Շառլ Միշելի խոսնակի պատասխանը «Հրապարակին» եւ հետեւած հայտարարությունը

Շառլ Միշելի խոսնակի պատասխանը «Հրապարակին» եւ հետեւած հայտարարությունը

Տպագիր մամուլում հոդվածների վերնագրերը չեն կարող ամբողջ տող կազմել կամ ավելի երկար լինել, որովհետեւ երկարաշունչ վերնագրերի դեպքում, ինչպես ժողովրդական ֆոլկլորի մեր օրերի դասականն է ասել՝ էջադրելիս «լոգիստիկ խնդիրներ» կառաջացնեն: Եթե այս հոդվածը մամուլի համար գրվելիս չլիներ, ապա իրերի դրությունը ճիշտ եւ համապարփակ ներկայացնելու համար անհրաժեշտ կլիներ վերնագիրը 18-19-րդ դարերի տրակտատների նմանությամբ ձեւակերպել. «Թե ինչ եղավ այն բանից հետո, երբ «Հրապարակ» օրաթերթը հարցեր ուղարկեց ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի խոսնակին, մեզ ինչ պատասխանեց խոսնակ Բառեն Լեյցը շաբաթավերջին, եւ ինչպես երկուշաբթի կեսգիշերին Լեյցի կողմից մեկնաբանություն տարածվեց «Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ»: 

Պարզ է, հոդվածի` նման երկար վերնագիր լինել չի կարող, սակայն իրադարձությունները թվարկված հերթականությամբ ներկայացնենք: Մայիսի 27-ին «Հրապարակում» տպագրված «ԵՄ-ի ամրագրված դիրքորոշումը եւ Միշելի հակասող ձեւակերպումը» հոդվածում տեղեկացրել էինք. 
«Երեկ երկու հարց ենք ուղարկել Բրյուսել՝ Շառլ Միշելի մամուլի խոսնակին, հարցերն ի գիտություն ուղարկվել են նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակություն, եւ խնդրել ենք հստակեցնել` արդյոք ԵՄ 2020-ի նոյեմբերի “Nagorno-Karabakh: Declaration by the High Representative on behalf of the European Union” հռչակագրի դրույթները մնո՞ւմ են ուժի մեջ եւ հանդիսանո՞ւմ են ԵՄ պաշտոնական քաղաքականություն, թե՞ ոչ: Երկրորդ հարցով խնդրել ենք նախագահ Միշելի` մայիսի 22-ի հայտարարության մի քանի նոր եւ, դժբախտաբար, գրեթե սադրիչ ձեւակերպումները հստակեցնել, մասնավորապես՝ «արեւմտյան Ադրբեջան», «Հայաստանի տարբեր հատվածների միջեւ փոխադրումներ` Ադրբեջանի միջով», «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության հարցեր»: Պատասխանները ստանալուն պես կհրապարակենք»: 
Ուրբաթ օրը` մայիսի 27-ին տպագրված հոդվածը, հասկանալիորեն, գրվել էր նախորդ օրը, իրականում մեկ օր էլ առաջ` մայիսի 25-ին, եւ հարցերն էլ Բրյուսել՝ Շառլ Միշելի մամուլի խոսնակ Բառեն Լեյցին ուղարկել էինք մայիսի 25-ին: Ուղեկցող գրությամբ խնդրել էի, որ պրն Լեյցը պատասխանի հետեւյալ երկու հարցին. 

«1. 2020-ի նոյեմբերի 19-ին Բրյուսելից տարածվեց «Լեռնային Ղարաբաղ. բարձր ներկայացուցչի դեկլարացիան` Եվրոպական միության անունից» վերնագրով դեկլարացիան: Դրանում, մասնավորապես, ասված էր. 

«Եվրոպական միությունը ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ, որ հետեւել է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնեցված նոյեմբերի 9-ի հրադադարին: (…) Ռազմական գործողությունների դադարեցումը միայն առաջին քայլն է Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտությունն ավարտելու ճանապարհին: ԵՄ-ն համարում է, որ պետք է ակտիվացվեն ջանքերը` խնդրին բանակցային համապարփակ եւ տեւական լուծում գտնելու համար` ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»։

Դրանից հետո ԵՄ-ի կողմից այլ հայտնի հայտարարություն կամ դեկլարացիա Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ չի արվել, հետեւաբար, կարո՞ղ եմ խնդրել Ձեզ հստակեցնել` վերը ձեւակերպված դիրքորոշումը շարունակո՞ւմ է արտահայտել ԵՄ պաշտոնական դիրքորոշումը, թե՞ ոչ» (“1. On 19 November 2020 a declaration was issued in Brussels, titled "Nagorno-Karabakh: Declaration by the High Representative on behalf of the European Union". That declaration, particularly, stated:
“The European Union welcomes the cessation of hostilities in and around Nagorno-Karabakh following the Russia-brokered ceasefire of 9 November agreed between Armenia and Azerbaijan. (… ) The cessation of hostilities is only a first step to end the long-standing Nagorno-Karabakh conflict. The EU considers that efforts must be renewed for a negotiated, comprehensive and sustainable settlement of the conflict, including on the status of Nagorno Karabakh”.
Since then no other known statements or declarations about the conflict in Nagorno-Karabakh were made by the EU, so could you, please, clarify does the above formulated approach continue to reflect the official position of the EU, or not?)․ 

