Գազի կուտակվող պարտքի դիմաց վճարելու ենք կա՛մ ԲԷՑ-ով, կա՛մ ՄԱԿ-ում քվեարկություններով

Գազի կուտակվող պարտքի դիմաց վճարելու ենք կա՛մ ԲԷՑ-ով, կա՛մ ՄԱԿ-ում քվեարկություններով

Երեկ մենք հարց էինք ուղղել «Գազպրոմ - Արմենիային»՝ հնարավո՞ր է, որ 10 տոկոսով թանկացման բեռը տարիներ անց դրվի մեր հասարակության վրա, եւ հերթական «գույք՝ պարտքի դիմաց» գործարքը կայանա։ Ընկերությունից մեզ պատասխանել են․ «Հաշվի առնելով ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված նեղ մասնագիտական ուսումնասիրություններ անցկացնելու անհրաժեշտությունը, Ընկերության՝ որպես բնական գազ մատակարարող կազմակերպության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների կառուցվածքում ներառվելիք Ընկերության սակագնային մարժայի (ներառյալ դրա հաշվարկի համար անհրաժեշտ ցուցանիշների) մեծության վերաբերյալ որոշումներ կայացնելու նպատակով՝ ներկայումս աշխատանքային քննարկումներ են անցկացվում էներգետիկայի բնագավառում ՀՀ կառավարության լիազորած մարմնի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համապատասխան մասնագետների մասնակցությամբ»։ Էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանի մեկնաբանությամբ՝ սա նշանակում է հետեւյալը․ ««Գազպրոմ - Արմենիան» քննարկումների արդյունքում պետք է հասկանա, թե գործող 9% շահութաբերության ցուցանիշը որքանով է նպատակահարմար ընկերության օպերացիոն գործունեության համար»: 

Քննարկման մյուս կողմերն են՝ էներգետիկայի նախարարությունը եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

Հիշեցնենք, որ 2018-ի տարեվերջին հայտնի դարձավ, որ ռուսական «Գազպրոմ» պետական ընկերությունը 10 տոկոսով թանկացնում է Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 150-ից դարձնելով 165 դոլար: Հայաստանի իշխանություններն Ամանորից առաջ հայտարարեցին, որ գազի գինը սպառողների համար չի բարձրանա, եւ այդ տարբերությունը կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիա»-ի ծախսերի կրճատման հաշվին, սակայն երեկ անանուն աղբյուրները մամուլին հայտնել էին, որ «Գազպրոմ Արմենիա»-ն չի պատրաստվում իր վրա վերցնել թանկացման բեռը, եւ այդ հարցով ընկերության հետ նույնիսկ բանակցություններ չեն էլ վարվել։ Հետեւաբար, 15 դոլարի պարտքը կուտակվում է, եւ հնարավոր է 1-2 տարի անց էլ Հայաստանը կանգնի փաստի առաջ, ինչպես 2013-ին, երբ սահմանին գազի գնի՝180-189 դոլար բարձրացման արդյունքում (երկրի ներսում սակագները նույնը մնացին) 300 միլիոն դոլարի պարտք կուտակվեց, եւ դրա դիմաց ստիպված եղանք ռուսական գազամատակարար ընկերությանը վաճառել Հայաստանի՝ «ՀայՌուսգազարդում» ունեցած վերջին 20 տոկոս բաժնեմասը, ինչի արդյունքում այն դարձավ 100 տոկոս ռուսական եւ «Գազպրոմ Արմենիա» անունը ստացավ։

Վահե Դավթյանը, որ մոտ 1 ամիս առաջ կանխատեսել էր այս սցենարը՝ նշելով, որ մարժինալությունը պետք է հասցվի գոնե 5-ի, նկատեց․ ««Գազպրոմ Արմենիան» ի սկզբանե պատրաստ չէր փոխհատուցելու։ Առհասարակ, ի սկզբանե, ո՛չ պետության, ո՛չ ընկերության կողմից  խոսք չի եղել որեւէ փոխհատուցման մասին։ Խոսքն այն մասին էր, որ «Գազպրոմ Արմենիան», որն այսօր ստիպված է սահմանին 15 դոլարով ավելի թանկ գնով գազ ձեռք բերել՝ երկրի ներսում ունենալով որոշակի պարտավորվածություն՝ սակագինը պահպանելու 2018-ի մակարդակին, ստիպված է վերանայել իր ֆինանսական քաղաքականությունը։ Մասնավորապես, տվյալ դեպքում խոսքն ընկերության ներդրումային ծրագրի կրճատման մասին է»։

