Ճանապարհի պատճառով գյուղին աղջիկ չեն տալիս, շտապօգնությունն էլ « Ռաֆ» են ուղարկում․զինծառայողը մտահոգ է 

Ճանապարհի պատճառով գյուղին աղջիկ չեն տալիս, շտապօգնությունն էլ « Ռաֆ» են ուղարկում․զինծառայողը մտահոգ է 

Խնոձորուտցի 29- ամյա զինծառայող Խաչիկ Բարսեղյանի համար առաջնային խնդիր է դարձել դեպի գյուղ տանող, 13 կմ երկարությամբ ճանապարհի վերանորոգման հարցը։ Բարսեղյանը դիմել է « Հրապարակի» խմբագրություն՝ ակնկալելով, որ,  իր իսկ խոսով, բազմաթիվ երիտասարդների արտագաղթի պատճառ դարձած ճանապարհի հարցին կառավարությունը վերջապես ուշադրություն կդարձնի։ Խնձորուտը սահմանամերձ համայնք է, ճանապարհից օգտվում են նաև դիրքապահները, սակայն 10-20  սանտիմետր խորությամբ փոսերը միայն նրանց չէ, որ ֆինանսական ու ժամանակային կորուստներ են պատճառում։ Չնայած, որ գյուղում ոչ գազ կա, ոչ շխատատեղ, սակայն, այնուամենայնիվ, պայմանագրային զինծառայողը առաջին հերթին  ուզում է, որ հենց ճանապարհի հարցը լուծվի․

«  Ներկա պահին ես դիրքերից եմ իջել, այդ նույն ճանապարհից եմ օգտվում, որը Խնձորուտ և Նոր Ազնաբերդ գյուղեր  բերող ճանապարհն է։ Այդ ճանապարհը կառուցվել է 80- ական թվականներին, մինչ օրս այն ոչ մի կերպ չի վերանկանգնվել, ասվալտ չի արվել։ Ներկայիս փոսերի խորությունը 15-20 սմ է։ Գյուղը սահմանամերձ, սահմանապահ գյուղ է, այդ ճանապարհից զորամասի զինծառայողներն են օգտվում: Խնձորուտը  ներկայումս մոտ 530 բնակչություն ունի, իսկ Նոր Ազնաբերդ համայնքը մոտ 120։ Նոր Ազնաբերդ գյուղում դպրոց չկա, երեխաները հաճախում են մեզ մոտ, դպրոցը մոտ 105 աշակերտ ունի։ Գյուղում չկա մանկապարտեզ, չկա գազ, չկա որևէ աշխատատեղ։ Ես՝ ինքս, 29 տարեկան եմ, ու աշխատելու տարբերակ չի եղել։ Տարիներ շարունակ ծառայում եմ զորամասում։ Ինձ պես շատ տղաներ կան, որ գյուղի ճանապարհի վատ լինելու պատճառով թողել, գնացել են արտերկիր, մինչդեռ ցանկություն ունեին՝ համայնքում բիզնեսով զբաղվելու ։ 2015-1018  թվականներին մոտ 20 ընտանիք ճանապարհների պատճառով լքել է համայնքը։ Ասում եմ՝ ցավդ տանեմ, էդ ո՞ւր ես գնում, բոլորդ գնացիք, մնացինք մի քանի հոգի այս գյուղում, վերջը ի՞նչ է լինելու։ Ինձ բացատրում են, որ աշխատում են մի  150 հազար դրամ փող, մի 60- 70-ը ճանապարհի պատճառով տալիս եմ մեքենային, տակը էլ գումար չի մնում, իրենց ավելի ձեռնտու է երևանում աշխատելն ու ապրելը։ Ես շատ եմ ցավում, որ ճանապահի պատճառով թողնում, գնում են»։

Բարսեղյանի խոսքով՝ նախկինում՝ ընտրությունից- ընտրություն, եկել են, խոստումներ տվել, սակայն հետո՝ «  ես՝ ով, դու՝ ով»։ Այս հարով Խաչիկ Բարսեղյանը ցանկացել է հանդիպել նաև Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին, սակայն, Բարսեղյանի պնդմամաբ, իրեն թույլ չեն տվել հանդիպել մարզպետի հետ․  
« Իրենք պարբերաբար՝ ընտրությունների ընտրություն գալիս են, ասում են, որ ամեն ինչ լավ կլինի, ճանապարհը անպայման կվերանորոգվի, դրանից հետո բերել, մի երկու բահ հող են գցել՝ կոպիտ ասած, մեզ լռեցնելու համար, թե տեսեք, աշխատում ենք, անում ենք, ժողովուրդ  ջան, ամեն ինչ լավ կլինի, մի նեղվեք։ Հովիկ Աբրահամյանը եկավ, խոստացավ, չարեց, Աշոտ Արսենյանը եկավ՝ բա ինձ ընտրեք, հարյուր տոկոս ձայն տվեք, ես անցնեմ, վաղը ճանապարհը սկսում եմ։ Ընտրեցինք, քանի՞ տարի է անցել, ոչ մի բան չի արվել։ Ես որպես սահմանապահ գյուղում ապրող մարդ, որպես զինծառայող, ես ինձ վատ եմ զգում, որ մի՞թե կարելի է այսքան ստորացուցիչ ճանապարհներ ունենալ։ Ես միայնակ գնացել եմ մարզպետարան, որպեսզի անձամբ մարզպետին հարցնեմ, թե ի՞նչ է մտածում մեր ճանապարհի հարցով, չեմ կարողցել տեսնել իրեն, ինձ թույլ չեն տվել։ Խոսակցություններ կային, որ իբր մեր ճանապարհը հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրների ցանկում է, սակայն բանից պարզվում է, որ մեր գյուղը էլի չկա։ Դե խեղճ սահմանամերձ գյուղի բնակչություն, էլ ինչքա՞ն սպասի։ Մարդ կա, որ ուզում է ամուսնանալ,օրինակ՝ Եղեգնաձորից աղջիկ է հավանում, չեն տալիս, ասում են՝ ինչի՞ պիտի այդ հեռու գյուղը թողենք որ գնա մեր քույրը, ոչ ճանապարհը կա, ոչ՝ բան»։
«  Օրինակ եթե Խնձորուտում հիվանդ մարդ է լինում, շտապօգնության ամենահին մեքենան են ուղարկում։ Վերջերս, երբ մեր քավորը մահացավ, հին « Ռաֆ» էին ուղարկել, դա էլ ճանապարհին հանգել էր։ Այդ ճանապարհի պատճառով է, որ շատապ օգնությունը հաճախ չի գալիս, կամ ուշ է գալիս։ Լինում է, որ հրշեջ մեքենան մինչև տեղ է հասնում, արդեն վառված է լինում ամեն ինչը»։