Հենց հրապարակեն երկրի ղեկավարի, նախարարների անունները, շարժումը նոր թափ կհավաքի

Հենց հրապարակեն երկրի ղեկավարի, նախարարների անունները, շարժումը նոր թափ կհավաքի

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն է:

- Փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմադիրները նշում են, թե իրենց պայքարն օր-օրի նոր թափ է առնում, սակայն դեռեւս չեն լուծել լիդերի հարցը կամ գուցե լուծել են, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում բարձրաձայնել այդ մասին: Լիդերի բացակայությունը չի՞ կարող խանգարել շարժմանը:

- Այո, իսկապես լիդերի հարցը կարող է խանգարել այս փուլում, որովհետեւ շատ քաղաքացիներ ուզում են հասկանալ, թե պայքարի արդյունքում երկրում ինչ փոփոխություններ են տեղի ունենալու: Տարիներ շարունակ Հայաստանում ամեն բան իրապես կախված է եղել ոչ միայն ծրագրերից, այլեւ ծրագրերն իրականացնողներից: Մարդիկ հիմա չափազանց կարեւորում են, թե ով է լինելու շարժման առաջնորդը: Երկու օր առաջ ընդդիմադիրները խոսեցին առաջնահերթ հարցերի, դրանց կաեւորության մասին, սա ինչ-որ առումով ակտիվություն, նաեւ բովանդակություն բերեց հանրային քննարկումներում։ Սակայն երկրորդ կարեւոր հարցն այն է, թե ով է լինելու երկրի ղեկավարի թեկնածուն։ Այս հարցը մնում է բաց: Իմ խորին համոզմամբ, հենց լինի երկրի ղեկավարի անունը, շրջանառվեն հնարավոր նախարարների անունները, հասարակության շրջանում այդ առումով հարցեր չեն առաջանա, սա ինչ-որ առումով խթան կհանդիսանա, որպեսզի շարժումը նոր թափ հավաքի:

- Ինչո՞ւ է լիդերի հարցում ընդդիմությունը հապաղում: Պատճառը, նպատակը ո՞րն է:

- Անկեղծ ասած, դժվարանում եմ պատասխանել: Կարծում եմ` թեկնածուներ կան, որոնց մասին կարելի է մտածել: Իմ կարծիքով` հանրահավաքին ներկայացված ծրագրերը վատը չէին, իհարկե՝ ոչ ամբողջությամբ, սակայն լավ մշակված ծրագիրն առկա է: Իսկ թե ինչու չեն ներկայացնում, այս մասով ինչու են լռում, ենթադրում եմ, թե պատճառն այն է, որ հասկանալի չէ, թե իշխանափոխությունից հետո երկրում ինչ իրավիճակ է լինելու․ սա կախված է իշխանափոխության ձեւից, բնույթից: Չեմ բացառում, որ գուցե լիդերի հարցում վերջնական համաձայնություն չկա, որովհետեւ, որքանով ես եմ տեղյակ, ընդդիմությունն «արջը չմորթած՝ կաշին կիսել չի ցանկանում»:

- Այսօրվա եւ 2018-ի պայքարների միջեւ համեմատություններ են արվում: Ի՞նչ զուգահեռներ կտանեք Դուք:

- Զուգահեռները հիմնականում վերաբերում են գործիքակազմին: 2018-ին էլ, հիմա էլ երթեր են իրականացվում, ճանապարհ փակում, սակայն բովանդակային առումով շատ տարբեր են: Իշխան Սաղաթելյանն էլ երեկ նշեց, որ նոր հեծանիվ չենք հորինելու: Իրականում, նմանությունը միայն գործիքների միջեւ է, եւ հենց սրանով էլ ավարտվում են զուգահեռները: Այն արժեքները, որոնք քարոզվում են, եւ այն նպատակները, որոնք այսօր հռչակվում են, բավականին տարբեր են, եթե համեմատական անցկացնենք 2018-ի իշխանափոխության լոզունգների հետ: Զուգահեռներ անցկացնելու տեղ ես չեմ տեսնում:

- Ուժայինները խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ են կիրառում: Իսկ 2018-ին ինչո՞ւ այս երեւույթը չկար:

- Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ անում է ուժի միջոցով: Ուժայինների պահվածքը բավականին անշնորհք է` մեր քաղաքացիների նկատմամբ: Սա արժանապատվությունը վերականգնելու պայքար է, հետեւաբար, դրա ֆոնին ուժայիններն առավել վայրի են դառնում, մարդկանց ձեռնաշղթա հագցնում: Նորից ինչ-որ տարածքներ զիջելու մասին է խոսք գնում, հասկանալի է, թե այս ամենն ուր է տանում: Ակնհայտ է, որ ակցիա իրականացնող քաղաքացիները հանցագործներ չեն, եւ որեւէ վտանգ չկա նրանցից:

- Կա՞ բախումների վտանգ:

- Լիահույս եմ, որ բախումներ չեն լինի, սակայն վտանգ կա միանշանակ, եթե հաշվի ենք առնում, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ինչերի է ընդունակ քաղաքացիներին լռեցնելու համար: Խոսքը միայն ոստիկանների կողմից կիրառվող բիրտ ուժի մասին չէ, այլեւ ուղարկված սադրիչների, նրանց կողմից հրահրվող քայլերի մասին է խոսքը, ինչը երբեմն-երբեմն հաջողվում է նրանց: Եթե 500 կամ գուցե 1000 քաղաքացու մասնակցությամբ միջադեպերը վերահսկել հնարավոր է, ապա մեծ երթերի ժամանակ, ցավոք, իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ: Փողոց դուրս եկած քաղաքացիներին պետք է զգուշացնել, որպեսզի մարդիկ սադրանքներին չտրվեն։