Մհեր Մկրտչյանը դատի է տվել քաղաքապետարանին եւ թատրոնին

Մհեր Մկրտչյանը դատի է տվել քաղաքապետարանին եւ թատրոնին

Այս տարվա հունիսին, Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ, լուծարվել է Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը, որը զբաղեցնում էր բավականին մեծ աղմուկ բարձրացրած «Իշխանություն» եւ «Իշխանություն 2» ֆիլմերի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, ով չի թաքցնում իր ընդդիմադիր հայացքները: Ակնհայտ է, որ քաղաքապետարանի այս որոշումը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հաշվեհարդար ընդդիմադիր հայացքներ ունեցող ռեժիսորի հանդեպ: Թեպետ ռեժիսորը նշել էր, որ իր ազատվելու կապակցությամբ «վայնասուն բարձրացնելու կարիք չկա», ինքը 50-ն անց մարդ է եւ, ըստ էության, հաշտ է թատրոնից հեռանալու մտքի հետ: Մենք տեղեկացանք նաեւ, որ ինքն է դիմում գրել` ազատվելու, եւ հորդորում էր աղմուկ չբարձրացնել այդ առիթով, բայց, դրա հետ մեկտեղ, Մկրտչյանը դատական հայց է ներկայացրել Երեւանի քաղաքապետարանի եւ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի դեմ: Ռեժիսորը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ ինքը երբեք հաշտ չի եղել այն մտքի հետ, որ գեղղեկավարի հաստիքը քաղաքապետարանը կրճատել է, պարզապես նշել է, որ չի ցանկանում մեծ աղմուկ բարձրացնել։ «Ես պարզապես ասել եմ, որ վայնասուն բարձրացնել պետք չէ, բայց թատրոնից ինքնակամ չեմ հեռացել»,- նշեց նա: 

Մհեր Մկրտչյանի ներկայացուցիչը նախկին դատավոր Աննա Փիլոսյանն է, ում Կարեն Անդրեասյանն ազատեց պաշտոնից, ըստ էության, մի պատճառով, որ նա ընդդիմադիր հայացքներ ունեցող Ռուբեն Մելիքյանի կինն է: Փիլոսյանը մեզ հայտնեց, որ դատական հայց է ներկայացվել Երեւանի քաղաքապետարանի եւ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դեմ. «Երեւանի քաղաքապետարանի դեմ պահանջը վերաբերում է Մհեր Մկրտչյանի զբաղեցրած հաստիքը կրճատելու մասին որոշումն անվավեր ճանաչելուն, իսկ արտիստական թատրոնի դեմ ուղղված հայցը վերաբերում է Մկրտչյանին աշխատանքից ազատելու հրամանը ոչ իրավաչափ ճանաչելուն, ապա աշխատանքը վերականգնելուն»: Փիլոսյանի խոսքով` դատարան դիմել են օգոստոսի 21-ին, օգոստոսի 28-ին դատարանը հայցը վարույթ է ընդունել: Ըստ փաստաբանի` դեռեւս չի եղել առաջին դատական նիստը, այն, հավանաբար, կկայանա սեպտեմբերի վերջին: Հիշեցնենք, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող ռեժիսորին թատրոնից հեռացնելուց հետո իշխանություններն ամեն գնով փորձում են նույն թատրոնի տնօրենի պաշտոնում կարգել սերիալներից հայտնի դերասան Սոս Ջանիբեկյանին, ով կապ չունի այս արտիստական թատրոնի հետ, եւ թատրոնի դերասաններն էլ նրան չեն ընդունում: Բայց փոխարենը նիկոլական է: