Մեկ տարի կորցրեցի`նորից 3-րդ կուրս եմ նստելու

Մեկ տարի կորցրեցի`նորից 3-րդ կուրս եմ նստելու

Դեռ հոկտեմբերին ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը հայտարարեց, որ ֆակուլտետի առաջադեմ ուսանողներից մեկը` Տարոն Մանուկյանը մայր բուհից դուրս է մնում: ՀՅԴ-ական պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին` Տարոն Մանուկյանը, որն ամիսներ շարունակ կալանավայրում էր գտնվում` Գյումրիի պապիկների հետ կապված դեպքից հետո, բուհի ղեկավարության որոշմամբ հեռացվում էր ԵՊՀ-ից` քննություններին չմասնակցելու հիմքով: Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի խոսքով` նա ֆակուլտետի ամենաառաջադեմ ուսանողներից էր, ինքը դիմել է, որ գնա եւ կալանավայրում ընդունի քննությունը, սակայն մերժում է ստացել, հիմա` քննաշրջանին չմասնակցելու հիմքով ԵՊՀ ռեկտորը նրան հեռացնում է բուհից։ 

Տարոն Մանուկյանը հոկտեմբերի սկզբին գրավի դիմաց ազատ արձակվեց կալանքից, սակայն ակնհայտ էր, որ նա իր քաղաքական հայացքների ու պայքարի արդյունքում է հայտնվել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի թիրախում: 

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ ճակատագիր է ունեցել երիտասարդը` արդյոք նա վերականգնվել է բուհում եւ շարունակում է ուսումը: Տարոն Մանուկյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ փետրվարի 1-ից մայր բուհում վերականգնվել է, սակայն` երրորդ կուրսում. «Վերականգնվել եմ, սակայն երրորդ կուրսում եմ նստելու, ես այսպես թե այնպես դրա իրավունքն ունեի, մնացյալ պրոցեսների մասով նորություն չունեմ: Ես պետք է ավարտած լինեի բուհը, սակայն ստացվեց, որ մեկ տարի կորցրի», - նշեց Տարոն Մանուկյանը:

Հարցին, թե ռեկտորի հետ չի՞ հանդիպել` զրուցել երիտասարդը, չի՞ քննարկել, թե ինչու այդպես հաշվեհարդար տեսան իր հետ, ինչի արդյունքում ուսանողը կորցրեց մեկ տարի, Տարոն Մանուկյանն ասաց. «Ես ոչ մեկի հետ չեմ խոսել, իմաստ էլ չեմ տեսնում ռեկտորի հետ խոսելու, ես նրա հետ խոսելու բան չունեմ, նրա մարդկային կերպարն ինձ համար պարզ է»