2018-2020թթ․ ընկերության ներդրումային ծրագիրը կազմում է մոտ 32 միլիարդ դրամ, որից 20-ը պետք է ուղղվի Աբովյանի պահուստարան-կայանի հնարավորությունների հզորացմանը։  
Սա հարցի մի կողմն է, իսկ մյուս կողմն այն է, որ, ըստ փորձագետի, «Գազպրոմ Արմենիան» 2019-ին ստիպված է նոր մեխանիզմներ մշակել ընկերության ներսում գազի տեխնիկական կորուստները նվազեցնելու ուղղությամբ, որպեսզի սահմանին գազի սակագնի աճը վնաս չհասցնի ընկերությանը եւ կայուն օպերացիոն գործունեությանը։ Գիտենք, որ ներկայումս ընկերության համակարգում կորուստները տարեկան կազմում են մոտ 140 մլն խորանարդ մետր։ Սա բավականին բարձր ցուցանիշ է՝ համեմատած գազի ներկրվող՝ 2 մլրդ խորանարդ մետր ծավալի հետ։ Առհասարակ, սա բարձր ցուցանիշ է զարգացած գազատրանսպորտային համակարգ ունեցող պետության համար, իսկ մենք մեզ այդպիսին ենք ներկայացնում։

Էներգետիկ փորձագետի գնահատմամբ, այս 2 բաղադրիչների՝ ներդրումային քաղաքականության վերանայում եւ կորուստների քաղաքականության մոդեռնիզացում, կատարելագործման արդյունքում ընկերությունը կկարողանա պահպանել իր շահութաբերությունը եւ վնասներ չի կրի։ Վահե Դավթյանի խոսքով՝ աներկբա է շահութաբերության իջեցման հարցը՝ հաշվի առնելով, թե որքան է կրճատվել երկրում բնական գազի սպառման ծավալը։ Մի քանի թվեր․ 2016-ին Հայաստան է ներկրվել 2․2 մլրդ խորանարդ մետր գազ, 2017-ին, 2018-ին՝ 2 միլիարդ՝ 200 միլիոն խորանարդով պակաս։ Էներգետիկ հարցերով փորձագետը հավելում է, որ ունենալով Հայաստանի առաջ նման պարտավորություն՝ 9 տոկոսանոց շահութաբերություն եւ Հայաստանի նման փոքր սպառման շուկա, գոնե այս պահին «Գազպրոմ - Արմենիան» ստիպված է պահպանել բարձր սակագները։
Բայց այստեղ կա մի «բայց», եւ դա այն է, որ այդ 9 տոկոսի, այսպես ասած, վերանայումը՝ իջեցումը, պետք է իրականացվի 2 երկրների առաջնորդների՝ Պուտին-Փաշինյան տիրույթում։ Հունվարյան բանակցությունների սեղանին նման փաստարկ, նման հարց, գոնե ինչպես հաղորդվեց, չի դրվել։ Որպեսզի մենք էլ կարողանանք գազամատակարարից պահանջել ավելի սոցիալակենտրոն քաղաքականություն երկրի ներսում։

Ի՞նչ է լինելու, եթե շահութաբերության իջեցման հարցում կողմերը համաձայնության չգան, գազամատակարար ընկերությունն էլ չվերանայի իր ներդրումային ծրագիրը։ Վահե Դավթյանն ասաց, որ պարտք կկուտակվի։

Այսօր Հայաստանը չունի 20 տոկոս բաժնեմաս, եւ, ուրեմն, ի՞նչ ենք ստիպված լինելու տալ դրա դիմաց, եթե Հայաստանում գազատրանսպորտային համակարգն ամբողջությամբ ռուսական է։ Վահե Դավթյանն ասում է, որ արդեն կարող է խոսք լինել այլ էներգետիկ ենթակառուցվածքների մասին։ Մասնավորապես, ԲԷՑ-ի, որը, ինչպես հայտնի է, 2017-ի կոնցեսիոն պայմանագրով հանձնվել էր «Տաշիր» ընկերությանը, բայց հեղափոխությունից հետո Հայաստանի իշխանությունն այդ պայմանագիրը չեղյալ հայտարարեց։ 

Փոխհատուցման մեկ այլ ուղղություն, ըստ էներգետիկ հարցերով փորձագետի, կարող է լինել աշխարհաքաղաքական տիրույթում։ Մասնավորապես, տարբեր քաղաքական զիջումների տեսքով։
Մենք, օրինակ, ՄԱԿ-ում դեմ ենք քվեարկում հակառուսական բանաձեւերին, վերջինը դեկտեմբերին էր, երբ դեմ քվեարկեցինք Ղրիմի ու Կերչի միլիտարիզացմանը վերաբերող բանաձեւին։ Իսկ այս գիծը շարունակելու համար կպահանջվեն այլ քաղաքական զիջումներ։