Առաջնայինն ու երկրորդականը 

Առաջնայինն ու երկրորդականը 

«Ես կառավարության նիստում քանի անգամ ասում եմ, որ խաղադրույքների թաքնված գովազդներ չլինեն, ուր գնում ես, այդպիսի գովազդ է: … Ստացվում է, որ օրենքն ընդունում ենք, հետո առնետի մի միջանցք ենք գտնում ու այդ առնետի միջանցքով ամբողջ հանրապետությունը հեղեղում»,- հայտարարել է Փաշինյան Նիկոլը կառավարության հերթական նիստում: Ասեմ, որ տեսականորեն ինքը ճշմարիտ է, բայց դա հաստատ այն հարցը չէ, որ պետք է անհանգստացնի ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին՝ ով էլ նա լինի: Լավագույն դեպքում այն պետք է անհանգստացնի օրենսդրությանը հետևելուն կոչված որևէ տեսչության ղեկավարի: Բայց քանի որ Նիկոլը սխալմամբ է հայտնվել իր զբաղեցրած պաշտոնում, այդ պատճառով էլ նման հարց է քննարկում կառավարության նիստում: Իսկ այդ սխալմունքը ոչ թե նրա, այլ մերն էր՝ սկզբում՝ 2018-ի ապրիլ-մայիսին, համարյա ազգովի, իսկ 2021-ի հունիսին՝ հասարակության անտարբեր կամ կիսագրագետ ու մտածողության հետ խնդիր ունեցող հատվածինը: 

Իսկ ո՞րը պետք է լիներ, ասենք, նախորդ օրը Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկման խնդիրը՝ կհարցնի ընթերցողը: Պատասխանեմ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ և այդ կազմակերպության «Հետք» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառման մեջբերմամբ: «Այն հատվածում, որտեղից կրակել են Ելփին գյուղի ուղղությամբ, ադրբեջանցիները դիրքավորվել են 2018 թվականի մայիսին: Այդտեղ այն ժամանակ մեր կորպուսի հրամանատարը Արտակ Դավթյանն էր: Ադրբեջանցիները չեզոք գոտում իրենց դիրքերն առաջ էին բերել, և հսկայական տարածք անցել է նրանց վերահսկողության տակ։ Իսկ միջպետական ճանապարհի Արենի-Ելփին գյուղերի հատվածն հայտնվել է ուղիղ նշանառության տակ: Դրանից մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանն Արտակ Դավթյանին նշանակել է Գլխավոր շտաբի պետ»: Ադեկվատ վարչապետի քննարկման խնդիրը պետք է լիներ նախկինում թույլ տրված սխալը որևէ ձևով ուղղելը:

Շարունակենք կառավարության նիստը դիտարկելը՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը նիստում բորբոքվել է, որ ՏԿԵ նախարարության, ոստիկանության, ԱԱԾ ղեկավարներն փողոցներում ամեն օր առնչվում են թաքնված գովազդի դրսևորումներին, սակայն ոչինչ չեն անում: Մի խոսքով, ժողովրդի լեզվով ասած՝ համարյա թե շան թափ է թափել նշված գերատեսչությունների ղեկավարների գլխին: Բայց, ներողություն եմ խնդրում կրկնվելու համար, ես կարծում եմ, որ այն իրավիճակում, որում այսօր գտնվում է մեր հայրենիքը, ՀՀ վարչապետը պետք է բորբոքվեր ոչ թե փողոցներում թաքնված գովազդի առկայությունից, այլ բազում այլ խնդիրների չլուված լինելուց: Եվ այդ թվում, բնականաբար, Երևան-Գորիս մայրուղու 21 կիլոմետրանոց հատվածի կորստից և կամ մայրուղու վրա գտնվող՝ Վայող ձորի մարզի Ելփին գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցներից:

Լավ, ենթադրենք, թե ինքը թքած ունի այդ կրակոցների վրա և որոշել է արևելքից թշնամի պետության՝ Ադրբեջանի ղեկավարի կողմից իրեն (և դժբախտաբար նաև մեզ) թույլատրած սահմաններում տիրություն անել երկրում: Այդ դեպքում նրան չպե՞տք է հետաքրքրեր, որ ժողովրդի հիմնական սնունդը՝ կարտոֆիլի 1 կիլոգրամը գարնանը և նույնիսկ ամռան սկզբին արժեր ավելի քան 1000 դրամ: Քանի որ ոչինչ չի արել այդպիսի երևույթ չթույլատրելու համար և ոչ էլ վրդովվել է այդ հարցի առնչությամբ էկոնոմիկայի նախարարի վրա՝ ուրեմն չի հետաքրքրել: Փաստորեն նրա համար ո՛չ ժողովրդի անվտանգության ապահովումն է առաջնահերթություն և ո՛չ էլ նրան սննդով ապահովելը: Նրա համար պետական առաջնահերթության խնդիր է փողոցներում թաքնված գովազդի առկայություն թույլ չտալը:

Հոդված գրելու պահին մտաբերեցի ամերիկյան սերիալներից մեկը: Այն հեռարձակվել է նախորդ դարի 90-ականների կեսերից մինչև 21-րդ դարի սկիզբը: Սերիալը կրում էր «Հնարավորից այն կողմ» վերնագիրը (անգլերենով՝ «The Outer Limits», ռուսերեն թարգմանությունը՝ «За гранью возможного»): Ուրեմն դրա առաջին կինոնկարներից երկուսը նվիրված էին կիսախելագար մի գիտնականի, որ սեփական տան մարագում մարսյան պայմաններ ստեղծելով և անվտանգության կանոնների բացարձակ անտեսման պայմաններում հաջողեցրել էր աճեցնել տերմիտանման (միջատների տեսակ) արարածների գաղութ: Այդ արարածների վարքից ինքը եզրակացնում է, որ դրանք զերծ չեն բանականությունից: Եվ իրեն էլ դիտարկում են նույնիսկ որպես  աստված: Սակայն Նոբելյան մրցանակ ստանալու փոխարեն, ինչն իրերազանքն էր, փորձարկումն ավարտվում է ողբերգությամբ: Տերմիտանման արարածները դուրս են գալիս մարագից, լցվում առանձնատուն և նրան ոչինչ չի մնում, քան տուն պայթեցնելը՝ ինքն էլ մեջը:   

Ամերիկյան սերիալից վերադառնալով մեր իրականություն՝ ասեմ, որ Հայաստանը վերածվել է փորձարկումների իրականացման դաշտի: Այնպիսի վայրի, որտեղ առաջնայինն ու երկրորդականը 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններից այս կողմ փոխել են իրենց տեղերը: Միայն այդ դեպքում է հնարավոր, որ երկրի քաղաքացիների անվտանգության ապահովումը ստորադասվի փողոցներում թաքնված գովազդի առկայության խնդրին: Մեր դեպքում, բնականաբար, խնդրի լուծում չէ տուն, իմա՝ հայրենիք, պայթեցնելը: Բայց եթե մենք դա չենք ցանկանում, ապա անհրաժեշտ է հնարավոր բոլոր միջոցներով պաշտոնից հեռացնել ընդամենը մեկ անձի: