ԵՄ-ի ամրագրված դիրքորոշումը եւ Միշելի հակասող ձեւակերպումը

ԵՄ-ի ամրագրված դիրքորոշումը եւ Միշելի հակասող ձեւակերպումը

Ընթացիկ շաբաթը սկսվեց նրանով, որ Երեւանից եւ Բաքվից հայտարարվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական սահմանագծման-սահմանազատման հարցերով հանձնաժողովների կազմերը: Այնուհետեւ հայտարարվեց, որ հանձնաժողովները ղեկավարող փոխվարչապետները հանդիպել են միջպետական սահմանի ինչ-որ՝ X կետում եւ պայմանավորվել են երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը` Բրյուսելում: Հետո հանձնաժողովների նախագահների հանդիպելը մամուլի որոշ հաղորդագրություններում սկսեց ներկայացվել որպես հանձնաժողովների հանդիպում: 

Երկրորդ-երրորդ` մոսկովյան եւ բրյուսելյան հանդիպումներին էլ, որքան կարելի է հասկանալ, Հայաստանի կողմից միայն Մհեր Գրիգորյանն է լինելու, Ադրբեջանից էլ՝ իրենց փոխվարչապետը: Մոսկվայում, պարզ է, նույն ջուրն են ծեծելու, ինչ սահմանների հարցում արդեն երկու տարի Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռյակի հովանու ներքո փոխվարչապետների մակարդակով ծեծում են: Բրյուսելում էլ, ենթադրելի է, չորրորդ-հինգերորդ հանդիպումների մասին են պայմանավորվելու:
Արդյունքում, ինչպեսեւ սպասելի էր, էական ոչինչ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններ կարգավորելու ուղղությամբ չի լինում եւ չի էլ լինելու: Ընդամենը ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին ցույց են տալիս, որ իրենք էլ երբ անհրաժեշտ նկատեն, կարող են Ալիեւին եւ Փաշինյանին Բրյուսել կանչել, նույնիսկ քայլեր հարկադրել, այնպես որ՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի որեւէ քայլ, ազդեցություն, հավակնություն այլեւս հակակշռված է լինել Արեւմուտքի դիմադարձ քայլով, ազդեցությամբ, հավակնությամբ:

Ես մնում եմ այն կարծիքին, որ սա ավելի քան դրական զարգացում է եւ ընթացք, որովհետեւ հարյուր տարի տեւած ռուս-թուրքական տանդեմի ներկայության եւ ազդեցության ավարտը Հարավային Կովկասում վերջապես ուրվագծվում է: Եվ որքան արագ, սահուն ու առանց մեր մասնակցության այդ ավարտը վրա հասնի, այնքան լավ: Եթե Ռուսաստանի կամ Թուրքիայի ուժը կպատի ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին հակադրվելու` Ուկրաինայում Ռուսաստանի կրած ռազմական տապալումից եւ Թուրքիայի չվերջացող դիվանագիտական ֆիասկոներից հետո, ուրեմն թող փորձեն: Պարզ է` ո՛չ Թուրքիան, ո՛չ Ռուսաստանը ոչինչ ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի դեմ անել չեն կարող, իհարկե, կշարունակեն դիվանագիտական, լրատվական հարթակներում դատարկախոսել, աղմկել, իրենց ցույց կտան, բայց վերջահաշվում կլռեն եւ կհամակերպվեն Հարավային Կովկասում աստիճանաբար ազդեցությունը կորցնելու հետ:

Այդուհանդերձ, որքան էլ Ռուսաստանի եւ Թուրքիայի` Հարավային Կովկասից դուրս մղվելու հեռանկարը դրական եւ խոստումնալից է Հայաստանի համար, ընթացիկ քայլերի հանդեպ աչալրջությունը չպետք է կորցնել: 

ՔՊ-ի եւ Փաշինյանի բրենդը` ստախոսություն

Քանի որ ՔՊ-ի եւ Փաշինյանի բրենդը ստախոսությունն է, բնական եւ օրինաչափ է, որ Փաշինյանի մասնակցությանբ որեւէ միջազգային հանդիպման մասին տարածվող անգամ մամլո հաղորդագրությունից դրա առանձին ձեւակերպումներից մարդիկ զգուշանում են կամ Հայաստանի համար աննպաստ հետեւություններ անում: 

