Ինչ-որ բա՞ն է կատարվում Նիկոլի շուրջ

Ինչ-որ բա՞ն է կատարվում Նիկոլի շուրջ

Միջազգային հանրությունը, ինչպես տեսանք, չարձագանքեց ադրբեջանական գերության մեջ պահվող Արցախի ղեկավարների հետ այդ երկրի ԶԼՄ-ների վարած հարցազրույցի անոնսներին: Հայ որոշ իրավապաշտպանների, ՄԻՊ-ի ջանքերը՝ միջազգայնացնել տեղի ունեցածը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հետ հարցազրույցները ներկայացնել որպես նրանց իրավունքների կոպիտ խախտում, արդյունք չեն տալիս, իսկ ՀՀ իշխանություններն էլ առայժմ չգիտեն ինչպես արձագանքել դրան: Իսկ գուցե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի հարցազրույցները քաղաքական իմաստով որեւէ նշանակություն չունե՞ն այլեւս, եւ Բաքուն իսկապե՞ս դա կազմակերպել է ինչ-որ վավերագրական ֆիլմում զետեղելու նպատակով միայն:

«Հրապարակը» գրել էր, որ, դիցուք, Բաքվի բանտում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ադրբեջանական ԶԼՄ-ին տված հարցազրույցը լուրջ անհանգստություն է առաջացրել արցախյան քաղաքական շրջանակներում։ Նրանք կարծում են, որ Ալիեւի ռեժիմը, սպառնալիքների ներքո, նրան պարտադրել է հայտարարություններ անել, որոնք կարող են ծանր հետեւանքներ առաջացնել Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Օրինակ, պաշտոնական Բաքուն, Արցախի նախկին նախագահի որոշ խոսքերի հիման վրա, կարող է փորձել Հայաստանին որպես ագրեսոր ներկայացնել՝ արցախյան պատերազմների եւ իրենց հողերի բռնազավթման պատասխանատու։ Թե որքանով է արդարացված այս հարցով Արցախի քաղաքական շրջանակների անհանգստությունը, չեմ կարող ասել: Մի բան գիտեմ, սակայն, որ Նիկոլ Փաշինյանը շատ հանգիստ է վերաբերվում դրան: Վկան՝ նրա վերջին ասուլիսը, որի ժամանակ նա հարկ չհամարեց որեւէ գնահատական տալ Բաքվի այդ «նախաձեռնությանը», թեեւ ծանոթ էր թե՛ «հարցազրույցների» անոնսներին եւ թե՛ դրանց ցուցադրության ամսաթվին՝ մարտի 28:

Չէի ցանկանա, որ իմ մասին մտածեիք որպես պանիկյորի կամ բախտագուշակի, բայց ասեմ, որ սիրտս լավ բան չի գուշակում: Ինձ վախեցնում է անոնսների եւ ցուցադրության օրերի միջեւ եղած երկար ժամանակահատվածը: Սովորաբար դա լինում է 3-4 օր, լավ` մեկ շաբաթ, իսկ այս դեպքում՝ ավելի քան 20 օր: Ես կարծում եմ՝ ինչ-որ մեկին մտածելու ժամանակ են տվել: Ո՞վ է այդ ինչ-որ մեկը: Այս հարցի պատասխանը ստանալու համար դեռ պետք է հասկանալ նաեւ, թե ում են ուղղված «հարցազրույցների» անոնսները՝ հա՞յ, թե՞ ադրբեջանական լսարաններին: Ամեն ինչ շատ խառն է, մի խոսքով: Մենք չգիտենք, թե ինչ են ասել Արցախի ղեկավարներն ադրբեջանական ԶԼՄ-ներին, դրանք իսկապե՞ս հարցազրույցներ են, թե՞ նրանց հարցաքննությունների առանձին կտորներից մոնտաժված հատվածներ՝ համեմված ադրբեջանցի «լրագրողների» հարցերով:

Այսինքն՝ չի բացառվում, որ Բաքուն փորձում է ինչ-որ քաղաքական հարց լուծել «անսպասելի հարցազրույցի» մերկ փաստով: Այս պարագայում Փաշինյանի լռությունն ու հանգստությունը, իմ կարծիքով, ժամանակավրեպ են եւ չարդարացված: Կա՛մ նա արդեն իսկ «փակ» ռեժիմով ծանոթ է խնդրո առարկա «հարցազրույցների» բովանդակությանը եւ կա՛մ մեզ նման խարխափում է անորոշության մեջ: Եվս մեկ դիտարկում՝ կարեւոր է նաեւ, թե ինչ լեզվով են «հարցազրույց» տվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները:

Իսկ հիմա փորձենք այս ամենը դիտարկել շղթայի մեջ: Ամեն ինչ սկսվեց Ալիեւի՝ Անկարա կատարած վերջին այցից, որ տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահի պաշտոնում նրա վերընտրվելուց անմիջապես հետո: Էրդողանը նրան հստակ հասկացրեց, որ պետք է շուտափույթ ստորագրել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը, քանի որ առաջիկայում հնարավոր են աշխարհաքաղաքական փոփոխություններ, որոնց արդյունքում Ռուսաստանը կարող է ավելի ամրապնդվել տարածաշրջանում, ինչը կարող է շրջադարձային լինել հազար լարի վրա խաղացող ՀՀ գործող իշխանությունների համար: Փաշինյանը, իհարկե, ամեն օր խոսում է խաղաղության պայմանագիր ստորագրելու իր ցանկության մասին, բայց փաստ է, թե ով է ասելու այդ փաստաթուղթը ստորագրել-չստորագրելու մասին վերջին խոսքը: Փաշինյանը շատ խոստումներ է տվել Արեւմուտքին, որ ամեն ինչ կանի՝ Ռուսաստանին այստեղից հեռացնելու համար, բայց մի բան է խոստումը, այլ բան՝ դրա կատարումը:

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցումը, արդեն հասկացանք՝ ՀԱՊԿ-ից դուրս գալ չէ, ՌԴ սահմանապահ զորքերին խնդրագիր գրելն այդ զորքերին «Զվարթնոցից» հեռացնել չէ, 102-րդ բազայի բակում մայմունություններ անելը 102-րդ բազան Հայաստանից հանել չէ: Եվ բոլորի մոտ է հարց առաջանում՝ լավ, այդ Փաշինյանը որեւէ բան կարո՞ղ է անել, թե՞ իրենց քթից բռնած ման է տալիս: Իսկ ի՞նչ կլինի, եթե փորձեն Փաշինյանին շանտաժի ենթարկել եւ ստիպել, որ նա թռնի Ռուսաստանի գլխով եւ Ալիեւի հետ երկկողմ պայմանագիր ստորագրի: Կարծում եմ՝ հենց այստեղ է թաղված շան գլուխը: Ալիեւը, արդյոք, շանտաժի չի՞ ենթարկում Փաշինյանին՝ սպառնալով ցուցադրել Արայիկ Հարությունյանի եւ Լեւոն Մնացականյանի հարցազրույցները: Ի՞նչ երաշխիք կա, որ նրանք իրենց խոսքում չեն բացահայտի ամեն ինչ՝ թե՛ 44-օրյա պայմանավորված պատերազմի եւ թե՛ այդ պատերազմում Փաշինյանի խաղացած խայտառակ դերի մասին: Բայց՝ ոչ, Ալիեւը չի կարող այդքան դաժան վարվել Փաշինյանի հետ: Տեսեք՝ նա նաեւ ժամանակ է տվել Փաշինյանին՝ մի լավ մտածելու․ կա՛մ նոր տարածքներ ես զիջում ու արագ ստորագրում պայմանագիրը, կա՛մ խայտառակ «հարցազրույցները» դառնում են ալամ աշխարհի սեփականությունը: