«Հրապարակ». ԲՀԿ-ն բազմիցս հայտարարել է, որ Արցախը որեւէ դեպքում չի կարող լինել Ադրբեջանի կազմում

«Հրապարակ». ԲՀԿ-ն բազմիցս հայտարարել է, որ Արցախը որեւէ դեպքում չի կարող լինել Ադրբեջանի կազմում

Հարցազրույց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ

- Արդեն մեկ ամիս է՝ ընդդիմադիրները դուրս են եկել փողոցային պայքարի, ԲՀԿ-ն չի միացել, թեեւ նախկինում ակտիվ էր, քննադատում էր օրվա իշխանություններին, 2021 թ․ ընտրություններից հետո Ձեր քաղաքականությունը փոխվել է: Քիչ եք խոսում, չեք քննադատում, ինչո՞ւ:

- Նախ սկսենք այնտեղից, որ դեռեւս 2020 թ․ հունիսին ԲՀԿ նախագահը բարձրաձայնել է այն խնդիրների մասին, որոնց մասին այսօր շարունակաբար խոսվում է: Խոսքը թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական, թե՛ անվտանգության հետ կապված խնդիրների մասին է: Ցավոք, այս ընթացքում ոչ միայն այդ խնդիրները չեն լուծվել, այլեւ սանձազերծված պատերազմից հետո շատացել են, բազմաթիվ ոլորտներում իրավիճակն այսօր օրհասական է: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի պասիվությանը, ապա պետք է չհամաձայնեմ Ձեզ հետ, որովհետեւ 2021-ի արտահերթ ընտրություններին հաջորդած ժամանակահատվածում կուսակցությունը շարունակել է ակտիվ կուսակցական գործունեությունը թե՛ տարածքային կառույցների մակարդակով, թե՛ քաղխորհրդի կողմից անցկացվող տարբեր քննարկումների եւ միջոցառումների շրջանակներում։ Իսկ եթե հարցը վերաբերում է նրան, որ ԲՀԿ-ն պետք է միանա այս կամ այն ուժին կամ շարժմանը, ապա ԲՀԿ-ն առանձին օրակարգերի միանալու խնդիր չունի, որովհետեւ ինքնաբավ քաղաքական ուժ է եւ արտախորհրդարանական դերում էլ շարունակում է իր ակտիվ գործունեությունը։ Գագիկ Ծառուկյանը՝ որպես կուսակցության նախագահ, ամենօրյա հանդիպումներ է ունենում տարբեր մարդկանց հետ, ստանում է տեղեկություններ ամենօրյա ռեժիմով: ԲՀԿ-ն ունի իր օրակարգը եւ առաջնորդվում է դրանով:

- Երկիրը բարդ վիճակում է, Դուք նշում եք, որ ԲՀԿ-ն չունի խնդիր՝ այլ ուժերին միանալու, բայց «Դիմադրության» շարժումը քանիցս հայտարարել է, որ այս պայքարը Հայաստանը փրկելու պայքար է, պետք է կենտրոնանալ գաղափարի շուրջ….

- Մեր օրակարգում չի քննարկվել որեւէ մեկին միանալու հարց, ինչ վերաբերում է, որ մենք առկա խնդիրների մասին չենք բարձրաձայնում, միանշանակ՝ իրականությանը չի համապատասխանում: Իմ բազմաթիվ գործընկերներ պարբերաբար հրապարակային խոսել են առկա խնդիրների մասին:

- Միայն հրապարակային ելույթները բավակա՞ն են:

- Այն, որ այս իրավիճակը պետք է հանգուցալուծվի` միանշանակ է, հանգուցալուծումը պետք է լինի բացառապես քաղաքական ճանապարհով, որովհետեւ այլ ճանապարհի մասին խոսելն այս պահին վտանգավոր է: Քաղաքական ճանապարհներից մեկը, գուցե, արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումն է: Քաղաքակիրթ պրակտիկայում եղել են նման նախադեպեր, երբ այսպիսի իրավիճակների հանգուցալուծումն անգամ 2-3 արտահերթ ընտրությունների արդյունքում է եղել, ոչ թե անձերի փոփոխության, այլ՝ համակարգային փոփոխության միջոցով:

- Եթե արտահերթ ընտրություններ լինեն, ԲՀԿ-ն կմասնակցի՞:

- Նման հարց այս փուլում քննարկման ենթակա չէ: Հնարավոր արտահերթ ընտրությունների մասին մենք կարող ենք խոսել միայն այն դեպքում, երբ նման օրակարգ հասունացած լինի:

- Ոմանք տպավորություն ունեն, որ 2021 թ․ ընտրություններից հետո ԲՀԿ-ն ընդդիմության ընդդիմություն է դարձել։

- Տարօրինակ ձեւակերպում է: Նման բան չկա եւ չի էլ կարող լինել: Շուրջ 15 տարի ԲՀԿ-ն պառլամենտում ներկայացված է եղել որպես երկրորդ քաղաքական ուժ, ծավալել է ակտիվ քաղաքական գործունեություն։ Նման բան լինել չի կարող: ԲՀԿ-ն ինքնաբավ եւ կայացած քաղաքական ուժ է, ճանապարհ անցած:

- «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էլ, որ նախկինում ընդդիմություն էր, այժմ զբաղված է ընդդիմադիրներին եւ այս շարժումը սեւացնելու «սուրբ» գործով: Էդմոն Մարուքյանը նշանակվեց հատուկ հանձնարարություններով դեսպան, եւ ԼՀԿ-ն դարձավ իշխանությունների ջատագովը: Հետաքրքիր է` ԲՀԿ-ին իշխանությունների կողմից պաշտոններ ստանալու առաջարկներ եղե՞լ են:

- Էդմոն Մարուքյանի պաշտոն ստանալը կամ «Լուսավոր Հայաստանի» քաղաքական գործունեությունը, կամ դրա բացակայությունը բացառապես իրենց դաշտն է: Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ապա վստահաբար ասում եմ, որ եթե նման գործընթաց լիներ, հանրությունն անպայման իրազեկված կլիներ:

- ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց: Խոսվում է խաղաղության նոր համաձայնագրի մասին, նոր զիջումների մասին, ԲՀԿ-ն ի՞նչ է մտածում այդ մասին:

- Կարծում եմ՝ Հայաստանի եւ Արցախի ճակատագրով մտահոգված յուրաքանչյուր քաղաքացի մտահոգվել է այդ հայտարարությունից, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: ԲՀԿ-ն բազմիցս հայտարարել է, որ Արցախը որեւէ դեպքում չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ Շառլ Միշելի այդ լղոզված հայտարարությունը` էթնիկ փոքրամասնությունների հետ կապված, մեզ համար բացարձակ անընդունելի է: Մենք բազմիցս ասել ենք` Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։