Մայիսի 22-ի Միշել-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հանդիպումից հետո էլ հասարակությանը տարակուսանքի մեջ գցած ձեւակերպումներ տարածվեցին Բրյուսելից: ՔՊ-ից ԱԺ գնացած անգրագետներն էլ փորձեցին լրագրողներին համոզել, թե իբր ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության տեքստը ճիշտ չի թարգմանվել: Ճիշտ է, Հայաստանի իշխանություններն ավանդաբար անգլերեն տեքստերը, հայտարարությունները, անձանց պաշտոնները եւ այլն աղավաղված են հայերեն թարգմանում (ի՜նչ միայն չարժի ԱՄՆ պետքարտուղարության Assistant Secretary, Deputy Assistant Secretary պաշտոնները «պետքարտուղարի օգնական» թարգմանելը, որ շարունակվում է արդեն երեւի մեկուկես տասնամյակ` անկախ ամեն իշխանափոխությունից): Այդուհանդերձ, Շառլ Միշելի` մայիսի 22-ի եռակողմ հանդիպման արդյունքով տարածված մամլո հաղորդագրությունում «the rights and security of the ethnic Armenian population in Karabakh» ձեւակերպումը կատարելապես ճիշտ է թարգմանվել՝ «Ղարաբաղի էթնիկ հայ ազգաբնակչության իրավունքների եւ անվտանգության հարցեր»: Այնպես որ, ՔՊ-ում թող չստեն, թե թարգմանչական սխալ կա: Ի վերջո, անգլերեն մամլո հաղորդագրությունը հրապարակված է, Հայաստանի բնակչության երեւի կեսն այս կամ այն չափով անգլերեն գիտի, բոլորն էլ կարող են կարդալ եւ տեսնել: 

Հետեւաբար, ասվել է այն, ինչ թարգմանված է, եւ Փաշինյանը որքան էլ չքմեղանա, թե Միշելի հայտարարության ձեւակերպումները եռակողմ հանդիպման ժամանակ չեն դիտարկվել եւ քննարկվել, դա իրեն չի ազատում նման անընդունելի եւ համարյա սադրիչ ձեւակերպման համար պատասխանատվությունից: Ինչո՞ւ: 

Ես, իհարկե, հակված եմ կարծելու, որ Փաշինյանի բացատրությունը, թե Միշելի հայտարարության ձեւակերպումներին ինքը տեղյակ չի եղել, ճշմարտություն է: Ի վերջո, ի՞նչ տրամաբանությամբ պիտի միայն Միշելի անունից տարածվող, ընդամենը մի մամուլի հաղորդագրության տեքստը կամ ձեւակերպումներն Ալիեւի եւ Փաշինյանի հետ քննարկվեին, այն էլ՝ կեսգիշերին ընթացող հանդիպման ժամանակ: Դա համատեղ հայտարարություն չէր, որ ձեւակերպումներ քննարկվեին կամ համաձայնեցվեին, հայտարարության ներքո էլ կողմերի ստորագրություն դրվեր, այլ ընդամենը մեկ կողմի տված լրատվություն-մեկնաբանություն: Այդուհանդերձ, Փաշինյանն ինչ ձեռնածության էլ դիմի, Միշելի անունից տարածված հաղորդագրության անընդունելի ձեւակերպումների պատասխանատվությունն ու մեղքը կրում է Փաշինյանը: Ակներեւաբար, հենց Փաշինյանի կողմից աջուձախ շաղ տրվող հիմար հայտարարություններից է ԵՄ խորհրդի նախագահը տպավորություն կազմել, թե սեղանին Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտանգության եւ իրավունքների հարցն է դրված: 

Չէ՞ որ այդ անմտությունը Փաշինյանն ու իր թիմն օրնիբուն, որտեղ հասնի, կրկնում են, եւ սպասելի է, որ Բրյուսելում էլ նույնը թութակած լինի: Մինչդեռ, եթե Փաշինյանի եւ ՔՊ-ի գիտակցությանը վերջապես հասնի, որ, այո՛, ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճի խնդիր չէ, բայց նույն հաջողությամբ դա Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության խնդիր էլ չէ, դիվանագիտական հարթությունում ու հայտարարություններում խառնաշփոթը գուցե հաղթահարվի: 

