Նախնական կալանքի համակարգային ճգնաժամ 

Նախնական կալանքի համակարգային ճգնաժամ 

«Հրապարակի» հարցազրույցը «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ 

-Տիկին Փոստանջյան, Մանվել Գրիգորյանի պաշտպանները մի քանի ամիս է՝ բարձրաձայնում են, որ անմարդկային է նման հիվանդություններ ունեցող մարդուն բանտում պահելը։ Իրավապաշտպանները լռում են։ Կա՞ մեզ մոտ իրավապաշտպանության ճգնաժամ։ Իրավապաշտպանը պե՞տք է նայի՝ լա՞վ մարդու իրավունք է պաշտպանում, թե՞ վատ։ Ձե՛ր տեսակետը։

-Ոչ թե իմ տեսակետը, այլ հղում ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներին ։ Իսկ այն  հիմնվում է այն ստանդարտների ու չափորոշիչների վրա, համաձայն որոնց պարտավոր է ղեկավարվել Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր իշխանավոր։ Այդ թվում նաև՝ դատարանները, բոլոր նրանք, ովքեր միջնորդում են կալանքի տակ պահել քաղաքացուն՝ անկախ նրանից, թե նա ինչպիսի հանցագործության մեջ է մեղադրվում։ Այն կոչվում է նախնական կալանք և այն պետք է կիրառվի այդ չափորոշիչներով։ Մինչդեռ, մեզանում ոչ միայն մարդու իրավունքների կոնվենցիայի 5-րդ հոդվածն է խախտվում, երբ կալանավորումն այդ հոդվածի չափանիշներով տեղի չի ունենում, այլև տեղի է ունենում անմարդկային վերաբերմունք՝ 3-րդ հոդվածի խախտում, ինչը ոչ մի կերպ սահմանափակման ենթակա չէ։ Իրավունքին առնչվող տարբեր հարցեր կարող են ինչ-որ իրավիճակներում սահմանափակվել՝ խոսքի ազատություն, մարդու ազատ տեղաշարժ, և այլն, սակայն 3-րդ հոդվածը սահմանում է, որ անմարդկային վերաբերմունքից պետք է զերծ լինեն բոլորը։ Մենք այս տարվա մեջ ունենք ՄԻԵԴ-ի կողմից նախնական կալանքների հետ կապված երկու նախադեպ՝ Մայրապետյան Սամվելի և Մանվել Գրիգորյանի հետ կապված։ Հիմա փորձում եմ ուսումնասիրել ՄԻԵԴ կայքը, տեսնել, թե քանի գործերով են կառավարության հետ տեղի ունենում նամակագրություն-կոմունիկացիաները և տեսնում եմ, որ սա արդեն կրում է համակարգային բնույթ։ ՄԻԵԴ-ն էլ արդեն սկսել է շատ արագ արձագանքել և, ըստ էության, արդեն այս գործերին նայել ոչ թե որպես անհատական գործերի, որոնք խախտումների հետևանք են, այլ որպես Հայաստանում նախնական կալանքի հետ կապված համակարգային ճգնաժամի։ ՄԻԵԴ-ի այս մոտեցման հետևանքները փաթեթային որոշումներն են, որ արագ-արագ ընդունում են՝ հասկանալով, որ սա արդեն համակարգային ճգնաժամային երևույթ է ՀՀ իշխանությունների կողմից։ Թե՛ գործադիր և թե՛ դատական։

 -Մեկ այլ, սահմանադրական ճգնաժամի մասին, որի շուրջ իրավաբանների միջև իրավական վեճ է ծավալվել։ Ձեր կարծիքով՝ ի վերջո՞ կա, թե չկա։ 

-Չեմ կարծում, որ անգամ իրավական վեճ կա, որովհետև այստեղ իրավունքի հարցի քննարկում չէ, այլ քաղաքական վեճ։ Եվ քաղաքական վեճի տիրույթում պետք է ամենը գնահատել։ Իրավունքը հստակ է, այնպես է ամրագրված, որ որևէ մեկը (այս դեպքում Վահե գրիգորյանը) չի կարող յուրովի, իր քաղաքական նպատակներով մեկնաբանություններ անել։ 

-Քոչարյանի փաստաբանները ևս մեկ անգամ հայտարարեցին, որ նա քաղբանտարկյալ է։

-ԵԽԽՎ-ն ունի հստակ բանաձև-ստանդարտ, թե ովքեր են համարվում քաղաքական հալածյալներ։ Շատ եմ ցավում, բայց Հայաստանում այլ քաղբանտարկյալներին գումարվում են նորերը, ինչը վկայում է, որ Հայաստանում իրավապահ համակարգերը չեն գործում իրենց առաքելության համաձայն։ Եվ, իհարկե, իրավապաշտպանությունը Հայաստանում նահանջ է ապրում։ Եթե ընտրովի է արդարադատությունը, եթե զանգահարում են և ցուցում են տալիս դատավորին, եթե շրջափակում են դատարանները․․․ Անկախ նրանից՝ մեզ դո՞ւր է գալիս մարդը, թե ոչ, կան իրավունքի չափորոշիչներ, և այս հարցերում երկակի ստանդարտներ չեն կարող լինել։ ՄԻԵԴ-ի կողմից նրա հարցում ևս արձանագրվելու է նախնական կալանավորման վերաբերյալ խախտում։ Կարող եմ վստահեցնել, որ այդպես էլ լինելու է։

- Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքնության ընթացքում բայցահայտվել են աճուրդային հանձնաժողովների կողմից առանց աճուրդների՝ կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով 15 հողատարածքներ սեփականության իրավունքով Աբրահամյանի ազգականներին և մերձավոր անձանց վաճառելու դեպքեր: ՀՔԾ-ն մի հետաքրքիր ձևակերպում էր արել, թե քանի որ որոշ դեպքերում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները և դիմել են իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու խնդրանքով, ուստի որոշումների օրինակներն ուղարկվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` օրենքով սահմանված կարգով վարչական ակտերն առ ոչինչ ճանաչելու և նշված գույքային միավորները նախկին համայնքներին վերադարձնելու գործընթաց նախաձեռնելու համար: Ըստ իրավաբանների մեկնաբանության՝ փաստորեն, Սասուն Խաչատրյանը իրեն վերապահել է դատարանի դեր՝ սեփականության իրավունքից զրկելով։

-Քանի որ այդ գործի մանրամասներին տեղյակ չեմ, չեմ կարող մեկնաբանել։ Բայց կարծում եմ, որ եթե խախտվել է նրա սեփականության իրավունքը, ապա նա նույնպես, չեմ կասկածում, դիմելու է ՄԻԵԴ և եթե ըստ Ձեր նկարագրածի է այդ խախտումը տեղի ունեցել, ապա նրա իրավունքների վերաբերյալ նույնպես Հայաստանի դեմ որոշում կլինի։ Եվ պատկերացրեք՝ այդ որոշման հատուցումն էլ մեր գրպանից պետք է տանք։ Այսինքն՝ սա ներկայիս իշխանության ապաշնորհ քաղաքականության ու գործեալոճի հետևանքն է, որը կրկնում է նախորդ իշխանություններին։ Անում են նույն կոպիտ սխալները, ինչ անում էին նախորդները։ Նույն ապօրինությունները, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները, որ եղել են նախկինների օրոք։ Իսկ եթե դու կրկնում ես նույն սխալները, նշանակում է՝ պարտված ես։ Դու վերջացած ես, որովհետև, եթե մի անձ թույլ է տվել ապօրինություն նախկինում, դու իրավունք չունես ապօրինաբար նրան պատժել։ Քո գործողությունները պետք է լինեն բացարձակ օրինական։ Եվ եթե դու ապօրինություն ես ցույց տալիս, այն վաղը կրկնակի է քեզ վնաս հասցնելու։ Եվ սեփականության հետ կապված խնդիրները անուղղակիորեն անդրադառնում են Հայաստանում ներդրումներին։ Մենք դրանով վտանգում ենք նաև կապիտալի Հայաստանում մնալուն։ Այսինքն՝ նրանք, ովքեր ձեռք են բերել և հատկապես անօրինական ճանապարհով, արագորեն դրանից ազատվելու են և այդ գումարները դուրս են բերվելու։ Մենք ունենք խնդիր՝ լուծելու ապօրինի ձեռքբերված սեփականության հարցը, բայց այդ լուծումը չպետք է լինի այսպիսի արդարադատությամբ, իրավապահ մարմինների այս գործելակերպով և կառավարական հայտարարություններով, ինչպիսիք անում է Նիկոլ Փաշինյանը։ Այլապես՝ կրկնակի վնաս ենք կրելու։ Այն ինչ տարել են Հայաստանից՝ մի քանի լվացքատներով և հիմա էլ դուրս են բերում, չենք վերադարձնելու։ Հետ բերելու համար պետք են այլ միջոցներ և նաև քաղաքական որոշում պետք է կայացվի, թե ապօրինի հարստությունն այլևս ինչպես պետք է Հայաստանում աշխատի։ 

-Սասուն Միքայելյանը խոսեց «թավշյա հեռացման» մասին։ Սա իշխող կուսակցության ներսում բացախոսությո՞ւն էր, թե՞ ներկուսակցական բախում։

-Իմ կարծիքով՝ Սասուն Միքայելյանը իրենցից ամենաավագն է, կյանք տեսած մարդ և, հավանաբար, կյանք տեսած մարդու գնահատական է տվել։ Այսքանը կարող եմ ասել։