Բնապահպանական աղետ՝ Կապանում

Բնապահպանական աղետ՝ Կապանում

Հայաստանի բնապահպանական ճակատը հանրային հսկողություն է իրականացնում էկոլոգիապես խոցելի գոտիներում՝ Թեղուտում, Ամուլսարում, Շնողում, Ախթալայում, Սեւանում։ Արդեն մի քանի օր է՝ կազմակերպությունը տարածում է դեղին փոշով պատված Կապան քաղաքի ահասարսուռ պատկերները։ Կապանում հունիսի 5-ին դեղին անձրեւ է եկել, եւ թունավոր ջրերը ներկել են քաղաքը, թթվային գետակներ են հոսում փողոցներով։ Դրանք, ըստ բնապահպանների, ծանր մետաղների անթույլատրելի բարձր կոնցենտրացիայի արդյունք են։ 

«Կապանում տասնյակ տարիներ ստորգետնյա եղանակով շահագործվում է Շահումյանի ոսկու-բազմամետաղային հանքավայրը, հարյուր տարուց ավել էլ շահագործվել է Կավարտ թաղամասի մոտ գտնվող բաց հանքը եւ Կենտրոնական հանքավայրը (Լենհանքերը), որն այժմ ամբողջովին լքված է եւ մատնված անտերության։ Անձրեւաջրերը լվանում են այդ հանքերի եւ դրանց բազմաթիվ թափոնակույտերի թթվային ապարներն ու դեղնադարչնագույն առվակների տեսքով հոսում են Կապան քաղաքի փողոցներով, Ողջի գետի վտակներով՝ ի վերջո լցվելով Ողջի գետը»,- տագնապում են բնապահպանները։ 

Համացանցով տարածված լուսանկարներին եւ տեսանյութերին բնապահպանության նախարարությունը ոչ մի կերպ չի արձագանքում։ «Պետք է դիմել բնապահպանության տեսչությանը։ Հնարավոր է՝ դա կավային նստվածք է կամ թթվային դրենաժ, մենք որտեղի՞ց իմանանք։ Իրենք պետք է փորձաքննություն անեն»,- ասում է նախարարության մամուլի հարցերի պատասխանատու Արմեն Վարդանյանը։ Հիմա եթե Ողջի գետը կեղտոտված է, ի՞նչ եք անում, որ այդ վիճակը վերանա։ Սա Ձեզ չի՞ անհանգստացնում։ «Իհարկե, անհանգստացնում է։ Բայց մենք չենք կարող այստեղից այնտեղ նկարներով որոշել, թե ինչ է կատարվել։ Տեսչությունը գնացել է, պետք է նմուշներ վերցնի եւ ուղարկի»,- պատասխանեց Վարդանյանը։ 

«Ողջի գետի, Կապանի աղտոտվածությունը տեսչական մարմնի խնդիրը չէ։ Կավարտի հանքը վաղուց փակված է, դա հստակ բնապահպանության նախարարության գործն է։ Շրջակա միջավայրի մոնիտորինգի կենտրոն ունեն, իրենք անալիզներ են վերցնում ջրերի, տվյալներ են հրապարակում։ Դա ինչ-որ մի կազմակերպության խախտում չէ, որ բնապահպանական տեսչությունը ստուգի ու գնա տուգանի կազմակերպությանը»,- գտնում է ՀԲՃ անդամ, աշխարհագրագետ Լեւոն Գալստյանը։ 

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը ժամանակին անցել է Ողջի գետի երկայնքով, այնտեղ տեղադրված պոչամբարներն ուսումնասիրել է։ «Սուլֆիդային հանքեր են դրանք, այնտեղ ծծմբի մեծ քանակություն կա, եւ այդ ջրիկացած միջավայրում առաջանում է ցածր կոնցենտրացիայի ծծմբական թթու, որն իր մեջ լուծում է ծանր մետաղների աղերը։ Դրանք սովորական ջրում չեն լուծվում։ Հենց սա է թթվային դրենաժ կոչվածը։ Ողջի գետի երկայնքով պոչամբարներն ուսումնասիրելիս կոպտագույն խախտումներ եմ նկատել։ Ես չեմ տեսնում իրավիճակը շտկելու ոչ մի միտում»,- ասում է Հակոբ Սանասարյանը։ 

Կավարտի հանքի թունավոր ազդեցության վերաբերյալ ՍՈՍ ազդանշանը բնապահպանները սփռում են համարյա ամեն տարի։ Վերջին փորձաքննությունը նախաձեռնել էին 2017 թվականի մայիսին։ Բնապահպանական ճակատի անդամներն այն ժամանակ փորձաքննության էին հանձնել Ողջի գետի վտակ Կավարտ գետով հոսող ջուրը։ Արդյունքում պարզել էին, որ ջրի թթվայնությունը (ջրի ջրածնային ցուցիչը) նորմայից անցել է խիստ թթվային միջավայր։ «Դա էլ իր հերթին առաջացրել էր ջրում ծանր եւ վտանգավոր մետաղների ու որոշ իոնների կոնցենտրացիաների ահռելի մեծացում։ Դրանք տասնյակ, հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր անգամ գերազանցում էին սահմանված էկոլոգիական նորմերը։ Սա հենց մետաղական հանքերի թթվային ապարների դրենաժի դասական օրինակ է, որը լրջագույն եւ անկառավարելի էկոլոգիական խնդիր է, անխուսափելիորեն առաջանում է բոլոր սուլֆիդային մետաղական հանքավայրերի շահագործման ընթացքում՝ շարունակվելով հարյուրավոր տարիներ»,- հաշվետվություններում գրել էր ՀԲՃ-ն։ Այդ օրվանից կառավարություն է փոխվել, նախարարներ, բնապահպանական տեսչության կառուցվածք, ղեկավարներ, բայց Կապանի աղետը չի վերանում, մետաղական հանքերի շահագործման հետեւանքով աղտոտվող տարածքները չեն մաքրվում։