Հա, խեցգետինն ազգովի, մաս-մաս կերել են, վերավաճառել

Հա, խեցգետինն ազգովի, մաս-մաս կերել են, վերավաճառել

Հարցազրույց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանի հետ, ով ներկա էր Սեւանի հարցով ԱԺ քննարկմանը։

- Տպավորություն է, որ Սեւանի հանգստյան տների սեփականատերերի ազդեցության տակ եք, կոպտում եք, վիրավորում եք ԳԱԱ հիդրոէկոլոգիայի ինստիտուտի աշխատակցին, ասում եք՝ բաներ կան, որ «չպետք է բարձրաձայնեք»։

- Ինձ լավ երեւի չեք ճանաչում, թե չէի կիմանայիք, որ ես չեմ կարող ինչ-որ մարդկանց ազդեցության տակ լինել։

- Չէ, ենթադրում եմ, որ ուղղակի տեղական հայրենասիրությամբ եք տառապում։

- Ես ոչ մեկի ազդեցության տակ չեմ, իմ ժողովրդի մասին եւ Սեւանի մասին եմ մտածում։ Առաջինը՝ Սեւանի մասին, հետո՝ իմ ժողովրդի, որովհետեւ էդ մարդիկ ուրիշ ձեւ չունեն ապրելու։ Սեւանը, այո, հիվանդ է, բայց իր ժողովրդին չի հիվանդացնում։ Սեւանի հիվանդությունը վտանգավոր չէ մարդկության համար, մեջի ձկների համար։ Առայժմ։

Մի ամիս առաջ Սեւանի ափին կառավարության ներկայությամբ քննարկում էր, նույն բանն էլի եմ ասել։

- Բայց ինչպե՞ս բռնել, եթե լճում ձուկ չի մնացել։

- Ո՞նց չի մնացել, եթե ամեն օր ձուկ են ուտում։

- Պարոն Մադաթյան, Սեւանն աղետալի վիճակում է, ընդհուպ ասում են՝ տարեք ավտոմատավորներին կանգնեցրեք, մի թողեք, որ ձուկ բռնեն։

- Թող տանեն, շատ լավ կլինի։ Բայց թող բնակիչների համար նախ ապրելու ինչ-որ պայմաններ ստեղծեն։ Ավտոմատավոր պետք չէ, եթե էդ մարդկանց ապրելու հնարավորություն տրվի, իրենք էլ չեն անի։ Ձուկ բռնելը հեշտ գործ չէ, շատ դաժան է։

- Եթե դանակը հասել է ոսկորին, եթե մի քիչ էլ բռնեն, իրենք չե՞ն տուժելու։

- Իհարկե, պետք է իրենք էլ հասկանան, որ մնա, հզորանա, Սեւանը զարգանա, ձուկը շատանա, վերջի իտոգ՝ էլի իրենց է օգուտ լինելու։

- Ովքե՞ր են բերում չինական մանրացանցերը, գցում Սեւանը։ Օլիգարխնե՞ր են։

- Օլիգարխներ չեն, մարդիկ են, բիզնես են անում։ Հիմա դրանք մեր սահմանով են անցնում, ճի՞շտ ա։ Չինաստանից մեր մաքսատներում են, չէ՞, «ռաստամոժկա» անում։ Կարան արգելեն, չթույլատրեն այդ ցանցերը ներկրել։ Ես չգիտեմ, թե ովքեր են բերում։ Ցանցեր բերողները կարան տեղի բնակիչ չլինել։ Կարան տեղից էլ լինել, չգիտեմ։

- Տեղյա՞կ եք՝ ո՞վ է սիգն արտահանում արտերկիր։

- Ես երեկ Ֆեյսբուքից եմ իմացել, էսքան տարի ապրել եմ, չեմ իմացել, ու երեւի ստաբիլ տենց գործարաններ չեն կարա աշխատել։ Ստաբիլ սիգը չի բռնցվում, չի աշխատի։ Չեմ հավատում, որ գործարան լինի։ Օբյեկտների տերերը, հա, իրենց տներում սիգը պահածոյացնում են, իրենց ռեստորաններում վերավաճառում են։

- Իսկ խեցգետի՞նը։

- Խեցգետին էլ չկա։

- Հանե՞լ են։

- Հա, հանել են, ճիշտ եք ասում, կերել են, մաս-մաս ազգովի են կերել, վերավաճառել են, տարել են, արտասահմաններում վաճառել են։ Հիմա չկա։ Էլ իմաստը՝ դրա մասին խոսելու, ո՞րն է։ Հիմա եղածին պտի աշխատենք տեր կանգնել։