2. Մայիսի 22-ի եռակողմ հանդիպումից հետո նախագահ Միշելի տարածած մամուլի համար հայտարարությունը պարունակում էր մի շարք նոր, բայց․ դժբախտաբար, գրեթե սադրիչ ձեւակերպումներ։ Այս առնչությամբ կարո՞ղ եմ խնդրել՝ հստակեցնել հայտարարությունում տեղ գտած հետեւյալ ձեւակերպումները.
ա) «արեւմտյան Ադրբեջան» - այս արտահայտությամբ ի՞նչ տարածք է նկատի առնվում, արդյոք Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս մինչեւ Իրան ընկած հողե՞րը, թե՞ մեկ այլ բան, եւ եթե այլ բան, ապա` ի՞նչ 
բ) «Հայաստանի տարբեր հատվածների միջեւ փոխադրումներ Ադրբեջանի միջով» - Հայաստանի ո՞ր հատվածներն է ենթադրվում, որ պետք է զարգացնեն փոխադրումներն Ադրբեջանի միջով, եւ ինչո՞ւ պետք է դա անեն
գ) «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքները եւ անվտանգությունը» - վարչապետ Փաշինյանը տեղյա՞կ էր, որ այս տիպի ձեւակերպում կարող է օգտագործվել մամուլի համար հայտարարության մեջ եւ արդյոք ընդդիմացե՞լ է դրան (President Michel’s press statement following the May 22 trilateral meeting contained number of new, but unfortunately, almost provocative formulations. In this regard could you, please, clarify the following expressions used in the statement;
a)” West Azerbaijan” - what territory does this expression cover, does it mean the lands lying outside the Nagorno-Karabakh boundaries till Iran, or something else - and what else, if so? 
b) “transit between different parts of Armenia via Azerbaijan” - which parts of Armenia are supposed to develop transit through Azerbaijan and why? 
c) “the rights and security of the ethnic Armenian population in Karabakh” - was PM Pashinyan in course that something resembling to this phrase may be used in press statement and did he protest it?).

Բնականաբար, նաեւ գրել էի, որ պատկերացնում եմ, թե պրն Լեյցի պաշտոնը զբաղեցնող անձը որքան զբաղված կարող է լինել, այդուհանդերձ, խնդրում եմ հարցերին պատասխանել որքան հնարավոր է արագ: 

Մայիսի 27-ին իմ հոդվածը տպագրվեց «Հրապարակում», որտեղ տեղեկացրել էինք, որ հարցեր ենք ուղարկել Բրյուսել, հակիրճ` նաեւ հարցերի բովանդակությունը: Հաջորդ օրն իսկապես զարմացա, երբ տեսա, որ լույս 28-ի գիշերը` Բրյուսելի ժամանակով մոտ 1-ն անց կեսին, Երեւանի ժամանակով 3-ն անց կեսին, Բառեն Լեյցի կողմից էլեկտրոնային հասցեից պատասխան է ուղարկվել ինձ: Պատասխանը հետեւյալն էր. “Dear Lusine, I am getting back to you on behalf of Barend Leyts who has no further comments beyond what is in the statement following the trilateral meeting and the President’s tweet on the Borders Commission. Kind regards, Simos / Simos Piperidis Press Officer” (թարգմանաբար` Հարգելի Լուսինե, ես Ձեզ գրում եմ Բառեն Լեյցի անունից, ով նոր մեկնաբանություններ չունի` եռակողմ հանդիպմանը հետեւած հայտարարությունում եւ սահմանային հանձնաժողովին առնչվող` նախագահի tweet-ում ասվածից այն կողմ: Հարգանքով` Սիմոս (Սիմոս Պիպերիդիս - մամուլի պատասխանատու)։

Եթե ասվում է, որ նոր մեկնաբանություն չունեն՝ առանց ինչ-որ բան վերստին կրկնելու, նշանակում է, որ հայտարարության հետ խնդիր տեսնում են: Բայց ուրբաթ գիշերվա դրությամբ դեռ հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն չէին անում: Մեկնաբանությունը տարածվեց մայիսի 31-ին, դարձյալ կեսգիշերն անց՝ Բրյուսելի ժամանակով 22:45-ին, Երեւանի ժամանակով՝ արդեն հունիսի 1-ին, 00:45-ին: Մեկնաբանությունը, ինչպեսեւ սպասելի էր, տարածվեց Բառեն Լեյցի անունից՝ «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամլո խոսնակի հայտարարությունը Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ - 31 մայիսի, 2022թ․», որի բովանդակությունն արդեն բոլորին հայտնի է:

Մամլո խոսնակի կողմից Շառլ Միշելի հայտարարությունը գրավոր մեկնաբանելը, այն էլ՝ մի ամբողջ հայտարարությամբ, պետք է, անշուշտ, Հայաստանի դիվանագիտական կորպուսի, Հայաստանում ԵՄ պատվիրակության եւ EEAS-ի պատասխանատուների աշխատանքի արդյունքն է, որ սառը ջուր լցրեց Իլհամ Ալիեւի գլխին ու դատարկախոսություններին: Մեր մարդկանց համար էլ թող սա օրինակ լինի, որ որքան էլ իրենց նյարդերը պրկված են, եւ ամեն ձեւակերպում ցավագին են ընդունում, պետք չէ կյանքը անհարկի բարդացնել, մամուլի համար հայտարարություններին վերագրել ավելի մեծ նշանակություն, քան դրանք կարող են ունենալ: