Վանաձորն այն քաղաքն է, որ մշտապես ընտրել է ընդդիմությանը

Վանաձորն այն քաղաքն է, որ մշտապես ընտրել է ընդդիմությանը

Աշնանային ՏԻՄ ընտրությունները բավականին աշխուժություն մտցրին քաղաքական դաշտում եւ անակնկալ արդյունքներ ապահովեցին: Պարզվեց, որ ՏԻՄ-երին մատների արանքով նայելը ճիշտ չէ` այստեղ կարելի է կանխատեսվող սցենարներից տարբերվող արդյունքներ գրանցել, անգամ քաղաքական կարիերա անել եւ նույնիսկ` իշխանություններին հաղթել: Գորիսի, Գյումրիի, Մեղրիի ընտրությունները բավականին անսպասելի արդյունքներ ապահովեցին` նոր մարդիկ հայտնվեցին ասպարեզում եւ նոր կուսակցություններ: Իսկ ամենակարեւորը` պարզվեց, որ ադմինիստրատիվ ռեսուրսը միշտ չէ, որ վճռորոշ դեր է խաղում: Դա է պատճառը, որ հաջորդ` նոյեմբերի 14-ի ընտրությունների հանդեպ հետաքրքրությունը մեծացել է: Իսկ 14-ին Լոռիում, Սյունիքում, Կոտայքում եւ Տավուշում են ՏԻՄ ընտրություններ անցկացվելու, եւ դարձյալ թեժ ընտրապայքար է ընթանալու:

Տեղեկացրել էինք, որ դեկտեմբերին էլ կայանալիք Վանաձորի ընտրություններն են խոստանում հետաքրքիր լինել: Այստեղ Վանաձոր խոշորացված համայնքում մարզպետ Արամ Խաչատրյանի թեկնածության առաջադրումից ՔՊ-ն գրեթե հրաժարվել է՝ երկրորդ Գյումրի չունենալու համար։ Որովհետեւ պարզել են, որ նա բավարար հեղինակություն չունի հաղթելու, օրինակ, Մամիկոն Ասլանյանին, որին չկարողացան խոչընդոտել, որ չառաջադրվի: Մեզ հասած տեղեկություններով, ՔՊ-ն որոշել է առաջ քաշել ցուցակի 2-րդ համարի թեկնածու՝ դասախոս եւ գործարար Մանվել Ոփյանին` որպես քաղաքապետի թեկնածու։

Բայց, միեւնույն է՝ ՔՊ ցուցակը թույլ է․ ոչինչ չասող, առանց կենսագրության դեմքեր են ընդգրկվել։ Իսկ բալաստի փոխարեն պետք է աշխատի Ոփյանը, որին, արդեն տեղեկացրել էիք, հնարավոր է աջակցի Վանաձորի նախկին ՀՀԿ-ական  քաղաքապետ Սամվել Դարբինյանը։ Երեկ մենք զանգահարեցինք Դարբինյանին, ով վրդովված էր, որ առանց իրեն հարցնելու` «վեր եք ունում, հրատարակում, նոր անհանգստացնում»: Ապա փորձեց հերքել, թե պաշտպանելու է Ոփյանին։ «Ես ոչ մեկին էլ չեմ պաշտպանելու։ Ու դեռ դրա ժամանակն էլ չէ, ոչ մի բան դեռ չկա»,- ասաց Վանաձորի նախկին քաղաքապետը։ Բայց նաեւ անուղղակի հաստատեց մեր լուրը` Ոփյանի հայրն իր լավ ընկերն է․ «Դա մեր քաղաքական հայացքների հետ ոչ մի կապ չունի»։

Հիշեցնենք, որ դասախոս, գիտությունների թեկնածու եւ բիզնեսմեն Մանվել Ոփյանն «Արփիգազ», «Արփիտաքսի» ծառայությունների սեփականատերն է: Պարզվեց, որ նա ավելի անկեղծ է, քան Դարբինյանը, եւ միանշանակ չհերքեց, որ Դարբինյանը հնարավոր է այս ընտրություններում պաշտպանի իրեն։ Չնայած աբսուրդին, որ ՀՀԿ-ականը պաշտպանում է ՔՊ-ականին։ «Ես չգիտեմ, այդ մասին իր հետ չեմ խոսել, չեմ էլ կարող ասել՝ էդ ինֆորմացիան Ձեզ որտեղից։ Հնարավոր է աջակցի, քաղաքում հազարավոր մարդիկ իրենց աջակցությունն են հայտնել ինձ։ Ինքն էլ մեր քաղաքի բնակիչներից մեկն է, նախկին քաղաքապետ, երկար տարիներ։

