Փողոցում կսկսենք ստորագրություն հավաքել  

Փողոցում կսկսենք ստորագրություն հավաքել  

Նախկին ՕԵԿ-ական, ներկայումս «Արժանապատիվ ուղի» կուսակցության առաջնորդ Հովհաննես Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ  չի հանձնվելու եւ փողոցում սկսելու է մարդկանցից ստորագրություններ հավաքել սահմանադրական հանրաքվե անցկացնելու հարցով։ «Հանրաքվեի մասին օրենսդրությամբ սահմանված է, որ 3-օրյա ժամկետում, երբ դիմում եմ ՏԻՄ եւ տարածքային կառավարման մարմիններին, պարտավոր են մեզ ապահովել թե՛ հանրային ծառայողով, թե՛ համապատասխան տարածք հատկացնել ստորագրությունների համար։ Մենք դիմեցինք Գյումրիի ե՛ւ քաղաքապետարան, ե՛ւ մարզպետարան, շուրջ 15 օր պատասխան չստացանք, դրանից հետո դիմեցինք վարչապետին, որ պատասխանատվության ենթարկի օրինախախտներին, որոնք առերեւույթ խախտել են հանրաքվեի մասին սահմանադրական օրենքը։ Ավելի քան 2 շաբաթ դիմումը մակագրված է տարածքային կառավարման նախարարին, եւ այնտեղից՝ ձայն բարբառո հանապատի»,- ասաց Մարգարյանը։

Հիշեցնենք, որ 2018-ի դեկտեմբերին Հովհաննես Մարգարյանը հանդես եկավ քաղաքացիական նախաձեռնությամբ, որ պատրաստվում է 45 օրում 200 հազար ստորագրություն հավաքել՝ գործող Սահմանադրությունը հանրաքվեով փոխելու համար։ Իսկ փոփոխությունների հիմնական նպատակն է՝ վերականգնել հանրապետության նախագահի ուղիղ ընտրության ինստիտուտը՝ որպես առաջին դեմքի։ Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների թեման վերջին օրերին խիստ ակտուալ է դարձել․ Նիկոլ Փաշինյանին նման առաջարկ է արել ՀԱԿ-ը (կառավարման մոդելը փոխել կիսանախագահական համակարգի ), ԼՀԿ-ն է խոստանում սահմանադրական փոփոխությունների նախագիծ շրջանառել։ Հովիկ Մարգարյանը խանդով չի վերաբերվում, որ իրենց գաղափարի մասին խոսում են նաեւ այլ քաղաքական ուժեր, ասում է՝ նորմալ է։