Շատ մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ՝ ոմանք Եռաբլուրում ուտում, խմում, բարձրաձայն հայհոյում են
«Հրապարակի» զրուցակիցը 2016-ի քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայրն է` Գայանե Սահակյանը:
- Վերջին շրջանում հայ հասարակությունը բավականին պառակտվել է: Սգավոր ընտանիքներ եւ ռեստորաններում քեֆ անողների բազմություն, զոհված զինծառայողների ծնողներ, որոնք պայքարում են այս իշխանությունների դեմ, եւ նրանց մեղադրողների բանակ, որոնց դատապարտում են, հայհոյում իրենց անվայել պահելու համար: Ի վերջո` հերոսի ծնողը, հատկապես հերոսի մայրը, ինչպիսի՞ն պետք է լինի, ըստ Ձեզ:
- Ոչ մեկին չեմ կարող մեղադրել, որովհետեւ շատ հնարավոր է, որ կան ծնողներ, որոնք խիստ ծանր հոգեբանական վիճակում են: Չենք կարող ասել, թե ում հոգում, ում սրտում ինչ է կատարվում: Կան համընդհանուր գրված եւ չգրված օրենքներ, մեզանում չգրված օրենքներն ավելի շատ են: Հերոսները մեր ազգի համար սրբություն են, հետեւաբար, հերոսի ծնողները եւս արժանի են հարգանքի: Ինձ բոլոր ժամանակներում, ամեն տեղ հարգել են, բոլոր ժամանակներում մեծ հարգանք եմ վայելել, երբ իմանում են, որ Ադամի մայրն եմ, միանգամից փոխվում է վերաբերմունքը: Շատ ափսոս, որ որդիս` Ադամը, զոհվեց, որովհետեւ նրա տեսակն իսկապես շատ է պետք մեր հասարակությանը: Բոլոր ժամանակներում էլ լավ տղաներ շատ են զոհվել, տղաներ, որոնք հայ ազգին անհրաժեշտ են` լավագույն տեսակը…. Էն, որ ազգի սերուցքն է, այ՝ այդ տեսակը: Կան էլեմենտար երեւույթներ, մեր ընտանիքը համեստ ընտանիք է, պահանջներ չենք ներկայացրել եւ չենք ներկայացնում որեւէ մեկին:
- Այսինքն` հարգանքը վայելում եք ձեր տեսակի շնորհիվ:
- Հարցին նայենք այլ տեսանկյունից: Բոլորը նույն ընտանիքից չեն, մարդիկ շատ տարբեր են: Ունեն շատ տարբեր կրթություն եւ դաստիարակություն, բայց գիտեք, ամեն դեպքում ասեմ, որ կրթությունն էլ այսօր այդքան կարեւոր չէ: Կան մարդիկ, որոնք չունեն կրթություն, սակայն լավն են, դա ներքին հոգեվիճակ է, ավելի շատ կախված է ընտանիքից ու դաստիարակությունից: Ես գիտեմ մարդիկ, որոնք գրագետ չեն, սակայն համեստ են ու խոհեմ, նաեւ՝ խոնարհ: Գիտեք` շատ մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ՝ ոմանք Եռաբլուրում ուտում, խմում եւ բարձրաձայն հայհոյում են: Եռաբլուրն այդ տեղը չէ, հարգելիներ, չի կարելի: Մեզանում երբեք նման մշակույթ ձեւավորված չի եղել, մի արեք նման բաներ: Երբեմն ուզում եմ այդ մասին գրառում անել, սակայն միշտ մտածում եմ, որ կարող եմ մարդկանց վիրավորել, իսկ ես դա չեմ ուզում… Պետք է այդ հարցը կանոնակարգել, պետք է նույնիսկ ծնողները ենթարկվեն այդ կանոնակարգին եւ Եռաբլուրը չվերածեն ուտել-խմելու վայրի: Եռաբլուրը զինվորական պանթեոն է, իսկ պանթեոնի ղեկավարը բարձրաստիճան սպա է: Պետք է կարգուկանոն հաստատել: Եռաբլուրում ննջում են 90-ականներին հաղթանակած տղաները, ննջում են քառօրյայի տղերքը, եւ ես, անկեղծ ասած, նման պահվածքի երբեք ականատես չեմ եղել, մինչեւ վերջերս: Ո՞վ է տեսել Եռաբլուրը վերածեն հայհոյելու եւ ուտել-խմելու վայրի…. ուտելիքները թողնել էնտեղ ու հաջորդ օրը գնալ ասել՝ ո՞վ տարավ մեր ուտելիքները: Ես պարզապես ապշում եմ, ասելու բան չունեմ, խոսքեր չկան: Գուցե կան մարդիկ, որոնք ծանր հոգեկան վիճակում են, սակայն նրանց հետ երեւի պետք է աշխատեն հոգեբանները:
- Եռաբլուրի հետ կապված՝ մեկ այլ նոր մշակույթ էլ է ձեւավորվել: Քաղաքական գործիչները, հատկապես` իշխանությունները, բոլոր առիթներին, անկախ նրանից՝ տոն է, թե տխրություն, այցելում են Եռաբլուր, արդյունքում` սկանդալները լինում են անխուսափելի:
