27 պատգամավորը մեզ վրա կնստի տարեկան ևս 308 մլն դրամ

27 պատգամավորը մեզ վրա կնստի տարեկան ևս 308 մլն դրամ

Արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորված նոր խորհրդարանը կունենա 132 պատգամավոր։ Սա նախորդ՝ վեցերորդ գումարման խորհրդարանի պատգամավորների քանակից 27-ով ավելի է․ նախորդում 105 պատգամավոր կար։ Դրանից առաջ ԱԺ-ում պատգամավորների թիվը ստաբիլ 131 էր։ Թե ինչու է պառլամենտարիզմին անցում կատարելուց ու նոր Սահմանադրությունը փոխելուց հետո խորհրդարանում պատգամավորների թիվը լողացող, պետք է հարցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, որը օրենսդրությունը գրողներից էր, ինչպես նաեւ իր գործընկեր Վարդան Պողոսյանը։ Հենց նրանք կարեցին իրենց ու Սերժ Սարգսյանի հագով Սահմանադրությունն ու փոխանցեցին Նիկոլ Փաշինյանին, որը սկզբում այն բարեփոխելու մտադրություն ուներ, բայց ընթացքում հասկացան, որ լավ էլ հարմար Սահմանադրություն է՝ ինչի փոխենք որ։ Եւ ՀՀԿ-ն սրանով ընկավ իր փորած փոսը։

Տարիներ շարունակ մենք բողոքել ենք, որ մեր հարկերի հաշվին 100-ից ավելի պատգամավոր բարձր աշխատավարձ է ստանում, օգտվում պետբյուջեի հաշվին շրջագայելու, օրապահիկ ստանալու և ծառայողական ավտոմեքենա ունենալու հաճույքներից ու երկրին որևէ օգուտ չեն տալու։ Հիմա մեր հաշվին այդ հաճույքներից օգտվողների թիվն ավելանալու է ևս 27-ով։ Բայց կարող էին նրանք ավելի շատ լինել, եթե ժողովուրդը 70 տոկոսի փոխարեն, օրինակ, 90 տոկոս ձայն տար «Իմ քայլին»։ Թովմասյանն այնպես է ձևել Սահմանադրությունը, որ պատգամավորների թիվը կարող էր անգամ 150 կամ 160 լինել․ էլի լավ ենք պրծել։

Հիշեցնենք․ ԱԺ շարքային պատգամավորների աշխատավարձը 661 հազար 400 հազար դրամ՝ ներառյալ հարկերը, դրանից իրենց մաքուր մնում էր 480 հազար դրամ, հանձնաժողովի նախագահի տեղակալները 693 հազար դրամ էին ստանում, հանձնաժողովի նախագահները՝ 730 հազար դրամ։

Ֆինանսների նախարարությունից մեզ փոխանցած տվյալների համաձայն՝ 2018 թվականին ԱԺ պահպանման ծախսերի գծով ընթացիկ ծախսերի համար հատկացվել է 4 մլրդ 645 մլն  204 հազար 500 դրամ, որից միայն 3 մլրդ 33 մլն 802 հազար 800 դրամը՝ չոր աշխատավարձ։ Իսկ 2019-ի բյուջեով այդ թիվն ավելացել է՝ հասնելով 4 մլրդ 968 մլն 459 հազար 400 դրամի, որից 3 մլրդ 632 մլն 45 հազար 700 դրամն է աշխատանքի վարձատրության գումար։ Բայց 2019-ի բյուջեն ընդունելիս չգիտեին՝ քանի պատգամավոր կունենա խորհրդարանը։

Ազգային ժողովից մեզ ասացին, որ 308 մլն դրամ է պահանջվելու այդ ավելացած 27 պատգամավորի ծախսերը փակելու համար։ Դրա մեջ մտնում է պատգամավորների աշխատավարձը, նաև ամսական 50 հազար դրամ պատգամավորական վճար։ Այսինքն՝ հերիք չէ աշխատավարձ են ստանում՝ որպես պատգամավոր, մի բան էլ պատգամավորական վճար են ստանում՝ չգիտես, թե ինչի համար։ Այս գումարի մեջ է մտնում նաև պատգամավորների օգնականների աշխատավարձը՝ 198 հազար 500 դրամ։ Կարճ ասած՝ մեր հարկերի հաշվին մենք կերակրելու ենք ևս 27 պատգամավորի, որոնց աշխատանքի արդյունավետությունը հարց է՝ որքանով կկոմպենսացնի այն 308 մլն դրամը կամ մոտ 650 հազար դոլարը, որը նրանք ստանալու են բյուջեից։ Ու քանի որ 2019-ի բյուջեով այդ գումարը նախատեսված չէր, ԱԺ աշխատակազմն արեն դիմել է ֆիննախին, որ պահուստային ֆոնդից իրենց լրացուցիչ գումար հատկացնեն։ 

Բայց պատգամավորների վրա ծախսերը միայն այսքանով չեն ավարտվում։ Պետությունը գումար է ծախսում նաև նրանց գործուղումների վրա, այդ գործուղումների ժամանակ տրամադրված օրապահիկների վրա, որոնք միջինը 100 եվրո են կազմում, հատկապես եվրոպական երկրներ ճամփորդելու, ինչը լիովին բավարար է, ասենք, Փարիզում շոփինգ անելու և ռեստորաններում ճաշելու համար։