Տեսակամուրջը տապալվել է, կազմակերպիչները ժամանակին սթափվել են

Տեսակամուրջը տապալվել է, կազմակերպիչները ժամանակին սթափվել են

Օրերս տեղեկացրել էինք, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Ուկրաինա այնքան էլ սահուն չի ընթանում։ Սինանյանը մինչեւ Կիև հասնելը Օդեսայում հասցրել էր Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը քննադատող Ուկրաինայի հայերի հետ հանդիպել, ապա ուկրաինական «սեպարատիստների», որոնք այս կամ այն կերպ փոխկապակցված են Ռուսաստանի հետ, կամ էլ չեչենների հետ։

Հաղորդել էինք նաև, որ կիրակի օրը Կիևի «Հիլթոն» հյուրանոցում նախատեսված է ֆորում- հանդիպում, որը բավականին վիճահարույց է, քանի որ նախատեսվում է տեսակամուրջ իրականացնել ռուսաստանցի բլոգեր Ռոման Բաղդասարյանի հետ, ինչը ուկրաինական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել, ուստի Ուկրաինայում ՀՀ դեսպանը հրաժարվել է մասնակցել այդ հանդիպմանը, ինչի մասին Կարապետյանն անձամբ էր շաբաթ օրը տեղեկացրել ուկրաինահայ համայնքի որոշ անդամների։ 

Ուկրաինական մեր աղբյուրից փորձեցինք նոր մանրամասներ իմանալ Սինանյանի այցի հետ կապված: Պարզվեց` մեր հրապարակումը փոփոխություններ է պարտադրել կիրակի օրվա հանդիպման ծրագրում: Նախ` հրաժարվել են տեսակամուրջի մտքից, ապա դեսպանը ստիպված է եղել գնալ հանդիպմանը, որովհետև Փաշինյանից հստակ հանձնարարական է իջել՝ ամենուր ուղեկցել Սինանյանին։ Այդ հանդիպմանը նախատեսված էր, որ ելույթ է ունենալու Ուկրաինահայ համայնքի ներկայացուցիչ Հայկ Աղվանյանը, սակայն նրան թույլ չեն տվել ելույթ ունենալ ֆորումի ժամանակ։ Մեզ տեղեկացրին, որ մասնակիցներն ու կազմակերպիչները հասկացել են, որ եթե ռուսաստանցի բլոգերի հետ այդ ուղիղ եթերը կայանա եւ դրան մասնակցի ՀՀ վարչապետի հանձնակատարը, ապա դա լրջորեն վնասելու է հայ-ուկրաինական հարաբերություններին, ուստի այն կանխվել է։ 

Մեր զրուցակիցը վստահ էր, որ մենք նման հրապարակմամբ շաբաթ օրը կանխել ենք այդ վատ զարգացումները` ֆորումի կազմակերպիչները ժամանակին սթափվել են եւ այդ ավանտյուրային չեն գնացել: Չնայած` ծրագրի փոփոխություններն այնքան ուշ են իրականացվել, որ Ուկրաինայում հայկական կազմակերպություններից մի քանիսը զերծ են մնացել այդ ֆորումին մասնակցելուց։ Ուկրաինայի հայերի միության մի շարք ղեկավարներ՝ Ուկրաինայի խոշոր 5-6 մարզը ներկայացնող, երկուշաբթի օրն են Զարեհ Սինանյանի հետ հանդիպել` ՀՀ դեսպանությունում։ Քննարկվել են այդ համայնքների խնդիրները ու հետագա համագործակցության հարցեր։ 

Մեր աղբյուրը տեղեկացրեց, որ Ուկրաինայի պատերազմական իրավիճակում հայկական համայնքի որոշ ներկայացուցիչներ, ովքեր կասկածելի կապեր ունեն Ռուսաստանում կամ նույնիսկ իրենց անունով ՌԴ-ում գրանցված ըներություններ ունեն, գտնվում են ռիսկի գոտում եւ կարող են վտանգել ու հարվածի տակ դնել ոչ միայն հայ-ուկրաինական հարաբերությունները, այլև հայերի նկատմամբ վերաբերմունքն Ուկրաինայում առհասարակ։ Իսկ Կիև-Մոսկվա ուղիղ եթերը լուրջ խնդիրների եւ պառակտման առիթ կդառնար Ուկրաինայի հայ համայնքի ներսում, ու բացասական հետևանքներ կունենար։ 

Մեզ ասացին, որ շաբաթ օրը մեր լուրի հրապարակումից հետո Հայկ Աղվանյանն իր ֆեսյբուքյան էջից ջնջել է ռուսաստաբնակ բլոգեր Ռոման Բաղդասարյանի հրապարակումն այն մասին, որ Կիև-Մոսկվա ուղիղ եթեր է նախատեսվում «Հիլթոնում» կայանալիք ֆորում-հանդիպմանը։ 

Հիշեցնենք, որ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ուկրաինայում է գտնվելու մինչև դեկտեմբերի 20-ը։