Միգուցե անձամբ էդ հարցն իր հետ չենք քննարկել»։ Նախկինում Ոփյանը որեւէ կուսակցության անդամ չի եղել։ Հարցին, թե ինչու ընտրեց ՔՊ-ն, խուսափեց պատասխանել՝ ասելով, թե տեղը հարմար չէ։  Ինչ վերաբերում է հարցին, որ իրենց ցուցակը լավը չէ, թույլ է, ասաց՝ դե, էդ ասողներին հարցրեք, թե ինչով է թույլ։

Հիշեցնենք, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հանրապետության 2-րդ եւ այլ քաղաքներում ՔՊ-ի պարտությունը եւ այլ ուժերի հաղթանակը պայմանավորել էր նրանով, որ ամեն համայնքում համայնքապետի հավակնություն ունեցողները վերցնում են որեւէ կուսակցության թղթեր եւ առաջադրվում, ինչը վկայում է այն մասին, որ իրականում համամասնական ընտրակարգը եւ տեղերում կուսակցությունները կայացնելու խնդիրը չի լուծվում։

Վանաձորում եւս, դատելով մասնակցող քաղաքական ուժերի դասավորությունից, ակնհայտորեն, հետաքրքիր մրցապայքար է սպասվում։ ԼՀԿ-ի թեկնածուն նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանն է, ԲՀԿ-ի թեկնածուն՝ ԲԷՑ-ի «Հյուսիսային մասնաճյուղի» նախկին տնօրեն Էդգար Բոջուկյանը։ Նախկինում ՀՀԿ-ից առաջադրված եւ մինչեւ վերջերս Վանաձորի քաղաքապետ աշխատած Մամիկոն Ասլանյանն էլ բանակցել է մի շարք կուսակցությունների հետ, նախ` ՔՊ-ի, ապա Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատների» հետ։ Քոքոբելյանն Ասլանյանին խոստացել է ապահովել Փաշինյանի չեզոքությունը։ Ավելի ուշ Վանաձորի վերջին քաղաքապետը բանակցել է նաեւ ՀՀԿ-ի հետ:

Վանաձորի ընտրություններին կմասնակցի նաեւ «Հայրենիք» կուսակցությունը` ավագանու անդամ Վահե Դոխոյանով: «Հայաստան» դաշինքն էլ քննարկում է Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանի եւ ՀՀԿ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանի թեկնածությունները:

Ունենալո՞ւ է ՀՀԿ-ն քաղաքապետի սեփական թեկնածուն, թե՞ պաշտպանելու է «Հայրենիք» կուսակցության թեկնածուին, չէ՞ որ մեկ դաշինքի մեջ են` «Պատիվ ունեմ»-ի։ ՀՀԿ Վանաձորի մասնաճյուղի պատասխանատու Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, թե Վանաձորի հարցը դեռ չեն քննարկել։ «Մի շտապեք, մինչեւ ամսի 31-ը ժամանակ կա»,- ասաց նա։ Մամիկոն Ասլանյանն իրենց հետ չի՞ բանակցել։ «Համբերեք եւս 2 օր՝ դրա մասին կխոսենք»,- կրկնեց Բաղդասարյանը։ Հաշվի առնելով, որ Վահե Դոխոյանը Հանրապետական կուսակցության նախկին անդամ է, այսօր էլ անդամակցում է Վանաձորի ավագանու հանրապետական խմբակցությանը, ՀՀԿ-ն, կարծում ենք, կպաշտպանի իր հետ դաշինքի մեջ մտնող խմբակցության թեկնածուին։

Նշենք, որ Վանաձորն այն քաղաքն է, որտեղ մշտապես, անգամ 2018-ից առաջ, միշտ ընդդիմադիր են քվեարկել: Այստեղ անգամ Հանրապետականի ամենաուժեղ տարիներին մեծամասնականով երկու անգամ ընտրվել է ընդդիմադիր,  «Արդարություն» դաշինքի անդամ Վիկտոր Դալլաքյանը, իսկ երբ նա հարեց Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ին, նրա փոխարեն կրկին ընտրեցին ընդդիմության թեկնածուին` Էդմոն Մարուքյանին: Վանաձորի նախորդ ընտրություններում էլ ԼՀԿ-ն քաղաքապետի թեկնածու առաջադրեց Քրիստ Մարուքյանին եւ ավագանու մեծ մասը գրավեց։