Քերոբյանի համար անհասկանալի դրվագներ կան՝ փոխնախարարի ձերբակալության հետ կապված

Քերոբյանի համար անհասկանալի դրվագներ կան՝ փոխնախարարի ձերբակալության հետ կապված

Պետք է առաջնորդվել անմեղության կանխավարկածով: Քանի դեռ մեղադրական դատավճիռ չկա, մարդը չի կարող համարվել մեղավոր։ 2021 թվականի հունվարի 29-ին էկոնոմիկայի նախարարությունում կրկին աղմկահարույց ձերբակալություններ եղան, սակայն 3 տարի անց էլ ձերբակալված կամ բերման ենթարկված մարդկանց վերաբերյալ դատական վճիռ չկա։ Սպասենք մինչև քննչական գործողությունների ավարտը։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով փոխնախարար Անի Իսպիրյանի ձերբակալությանը:

««Առաջին դրվագը, որը վերաբերում է Անի Իսպիրյանին, այդտեղ 2 կարևոր արտահայտություն բացակայում է՝ կաշառք բառը կամ այլ կերպով մոտիվացված լինելը և չկա բյուջեի փողերի ծախս։ Ուստի իմ համար լրացուցիչ պարզաբանման կարիք ունի, թե ինչ է նշանակում չարաշահում: Տենդերային գործընթացն անընդհատ եղել է իրավաբանների, մյուս գործընկերների, այդ թվում՝ ֆինանսների նախարարության հսկողության տակ։ Ավելի քան վստահ եմ, որ դատարանով էլ, քննությամբ էլ կպարզվի, որ գնումների մասին և դրա հետ փոխկապակցված օրենքների որևէ խախտում չի եղել։Պետք է հասկանանք, թե քննչական կոմիտեի գործընկերներն ինչ են հասկանում չարաշահում ասելով։ Պետք է բացատրեն, թե «առերևույթ կոռուպցիոն»-ը որն է։ Դա պետք է լինի կաշառք կամ իր բարեկամին ինչ-որ տենդեր նվիրել, դրա ներքո փողերի տեղաշարժ, որը չկա»,- ասաց Քերոբյանը։