- Սկանդալներ պետք չէ սարքել, Եռաբլուրը դրա տեղը չէ, դա այլ հարթության վրա գտնվող սրբատեղի է: Մենք՝ բոլորս, գնալու ենք այս կյանքից, իսկ Եռաբլուրը մնալու է: Այն ոտքի տակ տալ պետք չէ, չի կարելի: Ինչ վերաբերում է քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին, թող գնան, ես այդտեղ ինչ-որ վատ բան չեմ տեսնում: Լավ է` թող հիշեն:
- Քառօրյա պատերազմից անցել է 7 տարի…. Ադամին կորցնելու ցավը, կարոտն ինչպե՞ս կարողացաք հաղթահարել: Ինչպե՞ս հաղթահարեն իրենց ցավը նրանք, որոնց վերքը դեռ թարմ է:
- Ադամի հաղթանակած կերպարը, մեր ժողովրդի սերը նրա հանդեպ, մարդկանց վերաբերմունքը: Սերն ինձ չթողեց խելագարվել…. Մինչեւ հիմա էլ չեմ ուզում պատկերացնել, որ Ադամը չկա, եթե ես մեկ րոպե անգամ պատկերացնեմ, որ վերջ…. կխելագարվեմ: Իմ որդուն ես զգում եմ, նրա էներգիան, նրա ներկայությունը կա: Երբ շատ եմ տխրում, ինչ-որ մի ազդակ, մի նշան է նա ինձ ուղարկում, որ սթափվեմ, որ կարողանամ ապրել…. Բարդ է ինչ-որ մեկին ինչ-որ բան ասելը, շատ ինդիվիդուալ է, բացատրելը դժվար է: Ամեն ինչ կախված է մարդու տեսակից: Ծնողներ կան, որոնք անհաշտ են իրենց զավակների հետ, ես իմ որդու հետ միշտ հաշտ եմ: Լավագույն մարդկային հատկանիշներն ամփոփված են եղել Ադամի մեջ: Հրաշալի մասնագիտություն ուներ նա, կարող էր այսօր ազդեցիկ մարդ լինել, բայց….
- Գուցե քառօրյան հաղթանակով ավարտվեց, դա՞ է Ձեզ սփոփում նաեւ:
- Այո, ճիշտ եք: Մի անգամ այդ մասին խոսեցի, որոշ մարդիկ նեղվեցին, բայց իսկապես դա հաղթանակ էր: Գուցե ծնողներիս համար քառօրյան պարտություն էր, որովհետեւ մեր տղաները չվերադարձան, սակայն, մեծ հաշվով, հաղթանակով ավարտվեց կռիվը: Քառօրյայից եւ 44-օրյայից հետո ահռելի տարբերություն կար: Չեմ ուզում համեմատել, սակայն իրականում մեծ է տարբերությունը: Մարդիկ հպարտ էին: Մեր տնից մարդիկ մեջքով էին դուրս գալիս, այնպես, ինչպես սրբավայրից: Կար ժամանակ, որ անգամ ճաշելու ժամանակ չէինք ունենում, որովհետեւ տունը լեփլեցուն էր, հյուրերն էլ ամենեւին հարազատներ եւ բարեկամներ չէին, այլ պարզապես մարդիկ էին, որոնք ուղղակի ուզում էին մեր կողքին լինել: Ուղղակի գալիս էին, որ տեսնեն՝ որտեղ է ապրել Ադամը: Անգամ ԱՄՆ-ից, Կանադայից հայեր էին գալիս՝ մեզ այցելելու:
- Այժմ ինչո՞ւ է այսպես ամեն ինչ խառնվել իրար: Ինչո՞ւ են հիմա ծնողներին հայհոյում:
- Հայհոյանքի մշակույթը սարսափելի մշակույթ էր, որ մտավ մեր մեջ, հատկապես Ֆեյսբուքի միջոցով: Մինչեւ վերջերս նման բան չկար, անգամ փողոցում կնոջ ներկայությամբ հայհոյելն ամոթ էր, կին էին տեսնում փողոցում՝ զգաստանում էին, հարգում էին, հիմա՝ չէ…. Հայհոյելը դարձել է սովորական բան, շատ հաճախ՝ նաեւ հերոսություն: Մեկ բառով ասենք` խայտառակություն: Ծնողներին մեղադրել պետք չէ, մարդիկ տարբեր են: Հաճախ ծնողին նայելով հասկանում ես, թե որդին ինչ տեսակ է եղել:
- Ինչպիսի՞ Հայաստանում կցանկանայիք ապրել….
- Հուսով եմ, որ հրաշք է կատարվելու, ապրելու ենք խաղաղ երկրում: Եթե Հայաստանը խաղաղ եղավ, ամեն ինչ կընկնի իր տեղը: Այն, ինչ անում են, կյանք է, ոչ թե սեւագրություն, պետք է զգույշ լինենք, ուշադիր լինենք: Պետք է պահենք ու փայփայենք մեր հայրենիքը: Աստված մեզ ուժ եւ իմաստնություն թող տա, որպեսզի կարողանանք տեր լինել մեր երկրին: Կապ չունի, որ Հայաստանը փոքր երկիր է, մենք միշտ էլ ունեցել ենք հզոր անհատականություններ, որոնց շնորհիվ կարողացել ենք բարձրանալ ու հաղթել: Ես արժանապատիվ ու հարատեւ խաղաղություն եմ ուզում….
Կարծիքներ