Ուր գնա ամառը Փաշինյան համառը

Ուր գնա ամառը Փաշինյան համառը

Անցյալ օրը մի գրառում կարդացի Ֆեյսբուքում: Օգտատերը փաստերով ապացուցում էր, որ պետք է ոչ թե հայրենիքը փրկել, այլ Նիկոլին հեռացնել: Արձագանքեցի.
- Եղբայր, դրանք նույն բաները չե՞ն, Նիկոլին հեռացնելը մի՞թե հայրենիք փրկել չէր:
Պատասխանեց.
- Չէ:
Զարմացա.
- Յաաաաա…
- Հա: Պետք էր նախ Նիկոլին հեռացնել, հետո հայրենիքը փրկել:
- Ուզում ես ասել, որ Նիկոլին չհեռացնենք, հայրենիքը չի՞ փրկվի:
- Ոչ, չի փրկվի: Նիկոլն ամեն ինչ տալու է, հայրենիքն էլ, պետությունն էլ, մեզ էլ:

Նիկոլ, տեսնում ես, չէ՞, թե ինչ վատատես մարդիկ կան, որ էլ քո ոչ մի բանին չեն հավատում: Մեռա այդ օգտատիրոջը բացատրելով՝ մի հատ Նիկոլ ինչպե՞ս կարող է հայրենիք, պետություն ու ժողովուրդ հանձնել, մենք մեռած հո չե՞նք, չենք թողնի: Հնար չեղավ, Նիկոլ, օգտատերը ոչ մի կերպ չհամաձայնեց: Դեռ ավելին, սկսեց պնդել, որ դու մենակ չես, որ քո թիկունքին լիքը մութ ուժեր կան կանգնած ու հարյուր հազար զոմբի: Մի խոսքով՝ համարյա թե համոզեց ինձ:
Համարյա համոզեց: Հաջորդ վայրկյանին ես կրկին այն կարծիքին էի, որ հայրենիքը փրկելը նույնն է, թե քեզնից ազատվելը, Նիկոլ: Ու եթե մենք քեզնից ազատված լինեինք 2020-ի նոյեմբերին կամ 2021-ի փետրվարին, այսօր դեռ Արցախ կունենայինք, Գորիս-Կապան ճանապարհ, առնվազն 29,8 հազար քառակուսի կիլոմետր Հայաստան… Թուրքը Սեւ լճում նստած չէր լինի, անկլավների խայտառակության մասին էլ չասած: Ու որպեսզի այս ամեն ինչը տեղի չունենար, ընդամենը պետք էր, որ նոյեմբերի 9-ի ղազագիրը ստորագրելուց հետո, ներողություն արտահայտությանս համար, ռադդ քաշեիր: Քանի՞ անգամ ասացինք՝ գնա, քանի՞ լեզվով ասացինք՝ հեռացիր, քո ամեն օրը նոր պարտություն է բերելու մեր երկրին ու ժողովրդին: Երեսդ պադոշ արիր՝ նստեցիր: Գոնե հիմա գնա, դու ոչինչ չես կարողանում անել, դու ոչինչ այնպես չես անում, դու ամեն ինչ սխալ ես անում, քո կառավարությունը հիմարների հավաքածու է՝ քեզնից ավելի հիմարների, որ անուղեղ թութակների պես կրկնում են քո ամեն բլթոցը: Ախր դու էլ ես մեղք, կկործանվես էդ թափթփուկի հետ, եթե վաղը պարզվի, որ իսկապես հնարավոր չէր Արցախը պահել:

Նիկոլ, քո հեռանալն ուղիղ համեմատական է հայրենիքի փրկությանը: Կհեռանաս՝ կփրկվի հայրենիքը: Ինչքան շուտ հեռանաս, այնքան շուտ ու ավելի հեշտ կփրկվեն երկիրը, պետությունն ու ժողովուրդը: Դու հիմա մեր էպոսի Փոքր Մհերն ես: Քո բերած արյունով ու ցավով ներծծված հողն այլեւս չի պահում քեզ, ճահիճ է դարձել, կլանում է քեզ, գնա, մի ծակ քար գտիր, մտիր մեջը՝ տեսնենք ինչ ենք անում, որ այս վերջին հողակտորը գոնե փրկվի: Սա ընդունիր ինչպես ուզում ես՝ հորդոր, խնդրանք, սպառնալիք… Միեւնույն է, ճիշտը քո գնալն է:

Շուտով կլրանա 6 տարին, որ ես Փաշինյանից պահանջում եմ հեռանալ: Ավելի ճիշտ՝ երկու տարի շարունակ գրում էի, որ Փաշինյանը պատիժ է, չի կարելի նրան մոտ թողնել պետության ղեկին, իսկ 2020թ. նոյեմբերից այսկողմ պահանջում եմ, որ այդ դավաճան հողատուն թողնի ամեն ինչ եւ հեռանա, իր խոսքով՝ ռադ լինի: Օրերով, ամիսներով տուն չեմ գնացել, փողոցներն ընկած, վրանների մեջ քնելով՝ գիշերներ եմ լուսացրել այն հույսով, որ այսօր կամ վաղը առավոտյան նա արդեն չի լինի: Ես հայրենիք էի փրկում, իսկ նա չէր գնում ու չէր գնում:

Մի քանի oր առաջ լրացավ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի հայտնի հայտարարության 3 տարին, որով Փաշինյանը «հռչակվեց» Հայաստանի Հանրապետության անվտանգության թիվ 1 սպառնալիք: Իսկ գիտե՞ք, որ մինչ օրս ոչ ոք պաշտոնապես չի հերքել դա, եւ այսօր էլ Օնիկ Գասպարյանի եւ 30 գեներալների այդ հայտարարությունն ուժը կորցրած չի կարելի համարել: Չեմ կարող ասել՝ դա իրականության արձանագրումն էր ԳՇ կողմից, թե ռազմական հեղաշրջման փորձ, բայց հրաշալի առիթ էր, որ Փաշինյանը փասափուսեն հավաքեր ու հանձնվեր ՀՀ իրավապահներին: Նա այդ առիթն էլ չօգտագործեց, այլ մնաց՝ ականջալուր լինելով բրիտանական հատուկ ծառայությունների հայաստանյան ներկայացուցիչներին: Անուններ տալ հիմա չեմ ուզում, ուղղակի նշեմ, որ նրանցից մեկն արդեն փախել է Լոնդոն, իսկ մյուսը հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից, ու չգիտենք էլ՝ դեռ հայաստանյա՞ն օդ է շնչում, արդյոք: Այո, Նիկոլին մենակ են թողել իր թիմի՝ գեներալ Գագիկի, երկիր պահող Սասունի, Քոչարյան Անդոյի, Աղազարյան Հովիկի, Լուլուի, Քիսոյի հետ ու թռել: Պապիկյան Սուրենը, ԱԱԾ տնօրենն ու տիկին դատախազն էլ գլխի չեն ընկնում, որ պետք է նախ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը հերքեն, այլապես ստացվում է, որ իրենք ծառայում են Հայաստանի Հանրապետության մնացորդացի անվտանգության թիվ մեկ սպառնալիքին: Ու քանի դեռ նշվածներն իրենց կդնեն հայտնի կենդանու տեղը, Փաշինյանն էլ իրեն ռետինե խողովակի տեղ կդնի ու կշարունակի մնալ:

Փաշինյանը չի հեռանա իր կամքով ու խելքով: Սա արդեն մերկ ճշմարտություն է: Բայց մյուս կողմից էլ՝ Հայաստանը պետք է փրկվի, Հայաստանը չի կարող չփրկվել: Այս ամենը մի տեղ կանգ պետք է առնի՞, թե՞ ոչ: Հիմա դա տեղի կունենա Փաշինյանին հեռացնելուց առաջ թե հետո՝ ի՞նչ նշանակություն ունի: Կարեւորն այն է որ երկիրը փրկվի, որ պետականությունը մնա, որ ժողովուրդը ցիրուցան չլինի: Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանին, ամեն ինչ պարզ է վաղուց: Նա ունի հետեւյալ երեք տարբերակից ընտրության մեկ հնարավորություն՝ կախաղան, գնդակահարություն, բանտ: Էն, որ ասում էր՝ ռադներս քաշենք, գնանք, ժողովուրդն էլ ազատվի, մենք էլ, ընդամենը գունավոր երազ է, որ նա սկսել է վերջերս հաճախակի տեսնել: