Ձգձգված քննություն՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների

Ձգձգված քննություն՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների

Անցյալ տարվա հոկտեմբերին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործ էր հարուցվել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հանրակրթական դպրոցի (նախկինում` Ձերժինսկու անվան) հարակից տարածքը շուկայական գնից 5 անգամ ցածր գնով վաճառելու առթիվ։ Վաճառողը Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաներն էին, իսկ գնորդը՝ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը։

Դատախազությունը գործարքի մանրամասներն ուսումնասիրել էր այն բանից հետո, երբ այս մասին բարձրաձայնել էին այն ժամանակ դեռ ընդդիմադիր գործիչ Ալեն Սիմոնյանը, այնուհետեւ՝ «Երկիր ծիրանի» կուսակցությունը։ 20 մետր տարածքը, որի շուկայական արժեքը 445 մլն դրամ էր, վաճառվել էր ընդամենը 81 մլն-ով։

Նախկին ոստիկանապետը հերքում էր իր կապը գործարքի հետ՝ պնդելով, որ այդ հողատարածքն ի սկզբանե ձեռք է բերել Յուրիկ Վարդանյանը՝ Ամերիաբանկի միջոցով, հետո այն մնացել է բանկի տնօրինության տակ, իր որդին՝ Արմեն Նազարյանը, այն գնել է բանկից, սակայն չի կարողացել վճարել գումարը, եւ տարածքը մնացել է բանկին։ Ի՞նչ ընթացք ունեցավ քրեական գործը։ Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը հայտնեց, որ այս գործը ՔԿ հատկապես կարեւոր գործերի վարչության վարույթում է։ «Նախաքննությունը շարունակվում է։

Գործը հարուցված է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Մեղադրյալ չկա»։ Եթե նկատենք, որ Ալեն Սիմոնյանը դպրոցի հարակից տարածքների վաճառքի մասին բարձրաձայնեց մայիսի վերջին, ապա ստացվում է, որի արդեն 8 ամիս է, իրավապահները՝ սկզբում դատախազությունը, ապա՝ ՔԿ-ն, քննում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքը, բայց ոչ ոք չգիտի, թե Երեւանի քաղաքապետարանի աշխատողներից հատկապես ով է գերազանցել լիազորությունները, ով է հանրային տարածքը վաճառել՝ ծանր վնաս հասցնելով պետությանը։

 Այս պահին նախկին Ձերժինսկու անվան դպրոցին հարակից հանրային տարածքում ոչ մի աշխատանք չի կատարվում։ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը հայտնեց, որ հույս ունի, որ տարածքի բարեկարգմամբ կզբաղվի դպրոցի վաղեմի բարեկամ, գործարար Ռուբեն Վարդանյանը։

Հիշեցնենք, որ նա Ամերիաբանկի բաժնետերերից է, տնօրենների խորհրդի անդամ։ «2012 թվականին նա ուզում էր զբաղվել այդ տարածքի բարեկարգմամբ։ Հենց այն ժամանակ էլ առաջին անգամ անակնկալ պարզեցինք, որ քաղաքապետարանի կանաչապատման վարչությունն այն վաճառել է։ Այնտեղ նախատեսված էր մեծ փոս փորել։ Ես այդ փոսի մանրակերտը տեսել եմ։ Իսկ տակը սարքելու էին ավտոկայանատեղի՝ «Մոսկվիչկայի» ավտոների համար։ Բերեցին, ցուցանակ դրեցին, բայց Ներսիկ Նազարյանի գործերը վատացան, եւ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց»,- ասում է «Ձերժինսկու» տնօրենը։

Տնօրենը փորձել է կրկին կապվել Ռուբեն Վարդանյանի գրասենյակի հետ, առաջարկել է վերհիշել հին ծրագրերը եւ կարծես թե համաձայնություն է ստացել։