Ցածր նվազագույն աշխատավարձի նիշի պահպանումը դեգրադացնող ազդեցություն է թողնում

Ցածր նվազագույն աշխատավարձի նիշի պահպանումը դեգրադացնող ազդեցություն է թողնում

Կառավարությունը երեկ ընդունեց 80 հազար մարդու համար նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար  դարձնելու նախագիծը։ Այսինքն՝ իմքայլական պատգամավորներ Բաբկեն Թունյանի ու Վարազդատ Կարապետյանի նույնանման առաջարկությանն ավելացավ եւս 4 հազար դրամ։ Լուրն իշխանավորների եւ «աջակից խմբերի» ֆեյսբուքյան էջերից երկրաչափական պրոգրեսիայով կիսվում եւ մեկնաբանում էին որպես հաղթանակ։ Իհարկե, լավ է, որ երկրում նվազագույն աշխատավարձը 13 հազար դրամով ավելանում է, որովհետեւ 68 հազարն ավելի լավ է, քան 55 հազարը։ Այլ խնդիր է, որ, ինչպես ասում են ֆինանսիստները, նվազագույն աշխատավարձի տրամաբանության մեջ շատ կարեւոր է, որ  միջին եւ միջինից բարձր աշխատավարձերը միմյանց հետ որոշակի հարաբերակցության մեջ լինեն եւ համամասնաբար բարձրանան։ Մենք զրուցել ենք տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ։

- Տեսակետ կա, որ նվազագույն եւ միջին աշխատավարձերը փոխկապակցված են, եւ որ նվազագույնի ու միջինի բարձրացման դեպքում կառավարությունը շատ ավելի հիմնավորված կարող էր խոսել էֆեկտի մասին։

- Նվազագույն եւ միջին աշխատավարձի ու կենսաթոշակային միջինի միջեւ, այո, կա որոշակի կախվածություն, եւ դա նորմատիվ է։ Այնպես որ, կա խնդիր։ Բայց ընդհանուր մակրոտնտեսական միտումները երեւի հնարավորություն տալիս են էդպիսի փոփոխություն կատարելու, որովհետեւ առնվազն 3 տարի նման փոփոխություն չի եղել։ Նման փոփոխություն խոստանում էր Կարեն Կարապետյանի կաբինետը, բայց այդպես էլ չարեց։ Նրանք գնում էին հարկաբյուջետային կոնսոլիդացիայի ճանապարհով։ Այսինքն՝ պետական ծախսերն անընդհատ զսպելու, հավասարակշռությունը եւ բյուջեի դեֆիցիտը կայունության նորմայի սահմաններում պահելու։ Եվ այդ քաղաքականությունը, փաստորեն, փոխանցվեց Նիկոլ Փաշինյանին։ Հիմա կա նման նախընտրական խոստում, եւ կառավարությունը Թունյան-Կարապետյանին, փաստորեն, առաջանցիկ ավելացում է առաջարկում։ 

- Այսինքն՝ կառավարությունն ավելի առատաձեռն գտնվեց, քան Թունյանն ու Կարապետյանը։

- Սա, ինչպես կազինոյում, եթե դուք դնում եք 63 հազարի վրա, ես 68-ի վրա կդնեմ։ Այն, որ 80 հազար մարդու իրավիճակը կբարելավվի (մասնավոր հատվածում՝ 45 հազար, պետականում՝ 35) 13 հազար դրամով։ Եվ փոփոխությունների արդյունքում պետական բյուջեից կպահանջվի տարեկան լրացուցիչ 840 միլիոն, համայնքային բյուջեներից՝ 392 միլիոն դրամ։ Ընդհանուր՝ մոտ 3․5 միլիարդ դրամի հավելյալ ծախս է ենթադրում։ Եթե նայենք նվազագույն աշխատավարձի քաղաքականության տեսանկյունից, այո, դա հավելյալ պահանջներ, ճնշումներ է առաջացնելու կենսաթոշակային ֆոնդի վրա։ Այնտեղ այդ 60 տոկոսի պահանջը՝ նվազագույն աշխատավարձի, պետք է ապահովվի, եւ դա միջնաժամկետ լուրջ խնդիր կարող է ստեղծել։ Բայց, մյուս կողմից, երկար ժամանակ այս ցածր նվազագույն աշխատավարձի նիշի պահպանումը դեգրադացնող ազդեցություն է թողնում աշխատուժի վրա։ Որակյալ աշխատուժի առումով է խնդիրներ ստեղծում։ Մարդիկ ուղղակի խթան չեն ունենում՝ զբաղվել իրենց որակավորման բարձրացմամբ։ Բայց, մյուս կողմից, դա կարող է որոշակի ստվերայնություն առաջացնել՝ հաշվի առնելով մեր գործատուների մենթալիտետը։ Եվ կարող է գործազրկության որոշակի ավելացման պատճառ դառնալ՝ աշխատատեղեր կրճատելու եւ այլն։

- Իսկ նվազագույն սպառողական զամբյուղն այդ 68-ի մեջ տեղավորվո՞ւմ է։

- Սկզբունքորեն՝ այո, տեղավորվում է։ Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը մոտ 64 հազար է, բայց երեւի թե հաշվի է առնվել նաեւ քողարկված գնաճը, որովհետեւ հատկապես սոցիալական զամբյուղի առումով սոցիալապես խոցելի շերտերի համար նվազագույն զամբյուղի պաշտոնական հաշվարկը ոչ այնքան համադրելի է նրանց բյուջեի հետ։ Եվ դրա համար էլ երեւի կառավարությունն առաջարկեց 3000-4000 դրամ ավելի քան նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը։ Մեծ հաշվով, կարելի է այսպիսի լուծումն այս փուլում ողջունել։ Բայց, բոլոր դեպքերում, մեզանում աշխատավարձի քաղաքականությունը, կարելի է ասել, սեպարատ է ընդհանուր եկամտային քաղաքականությունից։ Նկատի ունեմ նոր ստեղծված եկամտում կապիտալի տերերի եւ աշխատուժի՝ վարձու աշխատողի մասնաբաժինների հարաբերակցությունը։ Նկատի ունեմ աշխատավարձ ստացող եւ շահույթ ստացող մարդու եկամուտների բալանսը։ Այ, էս տեսակետից Հայաստանում շատ մեծ խնդիր կա։ Մեկուկես տասնամյակի դինամիկան էնպիսին է, որ հարաբերականորեն ավելացել է նոր արդյունքի մեջ շահույթի մասնաբաժինը եւ նվազել աշխատավարձի մասնաբաժինը։ Եվ այս տեսակետից էլ երեւի ճիշտ է նվազագույն աշխատավարձի նման քայլերի գնալը։ Իմ կարծիքով՝ 68 հազարը սահման չէ, իմ կարծիքով՝ այն կարելի է ներկա պահին իսկ հասցնել 85-90 հազար դրամի։ Որոշ տնտեսագետներ ավելի բարձր նիշ են առաջարկում։ Բայց սկզբի համար վատ չէ։