Ռուսները Փաշինյանին պատասխանում են, Ալիեւին՝ ոչ

Ռուսները Փաշինյանին պատասխանում են, Ալիեւին՝ ոչ

Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ Երևանը Մոսկվայի դաշնակիցը չէ Ուկրաինայի հարցում։ Հայաստանի կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը (1991թ.) տարածվում է բոլոր հետխորհրդային պետությունների, այլ ոչ միայն Հայաստանի վրա, քանի որ այն ստորագրել են խորհրդային հանրապետությունները, այդ թվում Ռուսաստանն ու Ուկրաինան՝ ճանաչելով միմյանց սահմանները: Հայաստանի նման երկրի ղեկավարը պետք է խուսանավեր նման հայտարարությունից՝ ելնելով երկրի շուրջ ստեղծված անվտանգային լուրջ իրավիճակներից: Առանց այն էլ նրա եվրոպական վոյաժներն արդեն գազազեցնում են «սպիտակ արջին»:

Փաշինյանն այս հարցի շուրջ կարող էր խոսել դիվանագիտորեն, կամ թեկուզ իր նման՝ «կրուտիտներով», շրջանցելով սուր անկյունները: Հավանաբար, եվրոպական տիրույթում գտնվելուց նա ավելի էր ոգեւորվել եւ որոշեց անկեղծանալ եւ ասաց այն, ինչ մտածում էր: Նրան անմիջապես պատասխանեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. «Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք այն հարցում, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, եւ Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ։ Դա գաղտնիք չէ։ Ուստի սա մեր հայ բարեկամների հայտնի դիրքորոշումն է։ Մենք նրանց հետ համաձայն չենք դրանում եւ համառորեն կշարունակենք բացատրել մեր իրավացիությունը»: 

Այս մեկնաբանությունը բավականին բազմանշանակ է…Հետաքրքրականն այն է, որ Պեսկովն ու ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան շատ արագ ու օպերատիվորեն պատասխանում են Փաշինյանին, նրա հնչեցրած ցանկացած խոսքին, որն առնչվում է ՌԴ-ին, նրա թշնամիներին եւ այլն: Բայց երբ Ալիեւն է իրեն թույլ տալիս նման, կամ անգամ ավելի հակառուսական մտքեր, ՌԴ պաշտոնական դեմքերը ոչինչ չեն խոսում: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել են նաեւ  Իլհամ Ալիեւն ու Զելենսկին: Ալիեւը Զելենսկուն ասել է. «Մեր աջակցությունն Ուկրաինայի տարածքային ինքնիշխանությանն ու ամբողջականությանը անսասան է, և դա չի փոխվի։ Մենք՝ որպես օկուպացիայից տուժած երկիր, հիանալի հասկանում ենք ձեր վիճակը և խաղաղություն ենք մաղթում ուկրաինացիներին և Ուկրաինային»։ 

Այս խոսքը ավելի հակառուսական է, քան Փաշինյանի արած հայտարարությունը: Այսինքն, Ալիեւը ՌԴ-ին համարում է օկուպանտ, ու, ճանաչելով Ուկրաինայի տարածքային եւ ինքնիշխանության ամբողջականությունը, բացահայտ տեղավորվում է ՌԴ-ի թշնամիների խրամատներում: Բայց զարմանալիորեն այս մասին ոչ Պեսկովը հիշեց ու պատասխանեց, ոչ էլ Զախարովան: Այս հայտարարության մասին նրանք, կարծես թե ոչ լսել են, ոչ տեսել…