«Հրապարակ»․ Դու կարող ես քաղաքացու վրեժի կոչ անել, ես չե՞մ կարող ազգի վրեժի կոչ անել, այ դեզերտիր
Ազատամարտիկ, արցախյան երկու պատերազմների մասնակից Սարգիս Մելքոնյանի դեմ քրեական գործ է հարուցվել դեռեւս անցած տարի։ Պատճառը Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումներն են՝ «ստատուսները», որոնց բովանդակության մեջ իրավապահ մարմինները բռնության քարոզչություն եւ կոչ են տեսել։
«Հրապարակային բռնության կոչեր, բռնության քարոզ։ Փաշինյան Նիկոլին համարժեք պատասխան եմ տվել, նույնիսկ ոչ համարժեք։ Ես Ֆեյսբուք շատ չեմ գործածում, բայց իմանալով, թե ինչեր է ասել, օրինակ՝ Սեւ լիճն ինչների՞ս է պետք, նահանջի հրամանը ես եմ տվել, երեք եւ հազար ավել մետր հավերժություն է՝ այդ տարածքն ինչների՞ս է պետք, համարժեք պատասխան եմ տվել։ Կոշտ՝ շատ կոշտ ասել եմ, դիմել եմ իմ մարտական ընկերներին, ովքեր քաղաքականությամբ են զբաղվում, ասել եմ՝ բրախեք էդ քաղաքականությունը, սրանց հարցերի լուծումը ոչ թե փողոցներում քարշ գալով է, ավտոմատն առաջ անեն՝ քշեն սահման, տանեն թուրքի կռիվ տեսնեն»,- ասաց Մելքոնյանը։
Հարցին, թե միայն այս հայտարարության համա՞ր է իր դեմ քրեական գործ հարուցվել, ասաց․ «Միայն սա չի՝ էլի կա։ Շանսատակ անելու մասին եմ գրել, բայց կոչ չեմ արել իրեն շանսատակ անել, ասել եմ` վաղ թե ուշ շանսատակ կլինես հայի ձեռքով, ու Աստծուց կխնդրեմ, որ այդ հայը ես լինեմ։ Ընդհակառակը՝ իմ վրա եմ վերցրել»։
Հարցաքննությունների հաշիվը կորցրել է Լոռու մարզի Լեռնապատ բնակավայրի բնակիչը, իսկ ապրիլի 14-ից մինչեւ սեպտեմբերի 14-ը չհեռանալու մասին ստորագրություն է տվել, Մելքոնյանը վստահեցնում է, որ որեւէ տեղ գնալու կամ հեռանալու միտք անգամ չունի։
Հանրային պաշտպանի ծառայություններից լոռեցի ազատամարտիկը հրաժարվել է` այս պահին պաշտպան չունի, սակայն իրավաբանական խորհրդատվության կարիք ունի։ «Հրապարակի» հետ զրույցում նա տեղեկացրեց նաեւ, որ 1992 թվականից մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի «կապիտուլյացիան» եղել է ԱԻՄ-ի անդամ, սակայն Արցախից վերադառնալուց հետո հասկացել է, որ «կապիտուլացվելուց» հետո Հայաստանում, այսպես կոչված, ժողովրդավարություն չի կարող լինել։
«Բոլորին դեմ եմ, սաղ էլ նույնն են՝ սաղ էլ Նիկոլ են։ Միայն ընտրություններին մասնակցությամբ՝ անկախ արդյունքից, լեգիտիմացրին իր կապիտուլյացիան»,- համոզված է լոռեցի ազատամարտիկը։ Հետաքրքրվեցինք, թե ինչ է կարծում՝ քաղաքացիների դեմ նմանատիպ քրեական գործերի հարուցման նպատակը ո՞րն է։ «Սա թավշյա դատավարության թատրոնն է, որ ինչ որ սկսեց, ինքն ասեց՝ սեւերդ ջախջախված եք, ըստ իրեն՝ ես սեւ եմ, ինչի՞ եմ սեւ, ես դժվար թե իր ասած թալանչի-մալանչի լինեմ, բայց ինքն ասաց՝ բոլորդ պետք է կանգնեք դատարանների առաջ՝ բռնեն-բաց թողնեն, բռնեն-բաց թողնեն»։
Մելքոնյանը հիշեցնում է, որ Փաշինյանն էր քաղաքացուն կոչ անում վրեժի․ «Եթե դու կաս, այ դեզերտիր, ինքը դեզերտիր է, ու ես կարող եմ դա ապացուցել, եթե ինքը կարողանում է քաղաքացուն վրեժի կոչ անի, ես էլ սեւ եմ՝ ես էլ ազգի վրեժի կոչ եմ անում․ ես սեւ չեմ՝ ես հայ եմ»։
Քաղաքացին շեշտում է, որ ինքը հայտնի դեմք չէ, սակայն իրեն չեն կարող վախեցնել, ու հաշվի առնելով, որ թե՛ ոստիկանությունը, թե՛ դատախազությունը, թե՛ դատարանները Փաշինյանի վերահսկողության տակ են, միեւնույն է` ինքը չի վախենում։
«Ինքը ոչ միայն բռնության կոչ է արել, այլեւ սահմանադրական կարգն է տապալել։ Ինքը խոսել է Հայաստանի՝ կադաստրի թուղթ չունենալու մասին, Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, այն դեպքում, երբ ոչ ոք դրա իրավունքը չունի` 1992 թվականի հայտնի որոշմամբ։ Ինքն օրինախախտ է»,- ասում է Մելքոնյանն ու հավելում, որ եթե իրեն ամբաստանյալի կարգավիճակ է տվել, ուրեմն արդեն իսկ մեղավոր են իրեն ճանաչել։ «Ես մինչեւ վերջ գնալու եմ։ Իրավաբանների հետ խորհրդակցել եմ, մաքսիմալը յոթ-ութ տարի է, իսկ մինիմալը՝ տուգանք եւ պայմանական ազատազրկում։ Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, ինձ պաշտպան պետք չէ՝ ես նույնիսկ Եվրադատարան եմ դիմելու։ Ինձ նստեցնեն, ինչ ուզում են անեն, եթե բառախաղ սկսեն` զղջո՞ւմ ես, թե՞ ոչ, ես դատախազությունում եմ ասել՝ զղջում եմ, որ ֆեյսբուքյան թիթիզությամբ եմ այդքանն ասել։ Որովհետեւ Ֆեյսբուքում գրառում անելն իրական պայքար չէ՝ այ, դրա համար զղջում եմ»,- եզրափակեց լոռեցի ազատամարտիկը։
Կարծիքներ