Մադամ թամադա

Մադամ թամադա

Օգոստոսին իր առաքելությունը Հայաստանում ավարտող ԵՄ ներկայացուցիչ Անդրեա Վիկտորինը վերջին շրջանում իրեն այնպես անբռնազբոսիկ է պահում, ասես մեր մեջ ծնված, մեծացած լինի: Նիկոլը, որ Նիկոլ է, ավտոբուսում իրեն մի փոքր կաշկանդված է զգում, մինչդեռ տիկին Վիկտորինը կոմպլեքսների որեւէ փունջ չունի մեր պետական ու կիսապետական միջոցառումներին մասնակցելու: Հայտնի շալը գցում է ուսերին, ու՝ մեկ էլ տեսար հայտնվում է: Եվ կապ չունի՝ այդ միջոցառումը որքանով է առնչվում ԵՄ-ի կամ իր հետ: Ես սա կհամարեի տիկին Վիկտորինի դրական կողմերից մեկը, կասեի՝ շատ անմիջական անձնավորություն է, շփվող, եթե, իհարկե, նա ամեն անգամ այդ միջոցառումների ղեկը չվերցներ իր ձեռքն ու չդառնար հիմնական բանախոսը: Արդեն տպավորություն ունեմ, որ ՀՀ իշխանություններն Անդրեա Վիկտորինին որպես «գեներալի» են ամեն տեղ տանում, որպեսզի ավելի մեծ հնչեղություն հաղորդեն թե՛ իրենց եւ թե՛ իրենց միջոցառումներին: Դե, նա էլ աչքաբաց կին՝ ելույթներ է ունենում, մասնակցում զանազան քննարկումների, հարցեր տալիս, պատասխանում հարցերի: Սյունիքում նույնիսկ նկատել էր, որ մեր զինվորները շատ տեղերում այնպես չեն տեղակայված, ինչպես վայել է «խաղաղ» տրամադրված հարեւանների զինվորներին: Ես նույնիսկ մտածեցի, որ զորքերը հետ քաշելու մասին Փաշինյանի հայտնի հայտարարությունների սկզբնաղբյուրըն Անդրեա Վիկտորինն է եղել:

ՀՀ քաղաքացիները սկսել են անհանգստանալ: Ասում են՝ սա ի՞նչ բան է, որտեղ երկու պաշտոնյա է հայտնվում, երրորդը Վիկտորինն է: Եվ պատկերացրեք, որ մեր քաղաքացիների այդ անհանգստությունը լուրջ հիմքեր ունի: Մի 10-15 օր առաջ, օրինակ, մեր արտաքին բլոկի եւ անվտանգության պաշտոնյաները՝ Ռուբեն Ռուբինյան, Էդմոն Մարուքյան, Արմեն Գրիգորյան, փակ ֆորմատով հանդիպում էին անցկացնում իշխանահաճո լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, եւ, ինչպես ասում են, «տուտ կակ տուտ», հայտնվում է Անդրեա Վիկտորինը եւ մասնակցում այդ փակ հանդիպմանը: Ի՞նչ է ասել, ինչպե՞ս է գովել ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը, ի՞նչ խրատներ է տվել՝ հայտնի չէ: Փոխարենը մեզ քաջ հայտնի է նրա տեսակետը ստամբուլյան խայտառակ կոնվենցիայի մասին եւ պնդումը, որ ՀՀ-ն պետք է ընդունի եւ վավերացնի այն:

Տիկինը բավականին սերտ կապեր ունի նաեւ ՀՀ գլխավոր դատախազության եւ դատախազների հետ: Թվում էր՝ դատախազության աշխատանքը պետք է լիներ նրա ուշադրության կենտրոնում զուտ այն տեսանկյունից, որ այդ հիմնարկը չվերածվի մեզանում գործող բազմաթիվ պատժիչ շարասյուներից մեկի (ԲԴԽ, արդարադատության նախարարություն, ոստիկանություն, ԱԱԾ եւ այլն): Բայց տիկին Վիկտորինը դատախազությունում էլ ոգեւորիչ դերակատարում է ստանձնում, մասնակցում է դատախազության կոնֆերանսներին, որոնց ժամանակ, հենց տիկնոջ ներկայությամբ, դատախազներն ինչքան կուլտուրական բառ գիտեն ՀՀ օրենքների ու մարդու իրավունքների մասինմ հրամցնում են հանրությանը:

Մարդու իրավունքներ ասացի՝ հիշեցի: Անցյալ կիրակի Վանաձորի ՄԻՊ գրասենյակի բացումն էր, կարելի է ասել՝ Լոռու տարածաշրջանում նորանշանակ ՄԻՊ Անահիտ Մանասյանի շնորհանդեսը: Նստած են Լոռու մարզպետը, Անահիտ Մանասյանը, իսկ երրորդն Անդրեա Վիկտորինն է՝ շալով եւ իրեն հատուկ քննախույզ հայացքով: Եվ, պատկերացրեք, ո՛չ Լոռու մարզպետի, ո՛չ էլ ներկաներից որեւէ մեկի մտքով չի անցել հարցնել տիկին դեսպանին՝ արդյո՞ք Ադրբեջանում հավատարմագրված նրա պաշտոնակիցը եւս նույնքան շարժուն է եւ մտահոգ այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով:

Հիմա էլ նոր պրոբլեմ է հասունանում: Օգոստոսին Անդրեա Վիկտորինը հրաժեշտ է տալու Հայաստանին: Ասում են՝ այնքան է մերվել, որ դա լինելու է դարի ամենահուզիչ հրաժեշտը: Ո՞վ կփոխարինի նրան, ամբողջ ԵՄ-ում կգտնվի՞, արդյոք, մի երկրորդ Վիկտորին, որ կգա ու «փեշերը կփռի» ՀՀ իշխանությունների վրա, որ վերջիններիս բան ասող չլինի: