Արարատ Միրզոյանը չի պատասխանի, կաշխատենք վարչապետի հետ 

Արարատ Միրզոյանը չի պատասխանի, կաշխատենք վարչապետի հետ 

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդն այսօր հայտարարաություն է տարածել՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հորդորորելով մինչև Կոռուպցիայի կանխարգելման օրենքի նախագծի 2-րդ ընթերցումն այն հետ կանչել, քանի որ հաշվի չեն առնվել Կոալիցիայի կողմից օրենքի նախագծի վերաբերյալ արտահայտված մտահոգությունները։ Արարատ Միրզոյանը ՀԿ-ներին չի պատասխանել։

«Հրապարակի» հետ զրույցում հայտնեց կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանը՝ մեկնաբանելով․

«Արարատ Միրզոյանը երեկ ասել էր, չեն կարող «մի հատ» ՀԿ-ի ասելով՝ հետ կանչել։ Թյուր կարծիք է, որովհետև «մենք մի հատ ՀԿ» չենք, բայց մեր կոալիցիայի մեջ մտնում են շուրջ 100 հասարակական կազմակերպություններ, որոնք 3 տարի առաջ միացել են մեր հակակոռուպցիոն հռչակագրին։ 

Հիշեցնենք, որ այս կոալիցիան պարբերաբար հայտարարում է անցումային արդարադատության մեխանիզմների մշակման էքսպերտային գնահատման հարցում իր հավակնությունների մասին, սակայն ԱԺ ղեկավար կազմը, փաստորեն, այս հորդորներն ու կոչերն անտեսում է։ Հիշեցնենք նաև, որ հիմնական դժգոհությունն այն է, որ օրենքի նախագիծը չի ներկայացվել հանրային քննարկման և չի հրապարակվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ www.e-draft.am-ում, «ինչը չի արտացոլում Թավշյա հեղափոխությամբ որդեգրված ժողովրդավարության և մասնակցային կառավարման սկզբունքները»։

Արկադի Սահակյանն այս առնչությամբ ասաց․«Մենք լսելով պարոն վարչապետին՝ ընկալել ենք որպես հանձնարարական, որ ստեղծենք մեկ միասնական ազգային մարմին, որը կստանձնի պատասխանատվությունը երկրում հակակոռուպցիոն իրավիճակի համար, որովհետև երբ զբաղվում են տարբեր մարմիններ՝ Դատախազություն, Քննչական և այլն, ամեն մեկը, խնդիր առաջանալու դեպքում  ասում է՝ «ես չեմ մեղավոր, մյուսն է»։ Իսկ մեր առաջարկն է, որ լինի սուվերեն, ինքնիշխան ազգային մարմին՝ առանց որևէ օտարերկրյա ազդեցությունների»։

Հասարակական սեկտորի հաջորդ դժգոհությունն այն է, որ օրենքի նախագծով առաջարկվող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի և նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման մեխանիզմները ոտնահարում են հակակոռուպցիոն անկախ մարմինների ձևավորման վերաբերյալ Ջակարտայի սկզբունքները։ Ըստ ՔԿՀ-ների մեկնաբանության՝  կարող են որակվել որպես մինչ օրս առաջարկված ամենաիշխանամետ կարգավորումներ և մեկ քայլ հետ, իսկ Հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջները չեն ապահովում անկախության, ինքնիշխանության և պրոֆեսիոնալիզմի մի շարք երաշխիքներ, որի արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ այդ պահանջները հարմարեցված են կոնկրետ անձանց համար, և նրանց նշանակման գործընթացը կուղղորդվի բացառապես հայեցողական որոշումներով։ 

«Նրանք, ովքեր պետք է լինեն այդ հակակոռուպցիոն հանձնաժողովում իրենք պետք է առանձին մրցութային փուլով անցնեն։ Դրա համար կան տարբեր չափանիշներ՝ բարեվարքության կանոններից բացի նա պետք է լինի մաքուր մարդ, բոլորի կողմից ընդունելի մարդ։ Եվ պետք է լինի այդ գործի մասնագետ»,-եզրափակեց Արկադի Սահակյանը։

Հարցին, թե եթե չընդունեն առաջարկները, ո՞րն է լինելու կոալիցիայի հաջորդ քայլը, Արկադի Սահակյանն ասաց․« Մենք մեր հայտարարության մեջ էլ ասել ենք, որ բացառապես աշխատելու ենք մեր երկրի վարչապետի հետ։ Էնքան ժամանակ, մինչև որ պարոն Միրզոյանը կհերքի հրապարակավ իր կողմից ասված բառը, որ սա մի ՀԿ է ու արվում է Կարեն Զադոյանի համար»։