Բոլոր միջոցառումները կազմակերպում է ընկերոջ ֆիրման

Բոլոր միջոցառումները կազմակերպում է ընկերոջ ֆիրման

Նոր իշխանությունների օրոք լայն թափով շարունակվում է մեկ անձից գնումներ կատարելու եւ իրենց ծանոթ-բարեկամների ընկերություններին «հաղթող ճանաչելու» արատավոր պրակտիկան։ Իսկ եթե անգամ մրցույթ է հայտարարվում, ապա կրկին շահում են ընկերների ընկերությունները։ Եվ այս հարցում առաջամարտիկը, իհարկե, քաղաքապետարանն է՝ իր հեղափոխական քաղաքապետով։ Մարությանը նախ Ամանորին  հայտնի թանկարժեք ու անճաշակ տոնածառը գնեց՝ առանց մրցույթի, հետո՝ այդքան չարչրկված «ԿամԱԶ»-ները, որոնցում ակնհայտ կոռուպցիոն ռիսկ կա։ Հիմա ապրանքների գնումներից անցել են միջոցառումների կազմակերպմանը, որտեղ քաղաքապետարանն ու քաղաքապետարանի բարձրաստիճան դեմքերը լուրջ շահագրգռություն ունեն։ 

Եվ լրիվ «պատահականորեն» պետական կարեւոր, ծախսատար միջոցառումները միշտ շահում է «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը, դարձյալ առանց իրական մրցույթի՝ մեկ անձից գնումով եւ կառավարության որոշմամբ։ Օրինակ՝ «Ֆակտորին» է 24 միլիոն դրամով Ամանորին վառել շուրջ 150 հազար դոլարանոց տոնածառի լույսերն ու ապահովել այդ օրվա տոնական երեկոն։ «Ֆատկորիին» է վստահվել նաեւ Ֆրանկոֆոնիայի միջոցառումների կազմակերպումը, հիմա էլ «Ֆակտորի փրոդաքշնն» է կազմակերպելու Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները Երեւանում, որի համար պետյուջեից հսկայական գումար է հատկացվել։ 

Մեզ ասացին, որ այս հարցում շահագրգռված է հատկապես փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, ով զբաղված է «Ֆակտորի փրոդաքշնի» լոբբինգով, քանզի մտերիմ է ընկերության ղեկավարների հետ։ Մտերմություն կա նաեւ քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, դրա համար էլ, երբ խոշոր միջոցառում է լինում՝ տասնյակ միլիոնների հասնող, որոշում են մեկ անձից կատարել գնումը, որ «Ֆակտորի փրոդաքշնին» բաժին հասնեն յուղոտ տենդերները, իսկ մանր-մունր, ոչ թանկարժեք միջոցառումների դեպքում արդեն բաց մրցույթ են անցկացնում՝ մրցակցության ֆոն ապահովելու համար։  

Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը երեկ չէր ուզում խոսել այս թեմայով՝ պատճառաբանելով, թե միջոցառման է, հարմար չէ։ Հետո, երբ հարցը հնչեցրինք, սկսեց խոսել ու հիշեցրեց, որ Քաղաքացու օրվա միջոցառման մրցույթը քաղաքապետարանը չի անցկացրել, այլ՝ կառավարությունը, եւ խնդրեց հարցերն ուղղել կառավարությանը։ Նկատեցինք, որ այս ընկերությունն իր հետ կապ ունի, իր մտերիմներին է պատկանում, դրա համար մրցույթ չի անցկացվում, եւ մեկ անձից գնումով միշտ այս «Ֆակտորի փրոդաքշնն» է հաղթում։

«Բոլոր ոլորտների լավագույն մասնագետները մեր ընկերներն են։ Եթե մշակութային ոլորտից նայեք, գրեթե բոլոր՝ մշակույթի ոլորտի լավագույն գործիչները, ստեղծագործողները, բեմադրիչները, նկարիչները, տարբեր փրոդաքշնների ընկերություններ մեր ընկերներն են»,- ասաց նա։ Բայց այստեղ կոռուպցիոն ռիսկ կա, մեկ անձից գնում է կատարվում՝ առանց մրցույթի, եւ միշտ նույն ընկերությունն է շահում։ Վիրաբյանը կրկին հիշեցրեց, որ գնումը կատարել է կառավարությունը, եւ որ Երեւանի քաղաքապետարանը Քաղաքացու օրվա միջոցառման հետ որեւէ կապ չունի։
Վիրաբյանին հիշեցրինք, որ Ամանորի միջոցառումն էլ էր նույն «Ֆակտորի փրոդաքշնն» անցկացրել։ Փոխքաղաքապետն այստեղ խնդրեց հարցերը գրավոր ուղարկել։ Երբ պնդեցինք հարցը, պատասխանեց․ «Ես չեմ կարծում, թե հիմա բացահայտում կանեմ, եթե ասեմ, որ «Ֆակտորի» ընկերությունը։ Իհարկե, «Ֆակտորի» ընկերությունն է արել»։ Ապա հիշեցրեց, որ «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը Հայաստանում արել է Ֆրանկոֆոնիայի օրերը, կազմակերպում է մի շարք բանկերի միջոցառումներ ու բրենդինգներ։ «Հիմա ի՞նչ կապ ունի «Ֆակտորի» ընկերությունը»,- զարմացավ փոխքաղաքապետը, երբ նկատեցինք, որ կապ են տեսնում իրենց եւ այդ ընկերության միջեւ։

- Պարոն Վիրաբյան, խոսքն առանց մրցույթի անցկացվող գնումների մասին է, նախորդն էլ էր առանց մրցույթի՝ մեկ անձից, այս մեկն էլ։ Քաղաքապետարանի կողմից, առհասարակ, առանց իրական մրցույթի՝ մեկ անձից կատարվող գնումների մշակույթի մասին է խոսքը՝ սկսած կոնկրետ տեխնիկայի ձեռքբերումներից մինչեւ նմանատիպ միջոցառումների կազմակերպում։

- Տեսեք, բոլոր միջոցառումների համար Երեւանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթներ։ Էս տարի կայացել են մի շարք մրցույթներ, դա Ջազի միջազգային օրն է, դա Ապրիլի 24-ի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներն են, դրանք կայացող մի շարք միջոցառումներն են, որոնց համար հայտարարվում են մրցույթներ, շահում են տարբեր ընկերություններ։

- Բայց մենք տեսնում ենք, որ գերակշռում են մեկ անձից կատարվող գնումները թե՛ միջոցառումների դեպքում, թե՛ այս կամ այն ապրանքի ձեռքբերման։

- Դուք տեսնում եք, ուրեմն բարձրաձայնեք էդ մասին։

- Ամեն օր բարձրաձայնում ենք, վարչապետն էլ հանձնարարեց, որ դատախազությունը զբաղվի դրանով, որովհետեւ կառուպցիոն ռիսկ կա այստեղ, բայց ո՞վ է լսում։

- Եթե ունեք հավելյալ հարցեր, խնդրում եմ, Ձեր հավելյալ հարցերն ուղարկեք, մեծ սիրով կպատասխանենք։