ՀՀ իշխանությունները Արցախի հարցում Ադրբեջանի հետ ունեն մեկ կոնսենսուս

ՀՀ իշխանությունները Արցախի հարցում Ադրբեջանի հետ ունեն մեկ կոնսենսուս

«Հրապարակի» զրուցակիցն է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը:

-Հայտնի դարձավ, որ Արցախում մոտ երկու օր առաջ սպիտակ ֆոսֆորով չպայթած հրթիռ է հայտնաբերվել: Հայկական կողմը կարո՞ղ է դա օգտագործել մեր օգտին:

-Ոչ միայն կարող ենք, այլ պարտավոր ենք այդ ամենը մեր օգտին ծառայեցնել: Բայց այստեղ կա մի կարևոր պահ էլ, արդյոք մենք այդ նպատակն ունենք կամ արդյոք մենք այդ օրակարգն ունենք: Որովհետև եթե իրականում մենք այդ օրակարգն ունենք, այդ հրթիռներից բազմաթիվ անգամ ավելի կարևոր, գոյաբանական սպառնալիքների արտահայտումներ եղել են, որոնք մենք մինչև այսօր որևիցե կերպ չենք կապիտալիզացրել ու չենք էլ բարձրաձայնել: Հիմա սա ևս մեկ հնարավորություն է, բայց մենք պիտի հասկանանք՝ այդ նպատակն ունենք, թե՞ չունենք, որ դա օգտագործենք: Սա է խնդիրը:

-Դատելով լռությունից, հասկանալի է, որ մեր իշխանությունները այդ նպատակը չունե՞ն:

-Իհարկե, չունեն, որովհետև իշխանությունների փաստացի մեսիջը միջազգային հանրությանը այսպիսին է՝ մենք և Ադրբեջանը Արցախի շուրջ ունենք կոնսենսուս, փոխհամաձայնություն, դուք ինքներդ իրար մեջ չունեք կոնսենսուս, մենք ունենք այդ կոնսենսուսը, երբ  դուք այդ կոնսենսուսը ձեր մեջ գտնեք՝ մենք բոլոր ելքերին  համաձայն ենք: Սա է հիմնական մեսիջը, մենք պետք է սա հասկանանք: Դրա համար ամեն անգամ պրոյեկտել, որ հայկական կողմը ինչ-որ բան պետք է անի կամ չպետք է անի, իշխանությունների մասին է խոսքը: Մենք պետք է հստակ ֆիքսենք, որ որևէ գործողություն, որևէ քայլ հայկական կողմը չի արել, չի անում և չի էլ պատրաստվում անել, որովհետև հիմնական օրակարգը հենց սա է: Սա հոդաբաշխ ձևով շատ երկար ժամանակ արդեն ասում էին՝ մենք և Ադրբեջանը ունենք նույն օրակարգը Արցախի հարցում, դուք ինքներդ համաձայնություն ձեռք բերեք ձեր մեջ և հետո ասեք, որն է դա և մենք դա կիրականացնենք: 

-Ընդամենը օրեր առաջ սադրանքի դիմած ադրբեջանցիները պահանջում էին փակել Դրմբոնի հանքը, որ իրենք հետազոտություններ անցկացնեն և այլն: Հետո խոսք բացվեց մինիմաքսատան մասին, իսկ Վոլկովը հայտարարեց, որ սկաներ կտեղադրեն: Նման իրավիճակի պարագայում սցենարի ինչպիսի՞ զարգացումներ են հնարավոր:

-Սա այն տրամաբանության մեջ է, որ հայկական և ադրբեջանական կողմերն ունեն նույն օրակարգը, գլոբալ ունեն համաձայնություն Արցախի կարգավիճակի վերաբերյալ՝ հայկական կողմը որևիցե քայլ չի անելու: Բայց այստեղ ինչն է կարևոր, փաստացիորեն հայկական կողմը  այս տրամաբանության մեջ աչք է փակում, իր համաձայնությունն է տալիս Արցախի հայաթափմանը, որովհետև բնապահպանների քողի տակ Դրմբոնի հանք ներթափանցողներն իրենք իրականում ունեն մեկ գլխավոր խնդիր՝ նրանք պետք է կանգնեցնեն կամ իրենց վերահսկողության տակ վերցնեն Դրմբոնի հանքը: Որովհետև Դրմբոնի հանքում ոչ միայն աշխատում է 2000-ից ավել արցախցի, նաև ամենամեծ հարկատուն է Արցախի և եթե փաստացի Դրմբոնը չլինի կամ խոչընդոտներ ստեղծեն Դրմբոնի աշխատանքի համար, ապա Արցախը կանգնած է լինելու տնտեսական- ֆինանսական հսկայական կոլապսի առաջ: Այս պարագայում գիտենք Հայաստանի իշխանությունների վերաբերմունքն ինչպիսին է Արցախին և սա լինելու է ևս մեկ քայլ՝ դեպի Արցախի հայաթափում: Կարող է նույնիսկ ռազմական գործողություններ չլինեն, որովհետև հենց Դրմբոնի վերևում կա թուրքական դիրք, շատ հեշտ է սադրանքների միջոցով խաթարել աշխատանքը, որևէ ռազմական գործողություններ չեն գնում, բայց սադրանքների պատճառով մարդիկ կարող են սկսել չգնալ աշխատանքի, կարող է փակվի ու այսպես իրենք կանեն երկրորդ ամենակարևոր քայլը՝ Արցախի հայաթափմանն ուղղված: Ու դա նաև կլինի մեր լուռ համաձայնությամբ և պատահական չի, որ ադրբեջանական կողմն անընդհատ հայտարարում էր, որ զենքեր են գալիս, մեծ մեքենաներ են գալիս, պետք է մեծ մեքենաների մուտքն արգելվի Արցախ՝ Լաչինի միջանցքով: Իրականում սրա քողի տակ փորձում են կանխել հենց հանքանյութի արտահանումն Արցախից:
ատկերացրեք մի քանի հազար մարդ առանց աշխատանք է մնում, Արցախի բյուջեի, մոտավոր եմ ասում, մոտ քառասուն տոկոսը հենց Դրմբոնից է գալիս: Տարբեր գործոններ կան այստեղ, բայց գլոբալ առումով այս քայլը տանում է դեպի Արցախի հայաթափմանը:

-Ստացվում է, որ Արցախի հայաթափման դեմ է այս պահին ռուսական կո՞ղմը:

-Իրականում այո, բայց սա դրա համար չէ, որ Ռուսաստանը սպասարկում է հայերի շահը, Ռուսաստանը սպասարկում է իր պետական և ազգային շահը: Իրենց համար կարևոր է, որ այնտեղ ապրեն հայեր, հակառակ պարագայում իրենց ներկայությունն Արցախում կլինի չհիմնավորված, այն էլ այն պարագայում, երբ Ռուսաստանի շուրջ այսքան ծանր վիճակ է ստեղծվել: Բարդ կլինի ուղղակի ուժային կերպով այնտեղ մնալ, գոնե որևէ հիմնավորում պետք է լինի:

-Ինչպե՞ս բացատրել Արցախում հակառուսական տրամադրությունների բորբոքումն ու քարոզը որոշակի շրջանակների կողմից:

-Գիտեք դա ինչ տրամաբանությամբ կարելի է դիտարկել, այդ նույնը կարելի է դիտարկել նաև Հայաստանում: Ինչպես մենք կարող ենք բացատրել, որ Հայաստանում կա նույն հակառուսական քարոզը: Ես ոչ թե ասում եմ, որ ռուսները բացի ռազմավարական դաշնակիցներ լինելուց, իրենց շահն այն կողմ են դրել և զբաղվում են միայն Հայաստանի շահերի սպասարկմամբ, դրա մասին չէ խոսքը, ես նույն հարցն եմ տալիս, թե ինչպես կարելի է Հայաստանի համար այս ծանր իրավիճակում հակաարևմտյան լրջագույն  քարոզ իրականացնել, հակառուսական քարոզ իրականացնել այն պարագայում, երբ ընդհանրապես իրավունք չունենք մեզ համար խնդիրներ բազմապատկել: Բայց մեր խմբային շահերի սպասարկման կամ շատ այլ տարբեր բաների համար մենք ուղղակի տրվում ենք այդ օրակարգերին, որը ազգային անվտանգության սպառնալիք է:

-Վոլկովի՝ սկաների մասին հայտարարությունից հետո, Արցախի ԱԺ խմբակցությունները նրա հետ հանդիպման ժամանակ հայտնել են, որ դեմ են սկաների տեղադրմանը: Եթե սկաները տեղադրվի, հնարավո՞ր է այդ սարքից ստացվող տեղեկություններն իսկապես հայտնվեն ադրբեջանցիների ձեռքին:

-Ես չեմ կարծում, որ ռուսները հետաքրքրված են, ուղղակի այդ պահանջը երբ որ հստակ կա, նրանք փորձում են վերահսկողության տակ պահել, եթե պետք է տրվի, նրանք չեն կարողանում մերժել այդ պահանջը, ապա նրանք ավելի նախընտրում են, որ այդ սկաները լինի իրենց վերահսկողության տակ, եթե չեն կարողանում կասեցնել դրա տեղադրման գործընթացը: Իսկ հնարավոր է, թե ոչ, իհարկե, հնարավոր է, բայց ոչ ֆորմալ մակարդակում, ոչ ֆորմալ հարաբերությունների մակարդակում, հնարավոր է տեղեկություններ հայտնվեն ադրբեջանական կողմի ձեռքում:

-Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը կարող է դուրս գալ երկու երկրների սահմաններից: Երրորդ համաշխարհային պատերազմի ակտիվ փո՞ւլն է սկսվելու:

-Ես չեմ կարծում, որ դա կնշանակի համաշխարհային պատերազմի ակտիվ փուլ: Սրանով փորձում են օղակն ավելի սեղմել Ռուսաստանի շուրջ, որովհետև նույնիսկ ամերիկյան մեկ-երկու հեղինակավոր ուղեղային կենտրոններ երկու-երեք օր առաջ հորդորում էին Սպիտակ տանը, որպեսզի նման նախաձեռնություն չսկսի: Եվ այս ծրագրի շրջանակներում նաև փորձ է արվում ակտիվացնել ռուս-վրացական հակամարտությունը ուկրաինական հաջողությունների ֆոնին, տալով այդ իլյուզիան, որ իրենք ևս կարող են և պետք է գնան առաջ և ազատագրեն իրենց տարածքներն ու հողերը և բավականին լուրջ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ, որ վրացական ճակատն անպայման բացվի: Հենց դրան ուղղված մեկ-երկու ուժային կենտրոններ բավական լուրջ մտահոգություն հայտնեցին և կոչ արեցին, որ Սպիտակ Տունը զերծ մնա նման գործողություններից: Ես ավելի քան համոզված եմ, որ սա վերաբերում է ոչ թե համաշխարհային պատերազմին, այլ լոկալ հակամարտություններին, որոնք ավելի կսեղմեն այդ օղակը Ռւսաստանի շուրջ: