Տաթևիկ Ռևազյանը կարող է Տիեզերք թռչել
«Այսքան կամերա կյանքումս չեմ տեսել»,- այս տարվա հուլիսի 15-ին, պաշտոնավարման մեկ տարին ամփոփելիս, մամլո ասուլիսի ժամանակ անկեղծորեն զարմացավ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը: 31-ամյա Տաթեւիկը ոչ միայն այդքան տեսախցիկ եւ լրագրող չէր տեսել, այլեւ ՀՀ պետական բյուջեի հաշվին ճանապարհորդելու հնարավորություն չէր ունեցել: Ըստ «Հրապարակ» թերթի՝ պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում նա «շրջագայել է 11 երկրի 13 քաղաքով, ինչի համար ՀՀ քաղաքացիները վճարել են շուրջ 18 մլն դրամ, որից ավելի քան 12 մլն դրամ՝ ավիատոմսերի համար եւ ավելի քան 5.5 մլն դրամ՝ օրապահիկի եւ գիշերավարձի»: «Ես սիրում եմ ճանապարհորդել, եթե կոնկրետ արդյունքներ կարամ բերեմ»,- նմանօրինակ հաշվարկներին եւ մեղադրանքներին ի պատասխան՝ հիշյալ ասուլիսում նշել է Տաթեւիկը:
«Կոնկրետ արդյունքները» բնության մեջ, ավելի կոնկրետ՝ հետհեղափոխական հայկական ավիացիայում իսպառ բացակայում են: Մեկ տարվա ընթացքում «կոնկրետ արդյունքների» մասին հարցադրումներին ի պատասխան՝ քաղավիացիայի կոմիտեի նախագահը ՀՀ քաղաքացիների գլխավերեւում թափահարում է եվրոպական երկու բյուջետային ավիաընկերությունների՝ Ryanair-ի եւ Wizz air-ի՝ հայկական ավիաշուկա մուտք գործելու խոստումները, որոնք համառորեն իրականություն չեն դառնում:
Հիշյալ ասուլիսի ընթացքում Ռեւազյանը տարակուսելի ինքնավստահությամբ ներկայացնում էր «կոնկրետ արդյունքների» շղթան օղակ առ օղակ, որոնցից մեկն էլ ռուս-վրացական վերջին քաղաքական հակասությունների պատճառով դեպի Վրաստան ռուսական ավիաթռիչքների կասեցման հետեւանքով Երեւան-Բաթում նոր ուղղության բացումն էր: Մինչդեռ: Ըստ Tickets.am-ի կայքի ամրագրման հնարավորության՝ օգոստոսի 9-12-ը Georgian airways ավիաընկերության՝ այս ուղղության երկկողմանի թռիչքի ամենաէժան ավիատոմսն արժե 197 հազար դրամ՝ 411 ԱՄՆ դոլար: Սովորաբար, վրացական լողափերը նախընտրում են բյուջետային հանգստի հնարավորություն եւ նախապատվություն ունեցող ՀՀ քաղաքացիները, որոնք այնտեղ են մեկնում ընտանեկան հանգստի, ասել է թե՝ 3-4 անձի դեպքում այդ ուղղությունը մեկ ընտանիքի համար կարժենա 1200-1600 ԱՄՆ դոլար, որով ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին կարող է անգամ զբոսաշրջային թեժ սեզոնին մեկնել եվրոպական այլ երկիր հենց Վրաստանից:
Այսպես կարելի է նաեւ խոստանալ Երեւան-Տիեզերք նոր ուղղություն, մանավանդ որ ցանկացած բանակցություն իրականություն դարձնելու համար Ռեւազյանը նշում է ամենաիրատեսական եւ ամենակարճ ժամկետը՝ մինչեւ 15 տարի:
«Կոնկրետ արդյունքների» ոսկե շղթայի հաջորդ օղակը ավիատոմսերի մեջ ներառված 10 հազ. դրամ պետական տուրքի՝ «օդի հարկի» վերանայումն է: Այդ գովելի նախաձեռնությունը միանգամից բախվում է հայկական սահմանափակումների եւ խտրականության դրսեւորումների հետ՝ այն միայն տարածվելու է հայկական ավիաշուկա մտնել ձգտող նոր ուղղությունների վրա: Ընդ որում, դեռեւս մեր երազներում հայտնվող բյուջետային ավիաընկերությունների համար էլ ուղղությունների սահմանափակումներ են գործելու՝ մենաշնորհ թույլ չտալու համար: Թեպետ հայկական ավիաշուկայում, քաղաքացիական եւ ռազմական ավիացիայում իրականում մեկ անփոփոխ մենաշնորհ է վաղուց առկա՝ ռուսական մենաշնորհը, որը չվերանայվեց նաեւ թավշյա հեղափոխությունից հետո: Վերոհիշյալ ասուլիսում այդ մասին ո՛չ հարց եղավ, ո՛չ էլ, բնականաբար, պատասխան: Թերեւս այն պատճառով, որ Հայաստանում ռուսական ներկայությունը ՀՀ քաղաքացիների մեծ մասին միայն երջանկացնում է:
