Հերթական ստերը

Հերթական ստերը

Արդեն սովորել ենք, որ Նիկոլի իշխանությունը չի կարող գոյատեւել առանց համատարած ստի ու կեղծիքի: Ինչը նշանակում է, որ մենք արդեն որերորդ տարին հանդուրժել ենք եւ շարունակում ենք հանդուրժել հակահանրային այդ երեւույթը: Ինչը գալիս է նրանից, որ կեղծիքն առկա էր նախքան Նիկոլը, եւ ինքն ընդամենը օգտվում է այդ հանգամանքից: Եթե այդպես չլիներ, ողջ հասարակությունը պետք է ոտքի կանգներ ու նրան ուղարկեր իր երբեմնի կիրթ ու կառուցողական գործընկերոջը հյուր: Բայց դա, ինչպես տեսնում ենք, տեղի չի ունենում: Այս կարճ նախաբանից հետո ներկայացնեմ նիկոլական ստերի հերթական չափաբաժինները:

Դրանցից մեկն առնչվում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կանոնադրության՝ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացին: ՄՔԴ-ին միանալու՝ ՀՀ ղեկավարության կողմից 1999-ին ստորագրված համաձայնագիրը ՀՀ ՍԴ-ի կողմից խոտանվեց 2004-ին: Խոտանման հիմքը ՀՀ Սահմանադրության հետ անհամապատասխանությունն էր: Երբ Նիկոլը կրկին նախաձեռնեց գործընթացը, ու այն վավերացվեց վերջինիս ենթակա ՍԴ-ի կողմից՝ հայտարարվեց, թե 2005 եւ 2015 թվականների սահմանադրական փոփոխությունների շնորհիվ 2004-ին արձանագրված խոչընդոտները վերացվել են: Սակայն 2015-ի սահմանադրական փոփոխությունների հեղինակ Հրայր Թովմասյանի ասելով, նախկինում առկա խոչընդոտները չեն վերացել: Ինչը նշանակում է, որ ՍԴ-ի կողմից ստատուտի վավերացման նոր որոշման ընդունումն անօրինական է, եւ պետք է ուժի մեջ մնար ՍԴ-ի նախկին որոշումը: 

Բայց, ինչպես միշտ, այս անգամ եւս պարզվեց, որ սուտն ու անօրինականությունը Նիկոլի իշխանության անբաժան ուղեկիցներն են: Ասեմ ավելին՝ նախկինները կնախանձեին օրենքների ու ճշմարտության վրա թքած ունենալու՝ սրանց կոպիտ արվեստին: Բայց, ինչպես արդեն ասվեց, սուտն ու անօրինականությունը ոչ միայն Նիկոլի իշխանության, այլեւ մեր ողջ հասարակության անբաժան հատկանիշներն են: Այդպես է եղել խորհրդային տարիներին, այդպես շարունակվել է անկախության առաջին երկու տասնամյակում եւ շարունակվում է այսօր: Ուղղակի հիմա այն ծաղկում եւ փթթում է իր ողջ հզորությամբ: 

Նիկոլի իշխանության՝ համատարած ստի հաջորդ չափաբաժինն առնչվում է Արցախի կամ, իշխանական բառապաշարով՝ Ղարաբաղի կապիտուլյացիոն ակտին:

Ի դեպ, սովորաբար իշխանական ստերի արտահայտման բումը տեղի է ունենում Ազգային ժողովի լիագումար նիստերի ժամանակ: Հերթական նիստում աչքի ընկավ ՔՊԿ-ական «ազգընտիր» Պապոյանը, ով Դաշնակցությանն էլ մեղադրեց Ղարաբաղի կապիտուլյացիոն ակտը ստորագրելու մեջ: Երբ ֆեյսբուքյան կիսագրագետ անձանց շրջանում է նման կարծիք հայտնվում, մտածում ես, որ նորմալ է: Բայց երբ նույն կարծիքը՝ մի թեթեւ ձեւափոխված, վերարտադրվում է ՔՊԿ-ական «ազգընտիր» անձի կողմից, պետք է ընդունես, որ հստակ ուղղորդված մանիպուլյացիա է:

Ենթադրում եմ, որ մարքեթինգի վերաբերյալ տնտեսագիտության թեկնածուի հեղինակած ուսումնական ձեռնարկում ներկայացված են միամիտ հաճախորդներին խաբելու հնարավոր եղանակները: Այս ենթադրությունը կարող է սխալ լինել, բայց այն հիմնված է Պապոյանի կողմից բարձրաձայնված՝ Արցախի կապիտուլյացիային Դաշնակցության «մասնակցության» հանգամանքի վրա: Որովհետեւ Ազգային ժողովի պատգամավոր, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ անձնավորությունը կարող էր գիտակցել, որ Դաշնակցությունը փորձում էր փրկել Արցախը: Փոխել այն իրավիճակը, որում հայտնվել էր Արցախը Պապոյանի վերադաս Նիկոլի ջանքերի շնորհիվ: Նախ, 2020 թվականի կապիտուլյացիայի ստորագրությամբ եւ, այնուհետեւ, 2022 թվականի՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարությամբ: Որովհետեւ «արցախյան բեռից» ազատվելու՝ Նիկոլի մտադրության պայմաններում վաղ թե ուշ պետք է տեղի ունենար այդ կապիտուլյացիան: Ընդամենը ճակատագրի ծաղր էր, որ ազգային կուսակցության ներկայացուցիչը խորհրդարանի (եւ ոչ թե Արցախի) նախագահ ընտրվեց ադրբեջանական վերջնական ագրեսիայից մի քանի օր առաջ: 

Վերջաբանի փոխարեն. ինչ մնում է ՄՔԴ-ի օգտակարությանը մեր երկրի համար՝ ընդդեմ Ադրբեջանի, ապա դա պարզապես բլեֆ է: Այն արեւմտյան ուղղվածություն որդեգրելու՝ Նիկոլի քաղաքականության հերթական տարրն է: Ինչը ոչ թե օգուտ է բերելու մեր երկրին, այլ՝ վնասներ, խոշոր վնասներ: Եվ առաջին հերթին՝ տնտեսական առումով, ինչը հայաստանյան անտարբեր հասարակությունը կզգա իր մաշկի վրա շուտով, շատ շուտով: Իսկ Նիկոլն էլ, եթե շարունակի պաշտոնավարելը, հերթական անգամ կմեղադրի Ռուսաստանին: