դա օրենքով կարգավորված է, չես կարող այդ խնայողությունները որեւէ տեղ ուղղել։ Եթե հնարավոր լիներ ինչ-որ բաներ անել, կանեինք, ինչի՞ մասին է խոսքը։

- Բայց կարող էիք հետ ուղարկել բյուջե, եւ այլ ծախսերի համար օգտագործվեր։

- Չես կարող, դա օրենքով սահմանված կարգով է, խնայողություններն աշխատավարձերի մասով են արվում, եւ կարող ես միայն ուղղել պարգեւատրումներին։

- Հատկապես Շիրակում, որտեղ աղքատության բարձր ցուցանիշ կա, մարդկանց մեծ մասը շարունակում է տնակներում ապրել, ինչպե՞ս են ընդունել, որ մոտ կես միլիոն աշխատավարձ ստացող մարզպետն իրեն պարգեւատրում է։
 

- Էլի եմ կրկնում՝ այդ պարգեւատրման հասանելիք գումարն այլ նպատակով ծախսելն անհնար է։

- Կարող էիք հետ ուղարկել բյուջե, հետո այլ խնդրի վրա ծախսեիք, դա հնարավոր է։

- Իսկ ինչո՞վ կշահեր դրանից մեր մարզը, երբ որ ես պարգեւատրել եմ համաչափ, էդ մարդիկ մեր մարզի բնակիչներն են, չէ՞, որոշակի առումով բարելավել են, չէ՞, իրենց սոցիալական պայմանները՝ թեկուզ չնչին գումարով։

- Այսինքն՝ մտահոգություն չունեք, որ հեղափոխական իշխանության եւ ժողովրդի միջեւ անջրպետ կառաջացնի նման քայլը։

- Որեւէ անջրպետ չի կարող առաջանալ, որովհետեւ հասարակ քաղաքացին է այս իշխանությանն ընտրել, եւ իշխանությունը վայելում է հասարակ քաղաքացու վստահությունը, այնպես որ՝ դա եղել է շատ բաց ու հրապարակային, որեւէ ռիսկ չի պարունակում։ Եթե դրա շնորհիվ կամ արդյունքով կոռուպցիոն բան լիներ, ես չէի վիճարկի, բայց դա օրենքով է եղել։