Փաշինյանն ինչո՞վ է զբաղվում Բրյուսելում

Փաշինյանը եթե պնդաճակատություն ունի՝ ՀՀ վարչապետի աթոռից կառչած մնալու, քանի այդ պաշտոնին է, պետք է ի վերջո գիտակցի, որ ղարաբաղյան հակամարտությունը ծագել է, չի լուծվել եւ չի լուծվում (անկախ տարածքների հանդեպ Արցախի կամ Ադրբեջանի վերահսկողությոնից) այն պատճառով, որ դա ինչպես տարածքային վեճ չէ, այնպես էլ էթնոսի իրավունքների ու անվտանգության հարց չէ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էթնիկ վարչատարածքային միավորի կարգավիճակի հարց է, որը պետք է որոշակիացվի այդ էթնոսի ազատ կամարտահայտությամբ: Ադրբեջանական ՍՍՀ կազմում եղած ԼՂԻՄ էթնիկ վարչատարածքային միավորի կարգավիճակի հարցն է ղարաբաղյան հակամարտության էությունը: Երբ Փաշինյանը կսովորի այդքանը պնդել եւ կրկնել, այն ժամանակ էլ իր հետ հանդիպումների արդյունքով սխալ ձեւակերպումներով հայտարարություններ չեն տարածվի:

Սակայն Փաշինյանի բրյուսելյան արկածներում ինչն է իրապես զայրացնող: Եվրամիությունն այն կառույցն է, որ 2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի կապիտուլյացիայի թեմայով Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռյակի տարածած հայտարարությունից հետո, նոյեմբերի 19-ին պաշտոնապես հանդես եկավ «Nagorno-Karabakh: Declaration by the High Representative on behalf of the European Union» վերնագրված դեկլարացիայով (թարգմանաբար` «Լեռնային Ղարաբաղ. բարձր ներկայացուցչի դեկլարացիան` Եվրոպական միության անունից»): 

Եվ այդ դեկլարացիայում, ի պատասխան Մոսկվայի, Բաքվի եւ Անկարայի այլանդակ վարքի, թե իբր պատերազմով Լեռնային Ղարաբաղի հարց են լուծել, Եվրամիության անդամ երկրների, նաեւ անդամության թեկնածու երկրների անունից հայտարարված էր. «The European Union welcomes the cessation of hostilities in and around Nagorno-Karabakh following the Russia-brokered ceasefire of 9 November agreed between Armenia and Azerbaijan. (…) The cessation of hostilities is only a first step to end the long-standing Nagorno-Karabakh conflict. The EU considers that efforts must be renewed for a negotiated, comprehensive and sustainable settlement of the conflict, including on the status of Nagorno Karabakh» (թարգմանաբար` «Եվրոպական միությունը ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ, որ հետեւել է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնեցված նոյեմբերի 9-ին հրադադարին: (…) Ռազմական գործողությունների դադարեցումը միայն առաջին քայլ է Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտությունն ավարտելու ճանապարհին: ԵՄ-ն կարծում է, որ պետք է ակտիվացվեն ջանքերը` խնդրին բանակցային համապարփակ եւ տեւական լուծում գտնելու համար` ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»): 

Այլ հայտարարություն Եվրոպական միության անունից այլեւս չի արվել, որպեսզի որեւէ մեկի մոտ 2020-ի նոյեմբերի 19-ի հայտարարության վերնայման կասկած ծագի: Եվ ի՜նչ վերջացած թյուրիմացություն պետք է լինի Նիկոլ Փաշինյանը, ի՜նչ դատարկախոսությամբ պիտի նա զբաղված լինի Բրյուսելում, որ Միշելը ԵՄ ամրագրված դիրքորոշումից այդքան հեռու, սխալ ու դատապարտելի ընկալում կազմի եւ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը» թողած՝ «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության» մասին ձեւակերպում տարածի: Ուղղակի Փաշինյանի անմեղսունակության վկայություն:

Ինչեւէ, երեկ մենք երկու հարց ենք ուղարկել Բրյուսել՝ Շառլ Միշելի մամուլի խոսնակին, հարցերն ի գիտություն ուղարկվել են նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակություն, եւ խնդրել ենք հստակեցնել` արդյոք ԵՄ 2020-ի նոյեմբերի 19-ի «Nagorno-Karabakh: Declaration by the High Representative on behalf of the European Union» հռչակագրի դրույթները մնո՞ւմ են ուժի մեջ եւ հանդիսանո՞ւմ են ԵՄ պաշտոնական քաղաքականություն, թե՞ ոչ: Երկրորդ հարցով խնդրել ենք նախագահ Միշելի` մայիսի 22-ի հայտարարության մի քանի նոր եւ, դժբախտաբար, գրեթե սադրիչ ձեւակերպումները հստակեցնել, մասնավորապես՝ «արեւմտյան Ադրբեջան», «Հայաստանի տարբեր հատվածների միջեւ փոխադրումներ` Ադրբեջանի միջով», «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության հարցեր»: Պատասխանները ստանալուն պես կհրապարակենք: