Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի անդամներին տրվել է միայն նիստի օրակարգը

Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի անդամներին տրվել է միայն նիստի օրակարգը

Մատենադարանում այսօր նախատեսված է հոգաբարձուների խորհրդի նիստը, որի մասին, սակայն, Մատենադարանի կայքում ոչ մի տեղեկություն չկա։ Ավելին՝ կայքում տեղադրված Մատենադարանի կանոնադրության համաձայն՝ խորհուրդը պետք է ունենա 19 անդամ, բայց «Հոգաբարձուների խորհուրդ» բաժնում խորհրդի անդամների թիվը 23-ն է։ Բանն այն է, որ 2018թ․ ամռանը հաստատվել է Մատենադարանի նոր փոփոխված կանոնադրությունը, ըստ որի՝ խորհուրդը պետք է ունենա արդեն 23 անդամ, եւ որը, սակայն, կայքում տեղադրված չէ։

Այսինքն՝ խորհրդի ձեւավորման նախկին 10+9 ձեւաչափը (10 հոգին՝ դրսից, 9-ը՝ Մատենադարանից) դարձել է 12+11 ձեւաչափ (12-ը՝ դրսից, 11-ը՝ Մատենադարանից)։ Արդեն համալրված խորհրդի կազմում են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը (այժմ՝ Հրաչ Սարիբեկյանը), Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի արխիվի եւ թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը, ԵՊՀ քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը, «Փյունիկ» հիմնադրամի խորհրդի նախագահ Գաբրիել Ջեմբերջին, պատմաբան, հայագետ Կլոդ Մութաֆյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։

Մատենադարանի կողմից խորհրդի կազմում են ընդգրկված Մատենադարանի տնտեսական գծով տեղակալը, գլխավոր հաշվապահը, կադրերի բաժնի վարիչը, ցուցասրահի, ռեստավրացիայի, արխիվի, միջազգային կապերի բաժնի վարիչները, 3 գիտաշխատողներ եւ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը՝ որպես Մատենադարանի գիտահետազոտական ինստիտուտի արվեստի պատմության եւ գրչության կենտրոնների ուսումնասիրման բաժնի ավագ գիտաշխատող, ով, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, մտերիմ հարաբերություններ ունի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի հետ, եւ, իհարկե, խորհրդի նախագահ, ազգագրագետ Լեւոն Աբրահամյանը։ Մատենադարանում մտավախություն ունեն, որ համալրումից հետո, խորհրդում ընդգրկված Մատենադարանի կազմը՝ իր հիմնականում տնտեսական մասով եւ ներկայացված «ոչ արմատական գիտաշխատողներով», դժվար կարողանա այլակարծություն ապահովել եւ դեմ քվեարկել ներկայացվող որոշումներին։

Շատերը տեղյակ չեն, թե ինչպես են նոր անդամները հայտնվել խորհրդի կազմում եւ ներկայացվել վարչապետի հաստատմանը։ Ի դեպ, խորհրդի 4 նոր անդամների մեջ են Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը, Դավիթ Հովհաննիսյանը, ով Ղեւոնդյանի մտերիմ ընկերներից է, Կլոդ Մութաֆյանը եւ Պավել Ավետիսյանը։

Խորհրդի նախագահ, ազգագրագետ Լեւոն Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խորհրդի նիստի օրակարգում Մատենադարանի տարեկան հաշվետվությունն է, ինչպես նաեւ կառուցվածքային փոփոխությունների հարցը, Մատենադարան այցելության անվճար օրեր սահմանելու առաջարկը եւ մի շարք այլ հարցեր։ Կառուցվածքային փոփոխություններ ասելով՝ ի՞նչ նկատի ունի՝ հաստիքների՞ կրճատումը: «Այդ առումով էլ, նաեւ` ինչ-որ բաժինների միավորում, այս տեսակ հարցեր, որ պետք է նաեւ քննարկենք, գլխավորապես բաժինների անվանումներն են փոխվելու»։

Խորհրդի նախագահի պաշտոնում սա Լեւոն Աբրահամյանի առաջին նիստն է, իսկ խորհրդի նիստերը տարին առնվազն 2 անգամ պետք է հրավիրվեն։ Հետաքրքրվեցինք՝ հաշվետվությունը նախօրոք բաժանվե՞լ է հոգաբարձուների խորհրդի անդամներին, որպեսզի կարողանան ծանոթանալ, մինչեւ կողմ կամ դեմ քվեարկելը։ Խորհրդի նախագահը նշեց, որ միայն օրակարգը եւ «գլխավոր սխեմաներն» են բաժանվել։ Միայն օրակարգին ծանոթանալով՝ խորհրդի անդամները նիստի ընթացքում բավարար ժամանակ կունենա՞ն հաշվետվությանը ծանոթանալու եւ ըստ այդմ օբյեկտիվ քվեարկելու։ «Վաղը պարզ կլինի․․․ հիմնական հարցերն աղյուսակներով ներկայացված են, այսինքն՝ տեքստային չէ հաշվետվությունը»։

Ինչ վերաբերում է նրան, որ անցած տարի հոգաբարձուների խորհուրդը համալրվել է նոր 4 անդամներով, Աբրահամյանը նշեց, որ դա արվել է հուլիսին, իսկ ինքը Մատենադարանի խորհրդի նախագահ է ընտրվել նոյեմբերին, այսինքն՝ մինչեւ իրեն է արվել կազմի համալրումը։ Այնուհանդերձ, ո՞րն էր խորհրդի կազմը համալրելու նպատակը, Լեւոն Աբրահամյանն ինքն էլ է հետաքրքրվել, պարզել է, որ Մայր Աթոռից պետք է անպայման ներկայացուցիչ լիներ, ինչը խորհրդի նախնական կազմում չի եղել։

Թե ինչու է կայքում տեղադրված 2017թ․ կանոնադրությունը, այլ ո՛չ 2018թ․ փոփոխված տարբերակը, եւ ընդհանրապես չկա տեղեկատվություն նաեւ այսօրվա խորհրդի նիստի մասին, Աբրահամյանն ասաց, որ կայքի նորացման հարցը նույնպես դրվելու է խորհրդի նիստի քննարկմանը, եւ կայքի թարմացումներով, հավանաբար, այսուհետ առանձին բաժին կզբաղվի։