Հետհեղափոխական հայկական ավիացիայի «ձեռքբերումների» շղթայում բացակայում է այնպիսի կարեւոր օղակ, ինչպիսին «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքների գիշերային ժամերի վերանայումն է. Երեւանից եւ դեպի Երեւան թռիչքների մեծ մասը շարունակում է իրականացվել գիշերային ժամերի՝ անհարմարությունների եւ անքնության դատապարտելով ուղեւորներին։
Սա դարձել է նոր հայկական պետության ավիացիոն այն հանգույցը, որն այդպես չի կարողանում քանդել եւ ոչ մի կառավարություն: ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը թեպետ Ալեքսանդր Մակեդոնացին չէ, որը թրի մի հարվածով կտրի այդ հանգույցը, սակայն «հարց լուծող» է եւ, որպես հեղափոխական իշխանության «կլասիկ» ներկայացուցիչ, ունի մեծ ինքնավստահություն եւ բարձր ինքնագնահատական: Եվ առանց ավելորդ համեստության կարող է ընդգծել, որ թեպետ ավիաընկերությունների հետ բանակցելն իր գործառույթը չէ, սակայն «կառավարությունն ինձ հանձնարարել է բանակցել ավիաընկերությունների հետ, քանի որ ես մեծ կապեր, մեծ փորձ ունեմ այս ոլորտում»: Թե ինչպես է 31-ամյա երիտասարդ աղջիկը՝ Momondo ճանապարհորդական որոնման կայքի՝ վաճառքի գծով նախկին մենեջերը, հասցրել կուտակել այդ մեծ փորձը, անհայտ է:
Ազգային ավիափոխադրողի ձեւավորման, ավիատոմսերի սակագների նվազեցման, նոր ավիաընկերությունների ներգրավման մասին հարցերին եւ համառ պահանջներին ի պատասխան, ՀՀ քաղավիացիայի ղեկավարը հիմնականում թեթեւասահ նետում է. «Ընդհանրապես դա մեր գործառույթի հետ կապված չէ»:
Թեպետ «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է, որ հենց լիազորված այդ մարմինն է իրականացնում պետական քաղաքականությունն ավիացիայի ոլորտում՝ ապահովելու եւ վերահսկելու ավիացիոն գործունեությունը՝ նպաստելով «ավիացիայի զարգացմանն ու աջակցմանը, հասարակական պահանջների բավարարմանը օդային փոխադրումների, ավիացիոն աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման ժամանակ, ինչպես նաեւ օդանավակայանների ստեղծմանը եւ շահագործմանն ուղղված՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կազմակերպչական, արտադրական, գիտական եւ այլ գործունեությանը»:
Հուլիսի 15-ի՝ Տաթիկ Ռեւազյանի մեկ տարվա պաշտոնավարման ամփոփիչ ասուլիսը մեկ անգամ եւս վկայեց, որ նա անտեղյակ է ոչ միայն պաշտոնեական գործառույթներից եւ պարտականություններից, այլեւ ոլորտի խնդիրներից, քաղավիացիայի կարեւորության եւ նշանակության ընկալումից: Կրկնակի շրջափակման դատապարտված Հայաստանի համար օդուղիները երկրի շնչուղիներն են, որոնք Հայաստանում անվերջ խցանվում են, մինչդեռ Հայաստանի լիաթոք շնչառության համար այդ շնչուղիները պետք է բացել:
Եվ ինչպես հայաստանյան նոր իշխանությունը չունի Հայաստանի զարգացման տեսլական, այնպես էլ այդ իշխանության ներկայացուցիչ Տաթեւիկ Ռեւազյանը չունի հայկական ավիացիայի զարգացման, ավելի ճիշտ՝ փրկության մասին պարզ պատկերացում անգամ: Ռեւազյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային ձախող քաղաքականության հերթական վկայությունն է:
Հետհեղափոխական Հայաստանում քաղավիացիայի ոլորտի եւ ոչ մի խնդիր իրականում չի լուծվել: Փոխարենը՝ հեղափոխական պաշտոնյաները, որոնք թեպետ «չաղ, փորով ու քաչալ չեն», սակայն դատարկախոս են, երեսառած, ինքնավստահ եւ մեծամիտ:
Այդ ինքնավստահությամբ Տաթեւիկ Ռեւազյանը կարող է նաեւ տիեզերք թռչել՝ Աստծո հետ բանակցելու եւ «հարց լուծելու», եթե ՀՀ պետբյուջեն կարողանա վճարել հայկական ավիացիայի՝ ճանապարհորդել սիրող, 30 հազար դոլար արժողությամբ նոր ծառայողական մեքենայով երթեւեկող դանիահայ ղեկավարի համար:
Կարծիքներ