Էդիկ Հարությունյանն էլ որդու սպանության հանգամանքների մասին նոր տվյալներ է հաղորդել 

Էդիկ Հարությունյանն էլ որդու սպանության հանգամանքների մասին նոր տվյալներ է հաղորդել 

Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ՀՔԾ-ն հետևողական է աշխատում՝ ընդգծելով, որ մարտի մեկին սպանված Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար 11 տարի անց ձերբակալվում է ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի տեղակալը՝ շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն էլ երեկ տարածած հաղորդգրության մեջ նշել էր, որ  ոստիկանության շտաբի նախկին պետը ձորբակալվել է հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով։ Նշվում է նաև, որ տարիներ շարունակ հրապարակվող պաշտոնական տեղեկատվության համաձայն, 31-ամյա Զաքար Հովհաննիսյանը վիրավորվել է Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների ժամանակ․ տեղափոխվել է հիվանդանոց, վիրահատվել, բայց գիտակցության չգալով՝ մահացել է։ Համաձայն դատաբժշկական եզրակացության՝ «Զաքար Հովհաննիսյանի դիակի վրա հայտնաբերվել է հրազենային մուտքի վնասվածք: Մահվան պատճառ է հանդիսացել վնասվածքի հետևանքով առաջացած արյան սուր կորուստը»:

Թե կոնկրետ Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ ինչու է մեղադրվում Գեղամ Պետրոսյանը, ո՛չ նախաքննական մարմնից, ո՛չ նրա հարազատներից պարզել չհաջողվեց, քանի որ Զաքար Հովհաննիսյանի ծնողները մահացած են, նա ամուսնացած չի եղել, ունի մեկ քույր, որը մամուլի ու մարտիմեկյան զոհերի հարազատների հետ շփումներ չունի։

Փոխարենը տեղեկացանք, որ 2008թ․ Մաշտոցի գետնանցումի վրա` «ԱԿՍ» տեսակի ավտոմատի կրակոցից մահացու վիրավորում ստացած Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը ևս նոր հանգամանքների պատճառով նոր տվյալներ է ներկայացրել նախաքննական մարմինին՝ որդու մահվան հանգամանքների հետ կապված։

«Թավշյա հեղափոխությունից հետո նոր հանգամանքներ, ինչ գիտեի, ամբողջությամբ հավաստի տվյալներ, որոնք ներկայացրել եմ թե՛ Հատուկ քննչական, թե՛ դատախազություն, թե՛ Ազգային անվտանգություն, բայց ոնց տեսնում եմ՝ գործը տեղից չի շարժվում»,-ասաց նա։
Թե ինչ նոր հանգամանքներ են, Էդիկ Հարությունյանը չի կարող հայտնել՝ կաշկանդված լինելով նախաքննական գաղտնիքով։ Միայն ասաց, որ նրա մահը պատահական չի եղել։

Հիշեցնենք, որ Սամվել Հարությունյանը մահացել էր 41 օր հիվանդանոցում մնալուց հետո։
Վերջինս ասաց, որ ժամանակն է, որ ձերբակալվի նաև Գեղամ Պետրոսյանի ղեկավարը՝ ԱԺ նախկին պատգաավոր Գրիգոր Գրիգորյանը։