ՄՈԳ-ական շղթա․ որքան քիչ գիտելիք, այնքան բարձր ինքնագնահատական

ՄՈԳ-ական շղթա․ որքան քիչ գիտելիք, այնքան բարձր ինքնագնահատական

Կրթության բարեփոխումները երբեք սվիններով չեմ ընդունել: Անշուշտ, ժամանակին համընթաց պետք է նորություններ մուտք գործեն այդ՝ ամենաակադեմիական ոլորտ: Այլապես մինչեւ հիմա կարող էինք մնալ տերթոդիկյան դպրոցի մակարդակին: Օրինակ՝ հրաշալի եմ համարում շրջափոխման գաղափարը, որը, ճիշտ կիրառելու դեպքում, խթանում է ազնիվ մրցակցությունը, շեշտում է գիտելիքի կարեւորությունը: Նաեւ՝ ընկերային (սոցիալական) կարեւոր խնդիր է լուծում:
Կամ՝ գնահատման բազմագործոնային համակարգը շատ լավ հնարավորություն է թացը չորից, դասի եկողին՝ բացակայողից, ուշադիր հետեւողին՝ հեռախոսը քչփորողից զանազանելու տեսակետից: Չէ՞ որ դեռ Եզնիկ Կողբացին է ասել՝ եթե լավին՝ լավ, վատին՝ վատ չես կարող ասել, ուսուցիչ մի եղիր: Սակայն…

Կրեդիտները գումարել-հանելու թվաբանական պարզագույն, գիտելիքի ստուգումը թեստային՝ «ծիտիկներ» դնելու պարզունակ գործողությունների վերածելու պատճառով ուսումնառությունը քայլ առ քայլ դարձնում ենք բովանդակային առումով խեղճ-խոցելի: Բոկոտն: Երբեմն՝ նաեւ իմաստազուրկ:

Լսարանում աշխատանքի ընթացքում նկատել էի, որ ուսանողները չեն փայլում լավ հիշողությամբ: Ասում եմ՝ նշումներ արեք: Պատասխանն ավելի քան սպանիչ էր.
- Համարյա հավաքել եմ կրեդիտը՝ բազմագործոնայինով: 
- Իսկ քննությունն ինչպե՞ս եք հանձնելու:
- Պատահականության սկզբունքով, միշտ էլ նվազագույն գնահատականը հավաքվում է:
- Լավ, մարդը կարո՞ղ է իր կյանքը կառուցել պատահականության սկզբունքի հիման վրա: Իսկ գիտելի՞քը:
- Ինչի՞ս ա պետք: Էս ամենը մեր ինչի՞ն է պետք: Իմ ՄՈԳ-ը 70 է, ինձ բավարարում է,- հերոսական կեցվածքով նկատում է երիտասարդը:

Նախ, ցավով մտաբերեցի, որ տարիներ առաջ ՄՈԳ-ի՝ շրջափոխման շեմը 90-ից բարձր էր լինում, երբեմն՝ ընդհուպ 99: Բայց ՄՈԳ-ը՝ ՄՈԳ, կրեդիտը՝ կրեդիտ, իսկ ծանծաղ մտահորիզո՞նը, աշխարհն ընկալելու փոոոքր՝ ճեղքի չափ պատուհա՞նը միթե պիտի բավարարի մեզ: Մի գեղարվեստական գիրք, ավելի ճիշտ՝ ընդհանրապես գիրք կարդացած չլինելը, ցավոք, սովորական դարձավ բոլորիս համար: Բա մայրենիի ամուր հիմքի վրա լեզուներ սովորելու կամազրկությո՞ւնը: Էսպես՝ գավառագիտուններ պատրաստե՞լն էր միթե մեր երազանքը: Եթե այո, ուրեմն հասել ենք:

ՀԳ. Ինքս ինձ ու բոլորիս «սփոփելու» համար ուզում եմ մեջբերել Հերման Հեսսեի խոսքերը. «Շատ բան եմ սովորում, անսահմանորեն շատ, սակայն դրանից չի ավելանում ո՛չ ինքնավստահությունս, ո՛չ մասնագիտական փորձառությունս, այլ ընդլայնում է հիմնախնդիրներիս շրջանակը: Իհարկե, նաեւ՝ մտահորիզոնս…»: Դիպուկ է ասված՝ որքան քիչ գիտելիք, այնքան բարձր ինքնագնահատական եւ կյանք՝ առանց հիմնախնդիրների: Իհարկե՝ նաեւ առանց մտահորիզոնի…

Անի ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ
մշակութաբան